Համով Հայաստան. Այս հավի հետ մատներն էլ կուտեք. պահանջված բաղադրատոմս

834
(Թարմացված է 14:10 17.02.2019)
Հավի մսի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան, սակայն մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բաղադրատոմսերից մեկը։

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակում պատմում են, թե ինչպես արագ, և ամենակարևորը, համեղ պատրաստել հավի կրծքամիսը։ Այս հարցում մեզ օգնել է Երևանի ռեստորաններից մեկի շեֆ–խոհարար Գոռ Հակոբյանը։

Գոռը 23 տարեկան է։ Անկախ երիտասարդ տարիքից, նա խոհարարական ոլորտում հաջողությունների է հասել, չէ՞ որ դրանով արդեն 8 տարի է զբաղվում։ Խոհարար դառնալ Գոռը երազում էր մանկուց, նրան ոգեշնչել է հայրը, որը նույնպես շեֆ–խոհարար է։

«Մեր գործում ամենադժվարը չկարգավորված աշխատանքային գրաֆիկն է։ Վերջին հինգ ամսվա ընթացքում ընդամենը 3 անգամ եմ հանգստացել։ Սակայն դա էլ չի խանգարում, եթե սիրում ես գործդ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Գոռը բազմաթիվ բաղադրատոմսեր գիտի, սակայն մեր նախագծի համար նա որոշեց ներկայացնել, թե ինչպես հավն ինքնատիպ պատրաստել, որպեսզի այն բուրավետ և ավելի համեղ լինի։ Ի դեպ, այս ուտեստը բավական պահանջված է ռեստորանի այցելուների շրջանում, սակայն նախևառաջ այն սիրում է ռեստորանի աշխատակազմը։

Սկզբում նախապատրաստենք բաղադրիչները. հավի միս, աղ, պղպեղ, ձիթապտղի ձեթ, բրոկոլի, բուլղարական պղպեղ, գազար, կախասունկ, հավի արգանակ։ Անցնենք պատրաստման։

Հավի կրծքամսին աղ ենք անում, վրան լցնում պղպեղ և ձիթապտղի ձեթ։ Կտրտում բրոկոլին, բուլղարական պղպեղը, գազարը և սունկը։ Ավելի արագ պատրաստելու համար կրակի վրա երկու թավա ենք դնում։ Թավաներից մեկում տապակում հավի կրծքամիսը, մյուսում` բանջարեղենը։

Երբ հավը կարմրում է, ավելացնում ենք ձեթը։ Շարունակում տապակելը։ Այնուհետև ավելացնում հավի արգանակը։ Ի դեպ, եթե արգանակ չկա, կարելի է փոխարինել եռացրած ջրով։ Շարունակում ենք տապակել, ապա գինով ենք պատում։ Հավը կարելի է նաև պատրաստել ջեռոցում։

Այնուհետև սոուս պատրաստում այն թավայի մեջ, որտեղ պատրաստում էինք հավը, այսինքն` արևածաղկի ձեթի, գինու և արգանակի մեջ սխտոր ենք ավելացնում։ Դա ուտեստին համեղ բույր է հաղորդում։ Խառնում ենք, ավելացնում դիժոնյան մանանեխ, սովորական մանանեխ, աղ, սպիտակ պղպեղ, սերուցք։ Խառնում ենք։ Կրծքամիսն ու բանջարեղենը դնում ափսեի վրա և վրան սոուս լցնում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Բարի ախորժակ։

834
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Համով Հայաստան. սիրում են թե՛ զբոսաշրջիկները, թե՛ տեղացիները. ամենաթրենդային ուտեստը
Համով Հայաստան. թխվածքի բացառիկ բաղադրատոմս, որից ոչ ոք չի գիրանում
Համով Հայաստան․ «Հույլա» կոկտեյլ՝ հրաբխի վրա աճեցված սուրճից

sys_stories