Հայաստանի հավաքականը 2022-ի Աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսեց երեք անընդմեջ հաղթանակներով ու առնվազն մինչև սեպտեմբեր կպահպանի առաջատարի դիրքը J խմբում՝ առաջ անցնելով Գերմանիայի, Իսլանդիայի ու Ռումինիայի հավաքականներից: Ազգային թիմի առաջընթացը պատահականությունների շարք չէ, այլ մի քանի կարևոր բարեփոխումների արդյունք, նոր մարզչի ազդեցություն ու նույնիսկ գլխավոր աստղի բացակայության հետևանք:
Հայաստանի հավաքականն իր կարճ պատմության ընթացքում միայն մեկ անգամ էր լրջորեն հավակնում դուրս գալ մայրցամաքային մրցաշարերի եզրափակիչ փուլ: Դա տեղի է ունեցել Եվրո-2012-ի ժամանակ, երբ Վարդան Մինասյանի թիմը հայտնվել էր Ռուսաստանի և Իռլանդիայի հետ նույն խմբում: Վերջին տուրից առաջ Հայաստանը իռլանդացիներին զիջել էր մեկ միավորի տարբերությամբ, սակայն Դուբլինում կայացած արտագնա խաղում պարտվել էր (1:2) ու սահմանափակվել խմբում միայն երրորդ տեղով: Այդ մրցաշարը աչքի ընկավ հարձակողական քառյակի՝ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Գևորգ Ղազարյանի և Մարկոս Պիզելիի տպավորիչ արդյունավետությամբ․ նրանք ընդհանուր առմամբ 19 գոլ խփեցին։
Հայաստանի հավաքականի հետագա փորձերն ընտրական խմբերում խավար էր, անելանելիություն և լավագույն դեպքում՝ նախավերջին տեղեր: Անդառնալիության կետը 2019 թվականի նոյեմբերին էր, երբ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը Պալերմոյում պարտվեց իտալացիներին 1:9 հաշվով, իսկ ավելի վաղ Հայաստանը պարտվել էր Ջիբրալթարին Ազգերի լիգայի միջոցով Եվրո-2020-ի ուղեգիր ստանալու համար խաղում:
Արդեն անհնար էր հերքել, որ հավաքականը ճգնաժամի մեջ է։ Արթուր Վանեցյանը կորցրել էր ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի կարգավիճակը, իսկ նրա փոխարեն ընտրվել էր Արմեն Մելիքբեկյանը։ Առանցքային որոշումներից մեկը Խինես Մելենդեսի հայտնվելն էր կառույցում։ Իսպանացի մասնագետը 9 տարի ղեկավարել էր հայրենի երկրի պատանեկան հավաքականները, իսկ այժմ նման պաշտոն էր զբաղեցրել հայկական ֆուտբոլում: Կարիերայի մեծ մասը նա աշխատել էր նաև «Ալբասետե» ակումբում։
Խինես Մելենդեսը գլխավոր մարզչի պաշտոնում առաջարկեց իր հայրենակից Խոակին Կապառոսի թեկնածությունը։ «Սևիլիայի» հետ նրա կարճաժամկետ պայմանագիրն ավարտին էր մոտենում:
Հենց նրա ղեկավարությամբ համաշխարհային աստղեր դարձան Կառլոս Մարչենան, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Խեսուլին, Սերխիո Ռամոսը, ինչպես նաև բրազիլացիներ Դանի Ալվեսն ու Ժուլիո Բապտիստան:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությանը թերահավատորեն մոտեցան, քանի որ վերջին 10 տարիներին Կապառոսը «փակում էր» «Սևիլիայում» թափուր պաշտոնները, ոչինչ չէր հասել իսպանական անդերդոգներում, դեռ երբեք չէր աշխատել ազգային հավաքականներում: Այդ պատճառով էլ նրա այցը Հայաստան մոտավորապես ընկալում էին որպես զբոսաշրջային այց Կատար, որտեղ իսպանացին 2017-ին մեկ տարի էլ չաշխատեց:
Արդեն անցած աշնան արդյունքներով Հայաստանը մեծ առաջընթաց գրանցեց՝ Վրաստանի, Մակեդոնիայի և Էստոնիայի հետ հաղթելով Ազգերի Լիգայի խմբում։ Այսպիսով, հայ ֆուտբոլիստները 2018-ից ցածրագույն եվրոպական D խմբից բարձրացան երկրորդ՝ B խումբ, որն այս պահին ներկայացնում են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ անընդմեջ չի պարտվում 8 պաշտոնական խաղերում։
