Համով Հայաստան․ Երևանում յուրահատուկ աղանդեր են հորինել, քաղցրակերները հիացած են

187
(Թարմացված է 14:57 14.04.2019)
Եթե դուք քաղցրակեր եք կամ օրիգինալ համերի սիրահար, ապա այս յուրահատուկ աղանդերը հենց ձեզ համար է։ Այն հորինել են Երևանի սրճարաններից մեկում, իսկ հրուշակագործ Արևիկ Աբրահամյանը «Համով Հայաստան» խոհարարական խմբին հաճույքով ներկայացրել է քաղցրավենիքի բաղադրատոմսը։

Չնայած այդքան երիտասարդ տարիքին՝ 23-ամյա Արևիկը վարպետորեն աղանդեր է պատրաստում։ Նա մասնագիտությամբ արևելագետ է, սակայն խոհանոցում իրեն ավելի լավ է զգում։

Բաղադրատոմսը, որով հյուրասիրում են սրճարանի այցելուներին, բազմաշերտ է, ինչպես և աղանդերը՝ Բրաունի չիզքեյքը։

Բրաունիի համար օգտագործում են չորս ձու, 162 գրամ շաքարավազ, 50 գրամ ալյուր, 25 գրամ կակաո, 90 գրամ կարագ և 187 գրամ սև շոկոլադ։ Չիզքեյքի համար անհրաժեշտ է 530 գրամ սերուցքային պանիր, 180 շաքարի փոշի, մեկ ձու, երեք ձվի դեղնուց, 45 գրամ սերուցք, 20 գրամ օսլա։

Առաջին հերթին թխում ենք բրաունին։ Դրա համար հարիչով հարում ենք ձուն և շաքարավազը։ Այնուհետև նախօրոք հալեցրած շոկոլադի վրա լցնում ենք հալած կարագը։ Շարունակում ենք հարել։ Ավելացնում ենք ալյուր և կակաո։

Ստացված խառնուրդը լցնում ենք տարայի մեջ և թխում 35 րոպե՝ 180 աստիճան ջերմաստիճանով։

Զուգահեռ պատրաստում ենք չիզքեյք․ հարում ենք պանիրը և շաքարի փոշին։ Ավելացնում ենք օսլան և ձվի դեղնուցը, ձուն և սերուցքը։ Հարում ենք։ Հանում ենք պատրաստի բրաունին։ Մի քիչ սառեցնում ենք։ Պատրաստի զանգվածը լցնում ենք բրաունիի վրա։ 45 րոպե դնում ենք ջեռոցի մեջ՝ 155 աստիճան ջերմաստիճանով։

Պատրաստի աղանդերը մեկ օր թողնում ենք սառնարանում։ Հանում ենք և վայելում, բարի ախորժակ։

 

187
թեգերը:
Երևան, Հայաստան
թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (60)
Ըստ թեմայի
Համով Հայաստան. «Հրակեզ սերկևիլ» կամ հայկական թագավորական աղանդերի գաղտնիքը
Համով Հայաստան․ սաղմոնի սթեյքը ռեկորդների է հասնում․ ո՞րն է հաջողության գաղտնիքը
Համով Հայաստան․ ինչպես պատրաստել իշթար քյաբաբ` հայկական մատուցմամբ

sys_stories