Մարկոս Պիզելին. արխիվային լուսանկար

Բրազիլացու հայկական հետքը. ինչպես էր Պիզելին հայերեն թարգմանում հայերի համար

1085
(Թարմացված է 00:54 12.01.2020)
2006 թվականին սկսելով իր ելույթները Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում՝ Մարկոս Պիզելին  հետագայում հանդես եկավ արտասահմանյան շատ ակումբներում: 14 տարի անց նա ավարտեց իր ֆուտբոլային կարիերան Հայաստան վերադառնալուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 11 Հունվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Արարատ-Արմենիայի» հետ պայմանագիր ստորագրած լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպված է ավարտել իր կարիերան վնասվածքի պատճառով:

Մարկոս Պիզելին վերադառնում է Հայաստան

Խոսել այն մասին, թե երբ Մարկոսը հայտնվեց Հայաստանում ու հետագայում ինչ արդյունքների հասավ խաղալով ազգային հավաքականում` «հեծանիվ հայտնաբերել» չի հաջողվի:

Իսկ ահա այն, որ Մարկոսը մեր հավաքականի մարզաշապիկը կրում էր պատվով, համբուրում այն գոլ խփելուց հետո և բացի այդ խոսում հայերեն ու թարգմանիչ աշխատում ռուսալեզու ֆուտբոլիստների համար, ասել պետք է:

Մենք չենք մոռանում երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդին իր կատարած աշխատանքի ու Հայաստանի հավաքականին նվիրվելու համար: Չէ՞ որ շոտլանդացին ասում էր ՝ «we are Armenians» (մենք հայ ենք)։ Մարկոսը դարձավ երկրորդ արտասահմանցին, որն իրեն դրսևորեց ազգային հավաքականում, ընկերացավ հայ խաղընկերների հետ ու մարզումների ու խաղի ժամանակ էլ դարձավ կապող օղակ նրանց միջև:

Պիզելի, քեզանից խելացի խաղ ենք սպասում. հայ կիսապաշտպանը միացել է ղազախներին

«Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է» արտահայտությունը տեղին է ասված Մարկոս Պիզելիի համար: Պորտուգալերենին ու անգլերենին տիրապետելով` նա խոսեց հայերեն, իսկ Ռուսաստանում ու Ղազախստանում հանդես գալու տարիներին հղկեց նաև ռուսերենը: Հավաքական ժամանած հայազգի ֆուտբոլիստները, որոնք հայերեն չգիտեին, Մարկոսի միջոցով էին անմիջապես հասկանում մարզչական հրահանգներն ու խաղի միտքը: Զավե՞շտ է։ Միգուցե։ Բայց փաստ է:

Երբ Մարկոսին Հայաստանի քաղաքացիություն էին շնորհում, ոչ ոք ֆուտբոլից բացի այլ բանի մասին չէր մտածում: Ցավալի է, անկասկած, որ թեկուզ 35 տարեկանում, բայց վնասվածքի պատճառով է ֆուտբոլիստն ավարտում կարիերան: Պիզելին հաստատ կարող էր օգտակար լինել «Արարատ-Արմենիային», և նրա ներկայությունը բարձրագույն խմբի առաջնությանը որոշակի փայլ կհաղորդեր մրցաշարին: Բայց առաջնայինը առողջությունն է, և դա քննարկելի չէ:

Հետաքրքիր է, թե ինչով կարող է զբաղվել Մարկոս Պիզելին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո: Այդ մասին «ամենահայ բրազիլացին» դեռևս ոչ մի բան չի ասել, բայց նա հաստատ կարող է կապ ստեղծել Հայաստանի հետ արդեն առանց ֆուտբոլի: Լեզուների իմացությունը և այն սերն ու հարգանքը, որ վայելում է Պիզելին Հայաստանում, նրան տալիս են այդ հնարավորությունը:

Պիզելին՝ որպես անձնավորություն, հավաքականի ու հայկական թիմերի անդորրն էր ու հաջողության գրավականներից մեկը: Խաղից առաջ նրա հետ տրամադրվում էին խաղին, իսկ հանդիպման ընթացքում ձգտում անպայման հաղթել ու գոլ խփելիս խաչակնքել: «Աղոթքն իր տեղն ուներ, թուրը` իր տեղը»:

Մարկոս Պիզելին վիրահատվել է Բրազիլիայում

Արժանին մատուցելով Մարկոս Պիզելիի` հայաստանյան հարուստ ֆուտբոլային կենսագրությանը՝ հարկ է հիշել նրա խոսքերը 2011 թվականին. «Ճիշտ է, ես Կովկասում չեմ ծնվել, բայց 99 տոկսով ինձ հայ եմ համարում և 1 տոկսով բրազիլացի, որովհետև արձակուրդներս Բրազիլիայում եմ անցկացնում»:

Հիմա Հայաստանի ազգային հավաքականի կազմում 66 խաղ անցկացրած ու 11 գոլի հեղինակ դարձած Հայաստանի քաղաքացին իր կարիերան Հայաստանում ավարտելուց հետո նորից արձակուրդ է մեկնում ծննդավայր Բրազիլիա:

1085
թեգերը:
հայերեն, ՀՖՖ, Հայաստան, Արարատ–Արմենիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Բրազիլիա, Մարկոս Պիզելի
Ըստ թեմայի
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Պիզելին տեղափոխվել է Սաուդյան Արաբիա
Մարկոս Պիզելին արդեն հայերեն գիտի. «Ամեն ինչ սկսվեց հայհոյանքներից»
Հայկական եռյակը Ղազախստանում. Օզբիլիսը, Մովսիսյանը և Պիզելին կտեղափոխվե՞ն «Ակտոբե»
Մարկոս Պիզելին վիրահատվել է Բրազիլիայում
Մարկոս Պիզելին արժանացավ 2018 թ–ի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին. տեսանյութ