ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի Sputnik. Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Մեր հայրենիքում ազգակործան ալեկոծությունը շարունակվում է: Ժողովրդի վստահությունը դեպի հայրենի կառավարությունը, կարճ ժամանակում փոխարկվել է անսահման ատելության: Դավաճան իշխանություններն արդեն Եռաբլուր սրբատեղի են այցելում զրահավահաններով և անվտանգության անձրևանոցներով: Ուժի ցուցադրման քողով ապիկար եւ ազգադավ վարչապետը շարունակում է իր դավաճանական գործողությունները՝ բզկտելով մեր հայրենիքը: Վտանգված է մեր ազգի և երկրի ինքնիշխան գոյությունը»,– նշված է հայտարարության մեջ:
Մարզաշխարհի ներկայացուցիչները նշում են, որ այլևս չեն կարող այս աղետալի վիճակի լուռ հետևողները լինել և միանում են Հայաստանի հանրապետության իրավիճակը սթափ գնահատող քաղաքացիներին:
«Օրախնդիր է վայրկյան առաջ կանգնեցնել մեր երկրի գահավիժումը և լծվել երկրի ինքնիշխանության և սահմանների պահպանության սուրբ գործին: Ցանկացած պարտություն կարող է դառնալ նոր հաղթանակների սկիզբ, բայց ոչ արյունոտ ձեռքերով խայտառակ կապիտուլիացիա ստորագրած դավաճանի առաջնորդությամբ: Պահանջում ենք վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհապաղ հեռացումն այդ պաշտոնից: Դավաճանը չի կարող շարունակել տնօրինել մեր ազգի և պետության բախտը»,–նշված է հայտարարության մեջ:
ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են համազգային անհնազանդության միջոցառումներին
Նշենք, որ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին են միացել մարզաշխարհի հետևյալ ներկայացուցիչները.
Նշվում է, որ հայտարարությունը բաց է մարզաշխարհի այլ ներկայացուցիչների միանալու համար:
Հավելենք` այսօր ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու նշել, որ կմասնակցեն 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին: Ավելի վաղ հրաժարականի պահանջով հայտարարություններ էին տարածել Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, Հայաստանի ու Արցախի զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներ, ԱԱԾ նախկին 13 աշխատակիցներ և այլն։
Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալները համատեղ հայտարարություն են տարածել
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։
Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ավարտում է մարզական կարիերան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը։
«Արթուր Աբրահամը վերջին անգամ մենամարտել է երկու տարի առաջ, դրանից հետո նա մենամարտեր չի ունեցել։ Բայց երկու տարի առաջ դեռ չէր որոշել կարիերան ավարտել», – ասաց Գրիգորյանը։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն այժմ զբաղվում է իր անձնական հարցերով, ընտանիքով, ինչպես նաև աշխատում է իր վաղուց փայփայած նախագծի վրա։
«Դեռ 10 տարի առաջ Արթուր Աբրահամը ձեռք է բերել հողատարածք իր հայրական թաղամասում` Ներքին Չարբախում, և ծրագրել է այդտեղ մշակութային կենտրոն բացել։ Կենտրոն կկարողանան հաճախել թե՛ տղաները, թե՛ աղջիկները, կլինեն տարբեր խմբակներ», – ասաց Գրիգորյանը։
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Նշենք, որ 41-ամյա Արթուր Աբրահամը 2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ Նա 2009-ից հանդես էր գալիս երկրորդ միջին քաշային կարգում։ 2015–ին նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Էդուարդ Քալանթարյանին մարզասերները Հայաստանում լավ են ճանաչում։ Նա հայտնի մեկնաբան է. ոմանք նրան միայն որպես ֆուտբոլային մեկնաբան գիտեն, բայց պարզվում է` Քալանթարյանը մեծ հաճույքով մեկնաբանում է նաև այլ մարզաձևերի մրցումները։
Թենիսն աշխարհում սիրված մարզաձևերից մեկն է։ Էդուարդի` այս մարզաձևի ընտրության «մեղավորը» հայրն է։ Սպորտին նվիրվելու գործընթացը Քալանթարյանի համար սկսվեց 5 տարեկանից, երբ հայրը նրան թենիսի խմբակ տարավ։ Դրանից հետո սպորտը Քալանթարյանի համար դարձավ ոչ միայն զբաղմունք, այլ նաև կենսակերպ ու աշխատանք։
«Հայրս թենիսի աշխարհում հայտնի շատ մոտ ընկեր ուներ` նախկին ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Հրանտ Կարապետյանը։ Հենց նրա մոտ առաջին քայլերը կատարեցի այս մարզաձևում»,–պատմում է Քալանթարյանը։
Տղան շարունակեց մարզվել է թենիսով, բայց գնալով գիտակցում էր, որ կարող էր խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում։
«Հայրս պահանջում էր, շատ ուշադիր հետևում էր թենիսի իմ մարզումներին, ես էլ մարզվում էի, որպեսզի ուժեղ թենիսիստ դառնամ։ Բայց որքան թենիսով շատ էի զբաղվում, այդքան հասկանում էի, որ ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում։ Ու ոչ բարձրաձայն հորս հետ միշտ վիճում էի, թե ինչու է ինձ թենիսի տարել, այլ ոչ թե ֆուտբոլի։ Փառահեղ թենիսիստ ինձանից դուրս չեկավ, բայց մինչև հիմա վստահ եմ` եթե ֆուտբոլի գնայի կարող էի նույնիսկ խաղալ մեր ազգային հավաքականում։ Միգուցե շատ բարձր է հնչում, բայց ես գտնում եմ, որ այդ հնարավորությունն ունեի»,- ասում է Էդուարդը։
Մարտի դաշտում մենք չենք պարտվել. ինչպես ֆուտբոլիստ խաղընկերները դարձան մարտական ընկերներ
Բանակից վերադառնալուց հետո՝ 2003 թվականին, նա մասնակցել է Համահայկական խաղերին։ «Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Հայաստանի առաջնություններում հաղթանակներ շատ եմ ունեցել, բայց ամենակարևոր հաջողությունն ինձ համար գրանցվել է Իրանում 1997 թվականին, որտեղ հաղթանակի հասա ITF (թենիսի միջազգային ֆեդերացիա) մրցաշարում։ Մինչև հիմա ITF արխիվում այդ հաղթանակը կա»,–ժպիտով հիշում է մեկնաբանը։
Իսկ ավելի ուշ թենիսը նրա համար դարձավ պարզապես հաճելի զբաղմունք և շարունակվում է այդպիսին լինել մինչ օրս։
23–ամյա պատանին շատ պատահական հայտնվում է հեռուստաշխարհում։ Ընկերը` Դավիթ Ալավերդյանը, տեղեկացնում է, որ «Հանրային հեռուստատեսությունում» մարզական մեկնաբանի աշխատատեղ կա։
«Գնացի փորձարկման, դրական արձագանքներ եկան (ժպտում է)։ Բայց այն ժամանակ «Հանրայինում» աշխատանքի անցնելու համար շատ արգելքներ էր պետք հաղթահարել։ Ու քանի որ աշխատանքի ընդունվելու գործընթացը ձգձգվում էր, մեկնեցի Մոսկվա, որտեղ իմ ընկերոջ հետ զբաղվում էի թենիսի մարզչի աշխատանքով։ Բայց երկար չդիմացա, մոտ հինգ ամիս անց վերադարձա»,–պատմում է Էդուարդը։
Այդ ընթացքում Սլավա Սարգսյանի հետ կապի մեջ լինելով իմացել է, որ կարող է արդեն անցնել աշխատանքի ու մեկնաբանել 2004թ.–ի Աթենքի օլիմպիական խաղերը։ «Առաջին ֆուտբոլային մեկնաբանությունս էլ կայացավ հենց այդ խաղերի շրջանակում։ Եզրափակիչում Արգենտինան հաղթեց Պարագվային։ Այսպես սկսվեց իմ` մեկնաբանի և լրագրողի կարիերան»,- հիշում է Քալանթարյանը։