Հավաքականի հաջողություններում կարևոր դերակատարություն ունեցավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի բարեփոխումը, որի համաձայն ֆուտբոլիստները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, այլևս լեգեոներներ չեն համարվում: Դա ազատեց ՀՖՖ-ի ձեռքերը, այն «ստացավ» Արշակ Կորյանին, Խորեն Բայրամյանին և Դավիթ Յուրչենկոյին։
Հատկապես վերջին երկուսը ուժեղացրել են Կապառոսի հավաքականը։ «Ռոստովի» կիսապաշտպանը մասնակցել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի բոլոր երեք հանդիպումներին՝ աչքի ընկնելով մեկական գոլով ու գոլային փոխանցումով, իսկ Յուրչենկոն ամուր զբաղեցրել է իր տեղը դարպասի մոտ:
Իսկ Ռումինիայի հավաքականի հետ խաղում հզոր նորամուտով աչքի ընկավ «Կրասնոդարի» սան Էդուարդ Սպերցյանը։ 20-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո ու 11 րոպե անց բացեց խաղի հաշիվը, իսկ 89-րդ րոպեին վաստակեց 11 մետրանոց հարված, որը 3:2 հաշվով հաղթանակ բերեց Հայաստանին:
Հավաքականի համալրման ընթացքում ֆեդերացիան դիմել է նաև քաղաքացիության շնորհմանը։ Նիգերիացի Սոլոմոն Ուդոն Aspire Academy-ի Սենեգալի մասնաճյուղի սանն է։
Նրան բելգիացի սկաուտներն են Եվրոպա տեղափոխել, իսկ հաջորդ հինգ տարիներին նա աչքի է ընկել Հայաստանի առաջնության չորս տարբեր ակումբներում։ Հավաքականում աֆրիկացին հայկական անձնագրով ցեմենտում է հենակետային գոտին։
Ազգային թիմում խաղում է նաև կոլումբացի Վբեյմար Անգուլոն, որը տեղական ազգային առաջնությունում հինգ տարի մնալուց հետո նույնպես քաղաքացիություն է ստացել:
Ֆեդերացիային պետք է առանձին գովել հայկական ծագում ունեցող արտասահմանցի ֆուտբոլիստների հետ աշխատելու համար։ Նրանցից է արգենտինացի ֆուտբոլիստ Լուկաս Սելարաիանը, որը խաղում է Ֆուտբոլի բարձրագույն լիգայում (MLS) «Կոլամբուս Կրյուի» կազմում։ Ճիշտ է, կորոնավիրուսի համավարակի պատճառով նա դեռ չի հասցրել նշել նորամուտը Հայաստանի հավաքականում։
Այդ շարքում են նաև գերմանական անձնագրեր ունեցող Ալեքսանդր Կարապետյանն ու Սարգիս Ադամյանը, դանիացի Էդգար Բաբայանը, շվեդ Անդրե Կալիսիրը, արգենտինացի Նորբերտո Բրիասկոն ու կոլումբացի Խորդի Մոնրոյը:
Հայաստանի հավաքականի վերջին արդյունքների հետ կապված պատմության մեջ գլխավոր պարադոքսը Հենրիխ Մխիթարյանի նվազագույն հիշատակումն է։ Եվ դա այն դեպքում, երբ Դորտմունդի «Բորուսիայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը «Ռոմայի» կազմում անցկացնում է լավագույն մրցաշրջանը, թերևս, 2016 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Միկին Բունդեսլիգայի լավագույն խաղացող էր ճանաչվել:
Նոր մարզչի օրոք Հայաստանի հավաքականը չորս համատեղ հավաք է անցկացրել, սակայն Հենրիխը կարողացել է ներկա գտնվել միայն մեկին՝ 2020-ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ Հայաստանը Ազգերի լիգայի շրջանակում ոչ-ոքի խաղաց Վրաստանի և Էստոնիայի հետ։ Հետագա բոլոր հանդիպումներն ազգային թիմի ավագը բաց է թողել կա՛մ վնասվածքների, կա՛մ կարանտինի պատճառով։
Դժվար է վերլուծել, թե որքանով է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի բացակայությունն օգնել կամ թուլացրել Խոակին Կապառոսի թիմին, սակայն կարևոր է նշել իսպանացի մասնագետի մարտավարական ճկունությունը: «Ռոմայի» կիսապաշտպանի առկայության դեպքում հայերը ցուցադրել են միայն մեկ հարձակվողի, որի օրոք փլեյմեյքերի դերում հանդես է եկել ինքը՝ Հենրիխը։
