ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանում և Արցախում ամենուրեք հանդիպում են մարդիկ, որոնք պատրաստ են օգնել։ Այս մասին գրում է զբոսաշրջիկ Քշիշտոֆ Զինգերը` հիշելով 2014թ-ի օգոստոսին Հայաստանում և Արցախում կատարած հեծանվավազքի մասին։ Քշիշտոֆի և նրա ընկերների արկածների մասին պատմությունը հրապարակել է լեհական Chojniczanin թերթը։
«Մեր առաջին նպատակն Արագած լեռն էր։ Դեռ վաղ առավոտ էր, բայց մենք զգացինք, որ շոգ է լինելու։ Խանութում գնեցինք կաթնաշոռ, հալվա և լավաշ, որը թխեցին հենց մեր աչքի առաջ։
Լեռան ստորոտին մեզ դիմավորեցին եզդի հովիվները։ Նրանք առաջարկեցին վրան խփել իրենց վրանների մոտ։ Երեկոյան հրավիրեցին իրենց մոտ։ Զրուցեցինք մինչև ուշ գիշեր։ Պարեցինք ավտոմեքենայի ռադիոյի տակ։ Վաղ առավոտյան արթնացանք և միանգամից սուր ցուրտ զգացինք։ Ամառը ամառ, բայց բարձրությունն իրենն ասում է։ Հայտնաբերեցինք, որ ուտելիքով տոպրակները դատարկ են. ամեն ինչ կերել էին հովիվների շները։ Նույնիսկ գովազդային բուկլետները, որոնք տոպրակների մեջ էին։ Պետք է նշել, որ նրանց տեսքն այդքան կուշտ չէր։
Սար բարձրանալու համար մենք ավելի ցածր բարձունք ընտրեցինք, որտեղ ճանապարհն այդքան բարդ չէր։ Բարձրացանք մի քանի ժամում և պառկեցինք գագաթին ննջելու։
Հաջորդ օրը մեկնեցինք հարավ` անցնելով քաղաքներով և գյուղերով։ Ամենուրեք այնքան շոգ էր ու չոր, որ մենք սկսեցինք կարոտել մեր հավերժ մռայլ լեհական երկինքը։ Օրվա վերջին վրան խփեցինք դաշտում և փորձեցինք քնել։ Ամբողջ գիշեր մեզ տանջեցին շոգն ու մոծակները։
Վերջին անգամ հայացք գցեցինք Արարատին և շարունակեցինք ճանապարհը դեպի հարավ։ Ինչպես պարզվեց, գիշերել էինք կովերի արոտավայրում։ Միայն հայերեն խոսող հովվի հետ ժեստերով խոսեցինք, նստեցինք խարույկի մոտ և գինի խմեցինք։
Հաջորդ օրը մոտեցանք Տաթևի վանքին։ Վանք հասանք ճոպանուղով` անցնելով Որոտանի սքանչելի կիրճի վրայով։ Երբ վերադարձանք, տեսանք, որ հեծանիվներին և պայուսակներին ձեռք չեն տվել։ Ուղևորների իրերն այստեղ հուսալի ձեռքերում են։
Կանգ առանք Գորիսում, որտեղից մեկնեցինք Արցախ։ Անձրևի տակ հասանք Ստեփանակերտ։ Բարեհամբույր մարդիկ, համեղ ուտելիք։
Առաջիկա օրերին մենք պետք է սար բարձրանայինք և հետո հասնեինք Սևանա լիճ։ Արցախը մեր Պենիններն է հիշեցնում (լեռներ Տատրայի մոտ, խմբ.)։ Շուրջբոլորը գրեթե ոչ ոք չկար։ Իսկ բնությունը հրաշալի էր. ուզում ես թողնել հեծանիվները և ոտքով բարձրանալ սարեր։ Երեք օր մնացինք Արցախում, ընդամենը` երեք, ու հեռանալու ցանկություն չկար։ Վերջին լեռնանցքը. այնքան էինք բարձրացել, որ ամպերին էինք հասել։ Հիանալի եղանակ էր, բայց մենք մահացու հոգնել էինք, և ուտելիքը վերջացել էր։ Մենք չէինք նախատեսել, որ անմարդաբնակ տեղեր կընկնենք։
Վերջապես մոտեցանք Սևանի ափին։ Էժան հյուրանոց գտանք։ Վախեցանք լճում լողալ. մեզ ասել էին, որ այստեղ ջուրը սառն է նույնիսկ ամռանը։ Բայց պարզվեց, որ ծորակի ջուրը նույնքան սառն է։ «Այդ դեպքում ավելի լավ չէ՞ լողալ լճում»,- մտածեցինք մենք։ Ափին մեզ շրջապատել էին լեռները, և կրկին ամայություն էր։ Հանգստացանք ճանապարհորդությունից. մենք հեծանիվով անցել էինք շուրջ հազար կիլոմետր։
Վերջին օրը զբոսնեցինք Երևանում և մեկնեցինք օդանավակայան` վերադառնալու ամենօրյա հոգսերին։
Մենք խնդիրներ ունեցա՞նք։ Միայն մոծակները։ Մերոնցից մեկին էլ դուր չեկավ հայկական կոնյակը։ Իսկ մարդիկ շատ բարեհամբույր են և պատրաստակամ»։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանը ռուսաստանցի տուրիստների համար այցելելու երկրների թոփ տասնյակում է։ Համաձայն OneTwoTrip-ի՝ ռուս զբոսաշրջիկներն այս գարնանը՝ մարտի 1-ից մայիսի 31-ն այցելելու համար ամենաշատը դիտարկում են Թուրքիան։
Երկրորդ ամենապահանջված ուղղությունն Արաբական Միացյալ Էմիրություններն են, երրորդը՝ Եգիպտոսը: Տասնյակում են ներառվել նաև Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա երկրները։
Նշվում է նաև, որ Ռուսաստանի ներսում ռուսաստանցիները ամենաշատը սիրում են Մոսկվան այցելել։ Երկրորդ տեղում Սոչին է, որտեղ կցանկանար գնալ յուրաքանչյուր տասներորդ հարցվող ռուսաստանցին:
Երրորդ տեղը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը: Ցուցակում ներառված են նաև Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը և Նովոսիբիրսկը:
Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանն աշխարհին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի նոր կողմից, բոլորովին այլ լույսի ներքո։ Նախկին մոտեցումները, հատկապես կորոնավիրուսի համավարակից ու արցախյան պատերազմից հետո, այլևս ակտուալ չեն։ Դրանում համոզված են զբոսաշրջային ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահին փոխելու` այսօրվա որոշումը որոշ մասնագետներ կապում են ոլորտում սպասվող ռեբրենդինգի հետ։ Նրանք կարծում են, որ այստեղ խնդիրը ոլորտին նոր հայացք ու նոր շունչ հաղորդելն է, այլ ոչ թե այն, թե ինչ է արվել կամ ինչ չի արվել վերջին տարիներին։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել զբոսաշրջային ոլորտը` հարմարեցնելով այն ընթացիկ իրողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի իմիջը համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա պետք է ամբողջությամբ փոխվի։
«Մենք պետք է ցանկացած հնարավորություն, իրավիճակ օգտագործենք ի շահ մեր երկրի։ Հայաստանը պետք է ցույց տա աշխարհին, որ չի պարտվել պատերազմում, այլ կռվել է անհավասար մարտում։ Դա արդեն փոխում է իրողությունը», – ասաց Ապրեսյանը։
Բացի այդ, նա կարծում է, որ Երևանը պետք է օգտվի տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակումից, այդ թվում` ի շահ զբոսաշրջային ոլորտի։
Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջային ոլորտը Հայաստանի տնտեսության կատալիզատորն է։ Միայն 2019 թվականին 1 մլն 894 հազար զբոսաշրջային այցելությունից համախառն եկամուտը 1.5 մլրդ դոլար է կազմել, որից բյուջե մոտ 300 մլն դոլար մաքուր եկամուտ է մտել։
Ապրեսյանը նշեց, որ ոլորտում շատ բան փոխելու կարիք կա։ Նախևառաջ պետք է սկսել պետբյուջեից ոլորտի, նրա մարքեթինգի ու խթանման համար հատկացվող միջոցների ավելացումից։ Այսօր անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել դիվանագիտական լծակները և համախմբել սփյուռքի ներուժը հատկապես Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններում։
Այս համատեքստում նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է սկսեն բանակցել հատկապես հարևան Վրաստանի և Իրանի հետ ցամաքային սահմանները բացելու մասին։ Բանն այն է, որ փակ ճանապարհները խանգարում են, այդ թվում` նաև տարածաշրջանային զբոսաշրջության մշակմանն ու զարգացմանը։ Նա համոզված է, որ Երևանը պետք է բացատրի հարևաններին, որ դրանից ոչ միայն ինքն է կորցնում, այլև նրանք։
«Մենք պետք է սեղմ ժամկետներում դուրս գանք զբոսաշրջային այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, վերականգնենք այցելությունների այն ռեժիմը, որը կար տարբեր երկրների հետ համավարակից առաջ։ Հիշեցնեմ, որ մեզ մոտ այն ժամանակ աշխարհի ավելի քան 60 երկրների հետ առանց վիզայի ռեժիմ էր գործում», – ասաց Ապրեսյանը։
Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդլայնել աջակցման ծրագրերը բիզնեսին, որն ամենաշատն է տուժել ընթացիկ իրադարձությունների պատճառով։ Մասնավորապես խոսքը նախնական փուլում 0% տոկոսադրույքով վարկերի տրամադրման, զբոսաշրջային օպերատորների համար դրամային քաղաքականության փոփոխման (տոմսերի սակագին, շրջանառության հարկ և այլն), սպասարկման ոլորտի համար աշխատանքի արտոնյալ պայմանների մասին է։
Պատերազմն ու համավարակն իրենց «սև գործն» արեցին․ ինչպես փրկել զբոսաշրջային ոլորտը
Բացի այդ, Ապրեսյանը կարևոր է համարում դուրս բերել հասարակությանը տեղեկատվական վակուումից, որում այն գտնվում է պատերազմից հետո։ Դա խանգարում է զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, քանի որ այդ ոլորտում աշխատողները չեն կարողանում կազմել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ու ճգնաժամից դուրս գալու ծրագրեր։
Ապրեսյանն առանցքային է համարում նաև ինստիտուցիոնալ փոփոխությունների ներդրումը, օրենսդրական ոլորտի, ինչպես նաև երկրում ներդրումային միջավայրի բարելավումը։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2020 թվականի հունվար–սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 327 735, ինչը 75,5%–ով քիչ է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այնինչ 2020 թվականի համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային ճանապարհով մուտք գործելիս պետք է ներկայացվի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Հակառակ դեպքում երկիր ժամանողներին ինքնամեկուսացման ցուցում է տրվում` մինչև ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ստանալը։
Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով։ Այնտեղ պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով:
Ի՞նչ անել, որ Հայաստանը չներառվի զբոսաշրջային «սև ցուցակում»
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։
Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:
Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:
Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:
«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:
Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:



