ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ամփոփել է իր մասնակցության արդյունքները «Airthings Masters» շախմատային առցանց մրցաշարում։
Facebook-ի իր էջում Արոնյանն իր շան հետ արված լուսանկար է հրապարակել ու գրել. «Դա լավ պայքար էր, Պոնչիկ։ Հաջորդ անգամ մենք բոլորին կհաղթենք, խոստանում եմ։ Շնորհակալություն աջակցության համար»։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը երեկ ավարտված «Airthings Masters» մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրեց։
Եզրափակիչում հայ շախմատիստը մրցում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Հունվարի 2-ին կայացած խաղի առաջին կեսից (չորս պարտիա) հետո Արոնյանը զիջում էր 1,5: 2,5 հաշվով: Հայաստանցի գրոսմայստերը չորրորդ պարտիայում պարտվեց սպիտակ խաղաքարերով, երեք պարտիա ոչ–ոքի ավարտեց:
Հունվարի 3-ին կայացել է խաղի երկրորդ կեսը։ Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել առաջին և երրորդ պարտիաներում, իսկ երկրորդում պարտվել է:
Airthings Masters. Լևոն Արոնյանը զիջում է եզրափակիչ խաղի առաջին կեսից հետո
Քառորդ եզրափակիչում Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային (2,5:1,5, 2:0), իսկ կիսաեզրափակիչում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 3:1, 2:1:
«Play Magnus Group»-ի կազմակերպած այս մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հաղթողը ստանում է 60 000 դոլար:
Հրաշքներ լինում են. Լևոն Արոնյանը վստահ է` ավելի լավ տարի է մեզ սպասում
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին` «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հավաքը կմեկնարկի հունվարի 27-ին և կավարտվի փետրվարի 12-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հավաքի շրջանակում «Արարատ-Արմենիան» ընկերական հանդիպումներ կանցկացնի։ Մրցակից թիմերը կլինեն ռուսական «Ուրալը», «Ռոդինան», «Զենիթը» և լատվիական «Ռիգան»։
Հիշեցնենք` «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը` Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, երկու անգամ հաղթել է Հայաստանի առաջնությունում:
Ազգային կոխից մինչև նարդի. Հայաստանում ու Արցախում մարզական փառատոն է անցկացվելու
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր:
Մարզական միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը, մրցումները կանցկացվեն 7 մարզաձևից.
1) Կշռաքարի բարձրացում (16 կգ, աջ կամ ձախ ձեռքով) - Անհատական մրցումներ. կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Վարժությունը կատարվում է ազատ ոճով, այն համարվում է կատարված, եթե կշռաքարը բարձրացվել և պահվել է գլխավերևում։
2) Շախմատ (անհատական մրցումներ) - Խաղի տևողությունը` 20 րոպե:
3) Նարդի (երկար, անհատական մրցումներ) - Մրցումներն անցկացվում են գործող կանոնների համաձայն՝ երեք խաղափուլով։
4) Ազգային կոխ ըմբշամարտ (պատանիներ, անհատական մրցումներ) - Մրցումներն անցկացվում են մեկ քաշային կարգով` համաձայն գործող կանոնների, քաշային կարգերն ընտրում են կազմակերպիչները:
5) Բազկամարտ (աջ ձեռքով, անհատական մրցումներ) - Մրցումներն անցկացվում են մարզաձևի գործող կանոնների համաձայն, օլիմպիական մրցակարգով:
6) Մինի ֆուտբոլ (թիմի կազմը` 8 հոգի) - Խաղերն անցկացվում են գործող կանոնների համաձայն, մինի խաղահրապարակներում։ Տարիքային սահմանափակում չկա։ Խաղի տևողությունը՝ 30 րոպե (15 + 15), 5 րոպե ընդմիջում:
7) Մասսայական վազքարշավ (1000 մետր, անհատական մրցումներ, տղա-աղջիկ) - Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցումներն անցկացվում են աթլետիկայի գործող կանոնների համաձայն։
1) Կոտայքի մարզ – սեպտեմբերի 10-15-ը (ք. Հրազդան, ք. Աբովյան, ք. Չարենցավան, ք. Նոր Հաճն, ք. Ծաղկաձոր, ք. Բյուրեղավան, ք. Եղվարդ, գ. Գառնի),
2) Գեղարքունիքի մարզ – սեպտեմբերի 11-15-ը (ք. Գավառ, ք. Ճամբարակ, ք. Մարտունի, ք. Վարդենիս, ք. Սևան),
3) Տավուշի մարզ – սեպտեմբերի 13-16-ը (ք. Իջևան, ք. Դիլիջան, ք. Նոյեմբերյան, ք. Բերդ),
4) Լոռու մարզ – սեպտեմբերի 14-18-ը (ք. Վանաձոր, ք. Ալավերդի, ք. Ստեփանավան, ք. Սպիտակ, ք. Տաշիր, ք. Ախթալա, գ. Գուգարք),
5) Շիրակի մարզ – սեպտեմբերի 15-19-ը (ք. Գյումրի, ք. Արթիկ, ք. Մարալիկ, գ. Ամասիա, գ. Աշոցք, գ. Ախուրյան),
6) Արմավիրի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Արմավիր, ք. Էջմիածին, ք. Մեծամոր),
7) Արագածոտնի մարզ – սեպտեմբերի 16-18-ը (ք. Աշտարակ, ք. Ապարան, ք. Թալին),
8) Արարատի մարզ – սեպտեմբերի 17-20-ը (ք. Արտաշատ, ք. Արարատ, ք. Մասիս, ք. Վեդի),
9) Սյունիքի մարզ – սեպտեմբերի 19-23-ը (ք. Կապան, ք. Գորիս, ք. Սիսիան, ք. Քաջարան, ք. Մեղրի),
10) Վայոց ձորի մարզ – սեպտեմբերի 22-26-ը (ք. Եղեգնաձոր, ք. Վայք, ք. Ջերմուկ),
11) Արցախ – սեպտեմբերի 18-21-ը (ք. Ստեփանակերտ, ք․ Ասկերան):
Փառատոնի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով: Պարգևատրվելու են նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:
Արցախյան պատերազմում կրած պարտությունը ոչ բոլորին է հուսահատեցրել. շատերը հիշում են Հայոց բանակի բոլոր հաղթանակները և հուսով են, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։
Sputnik Արմենիայի անցկացրած հարցախույզի ընթացքում փոքրիկները մեկը մյուսի հետևից ասացին, որ որոշել են զինվոր դառնալ։
«Զինվոր եմ ուզում դառնալ, որ կարողանամ երկիրը պաշտպանել»,- ասաց նրանցից մեկը։
Իսկ մեծահասակները խոսեցին մեր բանակի նվաճումների, ներկայի ու ապագայի մասին` մաղթանքներ հղելով Բանակի օրվա կապակցությամբ։
Մանրամասները` Sputnik Արմենիայի տեսանյութում։