Ավագի կորուստը մարզչական շտաբը փոխհատուցել է երկու հարձակվողներով՝ Սարգիս Ադամյանով ու Նորբերտո Բրիասկոյով: Հատկանշական է, որ երեք հանդիպումներում հարձակողական դուետը ոչ մի գոլ չի խփել, փոխարենը առաջատարի որակները ճիշտ պահին դրսևորել են Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս է եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գերծանր քաշային կարգի կիսաեզրափակչում Փափազյանը փայլուն հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալել է մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մարտը:
«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննես Փափազյանը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում, 4։3 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Միխաիլ Սավային, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։
Անդրեասյանը շատ հաջող սկսեց մրցաշարը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով առավելության հասնելով Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգայի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայել Կասումովի հետ։ Ցավոք նրան Արմանը զիջեց մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։
79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, Ավագյանը հնարավորություն ունեցավ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու, հաղթելով մակեդոնացի Դեյան Միտրովին, իրավունք վաստակեց բրոնզե մեդալի համար գոտեմարտելու։ Սակայն հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց վրացի Նիկա Կենտչաձեին։
Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց
Այսպիսով` Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը վաստակեց բրոնզե մեկ մեդալ։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում բացակայում էին օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակած Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, որոնք նախապատրաստվում են արդեն օլիմպիական մրցաշարին։ Ապրիլի 22-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Ցեղասպանության տարրեր եղել են Արցախյան պատերազմի օրերին` խոսքը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների, ռմբահարումների մասին է։ Բացի այդ, խաղաղ բնակչությանն իրենց բնակավայրերից արտաքսումը նույնպես ցեղասպան դրսևորում է»,–ասաց Մարությանը։
Նա հավելեց նաև, որ պատերազմի առաջին օրվանից փորձել են կապվել իրենց գիտական գործընկերների հետ, և շուրջ 160 նամակներ են ուղարկել ցեղասպանության թանգարաններ, գիտական կենտրոններ։ Որոշ կենտրոններից արձագանքներ եղել են, որոշները լռել են։
Մարությանի խոսքով` բացի այդ, պատերազմը ցույց տվեց, որ մենք օտար լեզվով մեր գիտական նյութերը ներկայացնելու խնդիր ունենք։ Հենց դրա հետ կապված էլ 2022-ին գիտաժողով կանցկացվի, որը կանդրադառնա այն թեմային, թե ինչպես է պետք դասավանդել Հայոց ցեղասպանության թեման։ Մարությանը նշեց` այստեղ աշխատելու և մտածելու տեղ կա։
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի քաղաքականությունը փոխելու փորձ չի եղել. Մարության
Նա հայտնեց նաև, որ թանգարան–ինստիտուտի ներքին ռեսուրսներով խումբ են բացել, որը կուսումնասիրի արցախյան հիմնահարցը, Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները։