Послематчевая пресс-конференция главного тренера сборной Армении Хоакина Капарроса (31 марта 2021). Еревaн

«Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերածով». Խոակին Կապառոս

226
(Թարմացված է 22:51 31.03.2021)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երբևէ, ոչ մի մրցաշարում չէր մեկնարկել 3 անընդմեջ հաղթանակներով։ Աշխարհի 2022 թվականի ընտրական խմբում ցույց տված արդյունքը դժվար կլինի նույնիսկ կրկնել։ Մերոնք մինչև սեպտեմբեր J խմբի առաջատարներն են հաստատ 100 տոկոսանոց արդյունքով։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Հայաստան-Ռումինիա ընտրական հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականի գործողություններում ընդգծեց հաղթանակի հասնելու մեծ ցանկությունն ու կամային որակները։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը արժանին մատուցելով մեր ընտրանու հերթական հաղթական խաղին նշեց․

«Վիճակահանությունից հետո պարզ էր, որ մեր խմբում շատ ուժեղ հավաքականներ են ընդգրկված։ Բայց ես միշտ էլ հավատացել եմ մեր հավաքականի ֆուտբոլիստներին, ու հիմա կարող եմ ասել, որ նրանք առանց բացառության հասկանում են, թե ինչ բան է կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։ Այս հաջողությունը մեր երկրի՝ Հայաստանի, մեր թիմի, մեր ժողովրդի հաղթանակն է» - ասեց Կապառոսը։

Խոսելով երկրորդ խաղակեսում մեր թիմի խաղի մասին՝ մարզիչը նշեց խաղի նրբությունների մասին․ «Ռումինացիները մեկնարկային կազմում 6-7 ֆուտբոլիստներ էին փոխարինել, ու մենք երբեմն չէինք հասցնում նրանց արագությանը։ Բայց մեր հավաքականը հաղթանակի մեծ ձգտումով էր դուրս եկել խաղադաշտ, ու տղաները անմնացորդ նվիրվեցին։ Եվ հաղթանակի հասնելու ցանկությունը մերոնք ապացուցեցին նախ հաղթելիս, հետո պարտվելիս։ Իրենց մեջ ուժ գտան ու դժվարին խաղում արժանի հաղթանակ տարան։ Երկրորդ խաղակեսում լավ խաղալը մեր թիմի համար աստիճանաբար պետք է ավանդույթ դառնա, դրա համար ժամանակ է հարկավոր»։

Խոակին Կապառոսը վստահ է` Ռումինիայի հետ խաղը դժվար է լինելու. ինչպես է նա դա բացատրում

Կապառոսի համար նաև շատ կարևոր էր, որ վեց օրվա ընթացքում Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ արդյունքը թիմը ձեռք բերեց առանց իր առաջատարի՝ Հենրիխ Մխիթարյանի․ «Ես այն թիմերում, որոնցում աշխատել եմ, միշտ էլ ավելի բարձր եմ գնահատել թիմային խաղը, ինչով էլ մենք հասանք այն արդյունքին, որը ունենք։ Բայց ձեռք բերածով չպետք է բավարարվել ու պետք է շարժվել առաջ»,- ասաց մարզիչը։

Աշխարհի 2022 թ. առաջնության հաջորդ հանդպումը Հայաստանի հավաքականը անցկացնելու է սեպտեմբերի 2-ին։ Այդ օրը մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

226
թեգերը:
Ռումինիա, Հայաստան, ֆուտբոլ, Խոակին Կապառոս
Ըստ թեմայի
Ինչպե՞ս հաղթել Ռումինիայի հավաքականին. մեր թիմի նախկին ֆուտբոլիստները փակագծեր են բացել
«Նոր 5:0-ներ չեմ ակնկալում»․ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը՝ առաջիկա խաղի մասին
Հայաստան - Ռումինիա հանդիպման ամենավառ կադրերը
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդն է երկամարտի արդյունքներով

19
Հայ ծանրորդները հայրենիք են վերադառնալու 2-ական ոսկե և արծաթե, 4 բրոնզե մեդալներով։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտի մեդալային հաշվարկում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Մեր մարզիկները Հայաստան կվերադառնան 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներով։

Առաջին տեղում Ուկրաինան է՝ 4 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալներ, երկրորդ տեղում Բուլղարիան է՝ 3-ական ոսկե և արծաթե, 1 բրոնզե մեդալով:

Մեր հարևանները թեպետ առաջին տասնյակում են, բայց զիջում են Հայաստանին․ Վրաստանի հավաքականը 4-րդ, Թուրքիայինը՝ 7-րդ, Ադրբեջանինը 10-րդ տեղում է։

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է՝ 23 մեծ ու փոքր մեդալներով: Այստեղ առաջին երկու տեղերն անփոփոխ են՝ Ուկրաինա և Բուլղարիա, երրորդ տեղում Ռումինիան է։ Թիմային հաշվարկում հարևան Վրաստանի հավաքականը 1 հորիզոնականով առաջ է անցել՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։

Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

19
թեգերը:
Հայաստան, Եվրոպա, ծանրամարտ
Ըստ թեմայի
Եվրոպայի առաջնությունում Արփինե Դալալյանը 4-րդն է
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են
Լիանա Գյուրջյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Գոռ Մինասյան

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

132
(Թարմացված է 20:29 11.04.2021)
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն ավարտվեց։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը մեր հավաքականի մեդալների հավաքածուն վերջնական տեսքի բերեցին՝  5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputni, Խաչիկ Չախոյան. Գերծանր քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտի  464 կգ  արդյունքով երկրորդն էր, իսկ Վարազադատ Լալայանը 445 կգ արդյունքով՝ երրորդը։

Գերծանր քաշային կարգի մրցումներից առաջ պարզ էր, որ վրացի Լաշա Տալախաձեի հետ հավասար պայքար մղել համարյա հնարավոր չէ։ Աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոնը իր քաշային կարգում ուղղակի բացառիկություն է։ Բայց այն, որ նրան որոշակի պայքար կարող են պարտադրել հայ ծանրորդները, դա էլ պարզ էր։ Ու վրացի ծանրամարտիկի արդյունքին մոտ էին միայն հայ ծանրորդները։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 216 կգ արդյունքով նվաճեց արծաթե փոքր մեդալը, իսկ Վարազդատ Լալայանը 205 կգ արդյունքով վաստակեց բրոնզե փոքր մեդալը։ Լաշա Տալախաձեն սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ՝ 222կգ, նվաճեց ոսկե մեդալը։ Պոկում վարժության ավարտից հետո, հաշվի առնելով ծանրորդների նախնական պատվերները հրում վարժության համար, պարզ էր, որ մրցանակային եռյակը երկամարտում ինչ-որ տեղ ուրվագծվել էր։

Ու ամեն ինչ այդպես էլ եղավ։ Իրենց առաջին մոտեցումներով (240 կգ) Մինասյանն ու Լալայանը հաստատեցին իրենց մեդալը երկամարտում։ Մնում էր հասկանալ թե ով ինչ մեդալ է վաստակելու։ Գոռ Մինասյանը երկրորդ մոտեցումով գլխավերևում պահեց 248 կգ-ը և քանի, որ Լալայանը երկու անգամ չիրացրեց մոտեցումները 250կգ բարձրացնելիս՝ Գոռը ապահովեց արծաթը, իսկ Վարազդատը՝ բրոնզը։

Եվրոպայի առաջնությունում Արփինե Դալալյանը 4-րդն է

Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Արփինե Դալայանը որը երկամարտի 221կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը։ Ընդ որում Արփինեն հրում վարժությունում կարող էր և ավելի բարձր արդյունքի հասնել, ու բարելավել երկամարտի արդյունքը։ Բայց առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 126 կգ կշռող ծանրաձողը՝ հայ մարզուհին հետո հրաժարվեց մյուս մոտեցումներից վնասվածքի պատճառով։

Այսպիսով Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ  նվաճել է 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Առջևում օլիմպիական խաղերն են, որտեղ այս պահի դրությամբ Հայաստանը ունենալու է երկու ծանրորդ՝ մեկական տղամարդկանց և կանանց մրցումներում։

132
թեգերը:
Գոռ Մինասյան, Հայաստան, Եվրոպա, ծանրամարտ
Ըստ թեմայի
Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն
Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց
Թթի օղի

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

49
(Թարմացված է 23:02 11.04.2021)
Հայաստանի հատուկ ծառայությունները վերջին շրջանում հաճախ են բավականին կոշտ քննադատության ենթարկվում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս՝ ինչպես է հանրապետության ՊԱԿ-ն աշխատել խորհրդային ժամանակներում։

Վերջերս անընդհատ լսում ես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաճախ իր գործով չի զբաղված, լրտեսներին բռնելու, գործակալական ցանցերը վնասազերծելու, սահմանն ու պետական գաղտնիքները փակի տակ պահելու փոխարեն շեղվում է երկրորդական հարցերի վրա, մանր-մունր բաներով է զբաղվում։ Եթե այսպես շարունակվի, ապա, ինչպես պնդում են քննադատները, կարելի է կորցնել նախորդ սերունդների փորձը, ավանդույթները և մոռանալ «մկներին բռնելու» ունակությունը։

Աշնանային մի գեղեցիկ օր Երևանից ոչ հեռու գտնվող Ջանֆիդա գյուղ հեռագիր եկավ․ «Կայծ շեշտ․ Շտապ ծանր ջուր ուղարկի կետ․ Ֆանը կատաղած է կետ․ Շատ ապակե տարաներով բեռնեք կետ․ Ժամկետն անցել է կետ»։ Ստորագրությունը՝ Արթուր, Սերժ։

Այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղը կոչվում էր Ջանֆիդա։ Տեղի բնակչությունը ապրում էր խիստ սահմանային ռեժիմի կանոններով։ Մուտք գործելուց անցագիր էր հարկավոր, դուրս գալուց՝ հեռանալու թույլտվություն, բնապատկերներ լուսանկարելը խստիվ արգելվում էր, այլ քաղաքներից ժամանած հյուրերին կարելի էր ընդունել միայն ուղեկալի պետի իմացությամբ։ Եվ հանկարծ այդ հեռախոսագիրը։

Հեռագրի հետևանքներն առաջինը զգաց «Կայծը»՝ Ռոբերտ Արամայիսի Կայծունին, Ջանֆիդա գյուղի դպրոցի (այն ժամանակ՝ Հոկտեմբերյանի շրջանի, այժմ՝ Արմավիրի մարզի) ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը։

«Ձեզ հետևում են»,- գաղտնի նրա ականջին շշնջացել էր հարևան գյուղատնտեսը։

Անտեսելով հաղորդագրությունը՝ Կայծունին շարունակում էր երեխաներին գիր ու գրականություն սովորեցնել, ընդունել գյուղացիների հարսանիքների ու ծննդյան օրերի հրավերներն ու ընկերություն անել ուղեկալի պետի՝ կապիտան Զուբկովի հետ։

Անհանգստության առիթ չունեին նաև այս տարօրինակ հեռագիրն ուղարկողները։ Արթուր Կիրակոսյանն ու «Սերժը» (ձեր սյունակագիրը) ասես ոչինչ չի եղել՝ հաճախում էին Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, իսկ երեկոյան գնում էին աշխատանքի։

Աշխատանքի վայրը Հայկական ԽՍՀ կապի նախարարությունն էր, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Արթուրը երկրորդ հարկում հեռագրիչ էր, ես էլ (մի հարկ վերև) գծային-ապարատային դահլիճում միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի։ Այնպես չէ, որ լավ էին վարձատրում, բայց կրթաթոշակի հետ գրպանի ծախսերի համար բավականացնում էր։

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

... Այն ժամանակ հայերը շատ էին կարդում, իսկ բանասիրական ֆակուլտետի ուսանողները՝ ավելի շատ, և ահա անգլերենից թարգմանաբար լույս տեսավ Ռոբերտ Յունգի «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը։ Բոլորը կարդում էին այն։