Ուղիղ եթերում աշխատանքը մեծացնում է սխալվելու, հավանականությունը, մանավանդ եթե մրցումը կամ խաղը տևում է ժամեր։ «Ժամանակին կամաչեի այս մասին խոսել, բայց հիմա կպատմեմ, որովհետև շատ վաղուց է եղել»,–անկեղծանում է Էդուարդը։
«Հանրայինին» զուգահեռ նա աշխատել է «Հայ TV»-ում, որտեղ մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության խաղերը։ «Մի մեկնաբանության ժամանակ ես տրիբունայում տեսա մի մարդու, որը շատ նման էր հանրահայտ դերասան Ժան Գաբենին, ու ասեցի, որ նա էլ եկել է խաղին հետևելու։ Ընդմիջմանը մի երկրպագու զանգել էր հեռուստաընկերություն ու ասել, որ Գաբենը վաղուց մահացել է։ Երկրորդ կեսում ես այլևս չհիշատակեցի Գաբենին, իսկ հաջորդ օրը մեկ այլ խաղի ժամանակ ներողություն խնդրեցի իմ ասածի համար, բայց իրավիճակը փրկելու համար ասեցի` ճշտել եմ, որ տրիբունայում եղել է Գաբենի եղբայրը», - ծիծաղելով հիշում է Էդուարդը։
Քալանթարյանը երկու զավակ ունի։ Աղջիկը` Նատալին, փոքր հասակում շատ հաղթանակներ ուներ լողի մրցումներում, զբաղվում է նաև թենիսով։
Իսկ որդին` Դավիթը, դեռ հինգ տարեկան է։ «Շատ կուզեի, որ Դավիթը դառնա լավ ֆուտբոլիստ։ Անկասկած փորձելու ենք։ Բայց մեկ կամ երկու տարի հետո արդեն կհասկանանք` արդյոք կարող է որդիս ֆուտբոլիստ դառնալ», - ասում է Քալանթարյանը։
Համենայնդեպս, որդու ծնվելուց հետո ընկերները, հարազատները նրան «Բարսելոնայի» մի քանի մարզահագուստ են նվիրել` ակնարկելով, որ գուցե երեխան իրագործի հոր երազանքը։
Մեր զրույցի վերջում Էդուարդից ճշտեցի, թե ինչ մարզիկներ են նրա մոտ անջնջելի հետք թողել։ Ներկայացնում ենք նրա սիրելի մարզիկների ցանկը.
Քալանթարյանն առանձնակի շեշտեց ռուսական հոկեյի նկատմամբ իր սերը, ու չկարողացավ առանձնացնել մեկ հոկեյիստի։ «Շատ- շատ էի սիրում Սերգեյ Ֆյոդորովին, շատ էի սիրում Ալեքսեյ Յաշինին, բայց բոլորից շատ ինձ համար կա ու կլինի Ալեքսանդր Օվեչկինը»։
Էդուարդի հետ շատ երկար կարելի է խոսել տարբեր մարզաձևերի մասին։ Բայց կարծում եմ` թենիսի կորտում, ֆուտբոլի դաշտում, թե մեկնաբանի բարձրախոսի մոտ նստած` Էդուարդ Քալանթարյանն իր գործն անում է սիրով, պատասխանատվությամբ ու նվիրումով։
Ովքեր երբևէ տատիկի կամ մայրիկի գործած գուլպան հագել են, գիտեն՝ խանութներում վաճառվող անգամ ամենատաք գուլպաները դրանց չեն փոխարինում ու նույնկերպ ոտքերը չեն ջերմացնում։ Գրեթե 2 ամիս, օր ու գիշեր 8 տասնյակից ավելի տավուշցի կանայք ու աղջիկներ սեփական ձեռքերով գործված ջերմություն էին առաջնագծի զինվորին ուղարկում։ Գաղափարը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի երիտասարդ ակտիվիստ Գոհար Ասլիկյանինն էր։
Խոստովանում է՝ պատերազմի առաջին օրերին բոլորի մոտ մի տեսակ խուճապային տրամադրություն էր, անորոշություն ու սպասում։ Ստացվող հակասական լուրերն էլ ավելի էին ավելացնում խուճապը։ Պետք էր մի բանով զբաղեցնել միտքը, նպատակ գտնել և օգտակար լինել զինվորին։ Գոհարը որոշեց փորձել․առաջին ներդրումն իր ընտանիքն արեց, թելեր գնեցին ու գյուղի մի քանի աղջիկներով սկսեցին գուլպաներ գործել։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
«Մտածում էինք՝ մի 50 զույգ գործել, սահմանից սահման ուղարկել, բայց նախաձեռնության մասին իմացող ընկերներս սկսեցին գումարներ ուղարկել թելեր գնելու համար, իսկ գործողներն էլ շատացան»,- պատմում է Գոհարը։
Կարճ ժամանակ անց Բերդավանի կանանց միացան հարևան 7 գյուղերը՝ Արճիս, Պտղավան, Հաղթանակ, Կողբ, Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս, նաև Նոյեմբերյան և Այրում քաղաքները։
«Զինվորի ոտքերը՝ տաք, գլուխը՝ սառը․երբ մարդու ոտքերը սառչում են, դժվարանում է մտածել, մեր սերն ու ջերմությունն էինք ուզում ուղարկել զինվորին, որ կարողանա մտածել ու ճիշտ գործել»,–ասում է Գոհարը։
Նախաձեռնությանը միացած բերդավանցի կանանցից մեկը զինվորի մայր է, պատերազմի օրերին որդին «Եղնիկներում» էր, օրեր շարունակ նրանից լուր չկար։ Կինը, բառիս բուն իմաստով, օր ու գիշեր գուլպա էր գործում, արդյունքում միայն նա 45 զույգ գուլպա է գործել։ Գոհարը հուզմունքով պատմում է՝ երբ նրա որդին տուն եկավ, բոլորը միաբերան ասում էին. «վարձքդ ի կատար, Անահիտ ջան, այնքան օրհնանք ու սեր ուղարկեցիր տղաներին, որ տղադ էլ անփորձանք եկավ»։
Գոհարը շեշտում է՝ բոլոր գյուղերում նախաձեռնությանը միացած կանայք իրենց առավելագույն կարողությամբ աշխատում էին։ Մի ամբողջ, այսպես ասած, կազմկոմիտե էլ ունեին. գյուղերը թելեր հասցնել, պատրաստի գուլպաները վերցնել, փաթեթավորել, նամակներ գրել զինվորներին, փաթեթի մեջ քաղցր ավելացնել ու սահման ուղարկել։
«Մեզ շատերն ասում էին՝ ինչու եք այդքան տանջվում, ամեն ինչ ձեռքով անում, հիմա գործող մեքենաներ կան, այդպես ավելի արագ կլինի կամ էլ կարելի է խանութից գնել։ Բայց մեր նպատակը հենց ձեռքերով գուլպաներ գործելն էր․մայրիկներն ու տատիկներն ամեն գործված հատի հետ բարեմաղթանք ու օրհնություն էին փոխանցում տղաներին»։
Կային նաև երիտասարդ աղջիկներ, որոնք ցանկանում էին նախաձեռնության մաս կազմել, բայց շյուղ բռնել էլ չգիտեին։ Այս հարցն էլ լուծվեց․ սկսեցին ցանկացողներին գործել սովորեցնել, բայց քանի որ գուլպա գործելն ավելի բարդ ու նուրբ աշխատանք է, սկսնակների համար այլ գործ գտան։ Ոչ մի սանտիմետր թել չի փչանալու որոշեցին՝ գործելու համար ոչ պիտանի թելերից հելյունով քառակուսիներ գործել, միացնել ու մեծ, տաք ծածկոցներ ստանալ։ Դրանք էլ Նոյեմբերյանի սահմանը պահող տղաներին բաժին հասան։
Ընդհանուր առմամբ, «Սահմանից սահման․տաք գուլպաներ զինվորի համար» նախաձեռնության երկու ամիսների ընթացքում կանայք գործեցին 1200-ից ավելի զույգ գուլպա, 200-ից ավելի գլխարկ, մոտ 50 ժիլետ։
Գոհարն ասում է՝ աչքերի հոգնածությունը միանգամից անհետանում էր, հենց որ առաջնագծից հերթական արձագանքն էին ստանում, թե որքան տաք են գուլպաները։ Ստորաբաժանումներից մեկի հրամանատարից անգամ շնորհակալական տեսաուղերձ ստացան։ Սիրով և օրհնությամբ գործված գուլպաները մեծ պահանջարկ ունեին առաջնագծում։
Դեկտեմբերի վերջին նախաձեռնությունը դադարեցրեցին։ Խոստովանում է՝ բոլորի պես իրենք էլ կատարվածից թևաթափ եղան, բացի այդ օր ու գիշեր գործելուց հետո կանայք հոգնած էին։ Բայց տաք գուլպաների արձագանքներն առաջնագծից հիմա էլ են կանանց հասնում, ուստի արդեն մտածում են ոչ միայն շարունակելու, այլ ամենամյա ծրագիր դարձնելու մասին։ Տարվա ընթացքում գումար կհանգանակեն, թելեր կգնեն, իսկ աշնանը «գուլպա գործելու ամիսներ» կհայտարարեն, Ամանորին ընդառաջ հազարից ավելի զույգ կունենան ու նորից կուղարկեն առաջնագիծ՝ զինվորի ոտքերը տաք պահելու համար։
Գոհարը հույս ունի, որ այս նախաձեռնության աշխարհագրությունը կմեծանա, նաև հեռավոր համայնքներ կմիանան։ Ասում է՝ տարբեր բնակավայրերում գուլպա գործելուն տիրապետող կանայք ու տատիկներ կան, սա և՛ ինչ-որ բանով զբաղվելու առիթ է, և՛ ամենակարևորը՝ զինվորին օգտակար լինելու հնարավորություն։