Համով Հայաստան․ Վարդավառի աղանդերը նվաճել է Եվրոպան

257
(Թարմացված է 14:29 28.07.2019)
«Լցոնած խնձոր» թեթև աղանդերը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի նվազագույն ժամանակ և քիչ մթերք։

«Լցոնած խնձորը» ավանդական աղանդեր է, որը սովորաբար հայ տնային տնտեսուհիները պատրաստում են Վարդավառի տոնին։

«Համով Հայաստան» խոհարարական խորագիրը ներկայացնում է դրա պատրաստման եղանակը։ Այս հարցում մեզ օգնել է Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի խոհարար Աննա Մաթևոսյանը։

«Մինչև Վարդավառը հավատացյալները խնձորի պահք են պահել։ Միայն այդ օրվանից սկսած կարելի էր խնձոր ուտել։ Ուստի ճաշատեսակները պետք է համապատասխանեին տոնին։ Կանայք ավանդաբար պատրաստել են շատ համեղ և հասարակ աղանդեր՝ լցոնած խնձորներ»,  - ասաց Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ սովորաբար տոնի առթիվ պատրաստել են նաև խորոված խնձոր, տապակած խմոր՝ մեղրով և շաքարով, ինչպես նաև նազուկ (գաթայի նման թխվածք)։

Ի դեպ, մեր պատրաստած աղանդերը շատ տարածված է ոչ միայն Հայաստանում։ Որոշ տվյալներով՝ այս բաղադրատոմսն է հենց ընկած Եվրոպայում հայտնի «դարչինով և մեղրով խնձոր» աղանդերի հիմքում, որը մատուցում են պաղպաղակով կամ տաք շոկոլադով։

Մեր աղանդերը պատրաստելու համար անհրաժեշտ է խնձոր, մեխակ, դարչին, շաքարավազ, ընկույզ, մեղր և գինի։

Սկզբից հանում ենք խնձորի միջուկը, մանրացնում ընկույզը։ Լցոնում ենք խնձորները ընկույզով և մեխակով, ավելացնում շաքարավազ։

Կաթսայի մեջ մի քիչ ջուր ենք լցնում, ավելացնում երկու ճաշի գդալ շաքարավազ և դարչին։ Կաթսան դնում ենք մարմանդ կրակին և խնձորները 15 րոպե թողնում կաթսայի մեջ։ Հենց փափկում են, հանում ենք կաթսայից։

Պատրաստում ենք սոուս․ նույն ջրի մեջ ավելացնում ենք մեղր և գինի։ Եփում ենք մինչև այն մածուցիկ դառնա։ Խնձորները շարում ենք ափսեի մեջ, վրան լցնում սոուսը։

Բարի ախորժակ։

 

257
թեգերը:
Համով Հայաստան, խնձոր, Եվրոպա, Հայաստան
թեմա:
Աշխարհի խոհանոցները. Հայաստան (52)
Ըստ թեմայի
Համով Հայաստան. այսպիսի տոլմա չեք համտեսել. ավանդական ուտեստը ոչ ավանդական բաղադրատոմսով
Հոգիս թռչում է երկինք. Մարիա Զախարովան «համով» լուսանկարներ է հրապարակել Երևանից

sys_stories