Յունգը պատմում է նախապատերազմական ֆիզիկայի մեջ ատոմային զենքի գաղափարի զարգացման, հաջողության չհասած գերմանական միջուկային ծրագրի, ԱՄՆ-ում միջուկային զենքի շուրջ բուռն քաղաքական բանավեճով Մանհեթենի նախագծի մասին: Մանրամասն նկարագրված է նաև Ռոբերտ Օպենհեյմերի դատավարությունը։ Մի խոսքով, ընթերցողին ամեն ինչ հետաքրքիր ու ճանաչողական էր, բայց երեք անգամ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իմանայինք, որ ծանր ջրի հիմքով ռեակտորի ստեղծման խորհրդային նախագծի ղեկավարը մեր հայրենակից Արտյոմ Ալիխանովն էր։

Մի խոսքով, կարդալով ու նույնիսկ վերընթերցելով Յունգի գիրքը, որոշեցինք, որ ատոմային ֆիզիկայի «ծանր ջրի» արժանի անալոգը կենցաղում կարող է լինել թթի օղին, իսկ այն սարքում էին ոչ միայն Քարահունջում, այլև Ջանֆիդայում: Կայծը, որը չնչին գումարով էր գնում այն համագյուղացիներից, ուղարկում էր օղին կամ ինքն էր բերում Երևան։ Բայց հանկարծ սրտամաշ դադար առաջացավ, բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, բայց կար Արթուրը՝ հեռագրի վրա աշխատող ու պատկան մարմիններին վախեցնող մեր ընկերը։

Այստեղ պետք է նշել. ՊԱԿ-ում, իհարկե, հասկանում էին, որ բաց տեքստով նման հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ապուշ լինել, իսկ ԿՀՎ-ում կամ այլ օտարերկրյա հետախուզությունում ապուշների դժվար թե պահեն։ Այնուամենայնիվ, հեռագրում «ծանր ջուր» կար, հայկական ԱԷԿ-ը Ջանֆիդայի մոտակայքում է, ֆրանսիական հնչողություն ունեցող «Սերժն» էլ ամեն դեպքում մեր հայկական Սերոժը չէր: Իսկ դա նշանակում է, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել վտանգը։

Արտաքին վերահսկողության որևէ նշան մեզանից ոչ ոք չէր զգացել, բայց նախազգուշացնող «ձեզ հետևում են» արտահայտությունը տեղին էր, ինչի մասին ուղեկալի ղեկավարը, կապիտան Զուբկովը մի անգամ ասել էր Ռոբերտին, քանի որ նրանք հին ընկերներ էին։

Բարեխղճորեն ավարտելով հետաքննությունը՝ պետանվտանգության կոմիտեն պետական դավաճանության փորձի նշաններ չգտավ, պարզվեց՝ «ծանր ջրի» պատմությունը թթի օղու վերաբերյալ հիմարություն էր, սակայն կանխարգելիչ միջոցառումներ ամեն դեպքում ձեռնարկվեցին:

Արթուր Կիրակոսյանին ազատեցին աշխատանքից։

«Երիտասարդները պետք է ոչ թե գիրք կարդան, այլ գործ անեն», - ասաց հեռագրատան տնօրեն, ընկեր Բաչաչյանը՝ ակնարկելով «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Ինձ չկայացած հանցագործության հանցակից ճանաչելու հիմքեր չկային, ու ես ինչպես միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի, այդպես էլ մնացի մինչ ուսմանս ավարտը։

Անհրաժեշտ բացատրություն. «ծանր ջրի», հեռագրի և օղու պատմությունն այն բանի մասին է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հատուկ ծառայությունները պարտավոր են հավասարապես լուրջ ու պատասխանատու վերաբերվել ցանկացած տեղեկատվության: Հաստատվեց՝ լավ է, չհաստատվեց՝ նույնպես լավ, գուցե նույնիսկ ավելի լավ է։ Հարցն այլ է՝ որքանով կարող է ԱԱԾ-ն հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրը, եթե վերջին երկու տարում հինգ տնօրեն է փոխվել և, ինչպես պնդում են, ուր որ է կնշանակվի վեցերորդը։

49
թեգերը:
օղի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտես
Ըստ թեմայի
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան