Խորեն Հովհաննիսյան

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

312
(Թարմացված է 09:52 07.05.2020)
Մարզասերները շատ են կարոտել մեծ ֆուտբոլը և անհամբերությամբ սպասում են առաջնությունների վերսկսմանը։ Հայաստանը բացառություն չէ։ ՀՖՖ նախագահի խորհրդական, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի հետ զրուցել ենք հայկական ֆուտբոլի ներկա վիճակի ու հեռանկարների մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik, Մանվել Մարգարյան. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի հանդիպումները կվերսկսվեն այս ամսվա վերջին, իսկ առաջին խմբի հանդիպումները` հաջորդ ամսվա սկզբին։ Մինչև առաջնության վերսկսումը բարձրագույն և առաջին խմբերի ակումբները կարող են անցկացնել ընկերական, ստուգողական հանդիպումներ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, «Անի» ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հարկադրական պարապուրդից հետո թիմերի ադապտացիան կընթանա մի փոքր դժվարությամբ, բայցևայնպես դեռ ժամանակ կա, և ակումբներն առնվազն 90 տոկոսով պատրաստ կլինեն առաջնության վերսկսմանը։

Ի դեպ, երկրպագուների հարցը դեռ լուծված չէ։ Մարզադաշտերում նրանց ներկայությունը դեռ որոշ ժամանակ բացառվում է։ Հանդիպումներին կարող են ներկա լինել միայն ակումբներն իրենց ամբողջական կազմերով, մարզական խմբով և ադմինիստրատիվ աշխատողներով։

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ֆուտբոլային ակումբները երկու ամիս հայտնվել էին մեռյալ վիճակում։ Թիմերը ֆինանսական առումով զգալի կորուստներ կրեցին։ Այժմ բոլորը պետք է փորձեն մեկուկես ամսվա ընթացքում վերականգնվել ու պատրաստվել առաջնության վերսկսմանը։ Արվում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի առաջնությունն ավարտվի գոնե հուլիսի կեսին։ Նույնը պլանավորել են նաև եվրոպական երկրների ֆեդերացիաները։ Մեր մարզիկներն արդեն հաղթահարել են այս իրավիճակով պայմանավորված սթրեսը, թեև շարունակում են զգուշավորություն պահպանել` զերծ մնալով անհարկի շփումներից։ Ֆեդերացիան ամբողջ ընթացքում կապը պահպանել է ակումբների հետ և իր իրավասության շրջանակում փորձել է լուծում տալ առաջացած խնդիրներին»,– զրույցի ընթացում նշեց ՀՖՖ նախագահի խորհրդականը։

Хорен Оганесян
© Sputnik / Asatur Yesayants
Խորեն Հովհաննիսյան

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Համավարակով պայմանավորված իրավիճակում ֆուտբոլիստները մարզվել են անհատական ծրագրով, որպեսզի փոքրիշատե պահպանեն մարզավիճակը։ Իսկ խմբային պարապմունքների պատշաճ անցկացման համար կպահանջվի մոտ երկու շաբաթ։ Քանի որ ֆուտբոլիստները մասնագիտորեն են մոտենում իրենց գործին, պրոֆեսիոնալ են, հետևաբար հիմնականում բոլորն էլ պահպանել են մարզական ռեժիմն ու խուսափել ավելորդ քաշ հավաքելուց։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստներին կորոնավիրուսի դեմ թեստավորել են, բարեբախտաբար վարակակիր մարզիկներ չկան, այս ողջ ընթացքում տղաները գտնվել են բժիշկների մշտական հսկողության ներքո։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հեռանկարային ֆուտբոլիստների թեմային։ Մասնավորապես նրա ղեկավարած «Անի» ակումբը հավաքագրում է խոստումնալից պատանիներին, սակայն գալիս է զորակոչային տարիքը, և նրանցից շատերը մեկնում են ծառայության։ Որպեսզի այդպիսի երիտասարդների կարիերան չխաթարվի, կապը ֆուտբոլի հետ չընդհատվի, հատուկ այդ նպատակով ստեղծվել է բանակային ակումբը, որտեղ հանդես են գալու խոստումնալից ու հեռանկարային մարզիկները, որոնք կարող են համալրել ոչ միայն իրենց տարիքային հավաքականները, այլև ապագայում հնարավորություն կստանան ընդգրկվելու ազգային հավաքականի կազմում։ Դրան զուգահեռ «Անին» զբաղվում է նաև Ռուսաստանից ու Աֆրիկայից ժամանած լեգեոներների հավաքագրմամբ։ Նպատակներն ու հավակնությունները լուրջ են, ակումբը ձգտելու է հաջորդ մրցաշրջանում գրավել առաջին տեղը` ձեռք բերելով բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք։

Չեմպիոնի տիտղոսն ու երկրաշարժը. ինչպես գյումրեցի մարզիկը մեկ օրում Կանադայից Երևան հասավ

Դրսից հրավիրվող մարզիչների հարցը լեգենդար ֆուտբոլիստը նույնպես չշրջանցեց։ Նրա կարծիքով` մանկապատանեկան թիմերի, առաջին խմբի ակումբների հետ նախընտրելի է, որ աշխատեն տեղի մարզչական կադրերը, իսկ բարձրագույն խմբի ակումբների պարագայում կարելի է հրավիրել արտասահմանյան մասնագետների, որովհետև ակումբներն այդտեղ իրենց առջև լուրջ նպատակներ են դնում, մասնակցում են եվրոպական հեղինակավոր մրցաշարերին։

Ֆեդերացիան հրավիրել է մասնագետների, որոնք երկու տարի է, ինչ աշխատում են տեղի մարզիչների ու ֆուտբոլիստների հետ, ներկայացրել են ֆուտբոլի զարգացման համապատասխան ծրագիր, պարզապես պետք է մի փոքր սպասել, որպեսզի արդյունքները լինեն տեսանելի ու շոշափելի։

Մեր զրուցակիցը հայտնեց հեռանկարային մի ծրագրի մասին, որի իրականացումն իրոք կարող է խթանել հայկական ֆուտբոլը։

«Ես ծրագրում եմ իմ տնօրինությամբ ֆուտբոլային ակադեմիա հիմնադրել և այդ ուղղությամբ կատարում եմ նախնական անհրաժեշտ քայլերը, որպեսզի պոտենցիալ հովանավորներին կարողանամ ինչ–որ բան ցույց տալ ու շահագրգրռել նրանց` տրամադրելով արդյունավետ համագործակցության։ Ակադեմիայում կհավաքագրվեն 8-16 տարեկան պատանիները»,– ասաց Խորեն Հովհաննիսյանը` նշելով, որ այդ հարցում ակնկալում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լուրջ աջակցությունը, առանց որի ոչինչ չի ստացվի։

Հովհաննիսյանը շարունակում է լավատես մնալ, ավելին` նա համոզված է, որ հայկական ֆուտբոլում կլինեն բավականին լուրջ և դրական փոփոխություններ, իսկ 4-5 տարի հետո կարձանագրվի երկար սպասված վերելքը։

Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց

312
թեգերը:
Խորեն Հովհաննիսյան, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ինձ առաջարկել են գումարի դիմաց վաճառել հաղթանակս». խոստովանում է Արմեն Նազարյանը
Հպարտ եմ, որ հայ եմ. բացառիկ զրույց Իրանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի հետ
Ինչպես հայ մարզչին հաջողվեց Պետդումայի պատգամավորին դարձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
Լևոն Արոնյան. արխիվային լուսանկար

Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից

48
(Թարմացված է 22:46 25.05.2020)
Փորձագետները կարծում են, որ չնայած ծանր հոգեբանական վիճակին, Լևոն Արոնյանը հետաքրքիր խաղ է ցուցադրում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ չորս խաղերի արդյունքների համաձայն՝ Նակամուրան հաղթել է 3-1 հաշվով և մտել մրցակցության հաջորդ փուլ: Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր:

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Փորձագետների կարծիքով՝ կնոջ` շախմատիստուհի և հասարակական գործիչ Արիանա Կաոլիի մահից հետո անգամ, չնայած ծանր հոգեբանական վիճակին, Արոնյանը վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում։

48
թեգերը:
Պարտություն, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանի համար պայքարը շարունակվում է․ «Ռոման» նոր առաջարկ կանի «Արսենալին»

109
(Թարմացված է 16:15 25.05.2020)
2021 թվականին իտալական ակումբն անպայման կգնի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Իտալական «Ռոման» պատրաստվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին նոր առաջարկ անել «Արսենալին»։ Տեղեկությունը հայտնում է իտալական Il Tempo–ն։

Աղբյուրը նշում է, որ հայ ֆուտբոլիստի վարձակալության պայմանագրի ժամկետն այս ամառ լրանում է, ու «գայլերը» մտադիր են ևս մեկ տարով երկարացնել այն։

Վարձակալության նոր պայմանագրի հիմնական դրույթը լինելու է այն, որ 2021-ին ավարտվում է Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ, այդ ժամանակ արդեն հայ ֆուտբոլիստը կարող է լիարժեք պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ, ու «Արսենալն» արդեն դրամական փոխհատուցում չի ստանա: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ «Արսենալը» կարող է առաջարկել հայ ֆուտբոլիստին երկարաձգել պայմանագիրը: Բայց դա համենայնդեպս այս պահին քիչ հավանական է:

Մխիթարյանին «Արսենալը» պատրաստ է վաճառել 15 մլն ֆունտով. ինչ է ասում «Ռոման»

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», Լոնդոնի «Արսենալի» հետ պայմանագիրն ավարտվելու է 2021-ի ամռանը։ Այս մրցաշրջանի А Սերիայի ընթացքում Մխիթարյանը 13 խաղ է անցկացրել, 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ դարձել։

Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին

109
թեմա:
Հենրիխ Մխիթարյան
Ըստ թեմայի
Դոնեցկի «Շախտյորը» չի մոռանում Հենրիխ Մխիթարյանին ու նրա «թնդանոթային» հարվածները
Ալեքսանդր Կարապետյանը Հենրիխ Մխիթարյանին «Սոչի» է հրավիրել
Միայն տաղանդը քիչ է. Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է հայ երեխաների հարցերին. տեսանյութ
Հիվանդանոց

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 5–ամյա երեխա է մահացել. պատճառը դժբախտ դեպքն է

0
(Թարմացված է 12:55 26.05.2020)
Գևորգ Դերձյանը հատուկ ընդգծել է, որ 5–ամյա երեխայի մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։

Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

«Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան»,–հատուկ ընդգծել է Դերձյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են

0
թեգերը:
Դժբախտ պատահար, հիվանդանոց, Մահ, երեխա, Մասիս, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402