Հենրիխ Մխիթարյան

Ուզում եմ ստանալ խաղաժամանակ, որն «Արսենալում» ինձ չէին տալիս. Մխիթարյանը` տեղափոխության մասին

140
(Թարմացված է 19:10 04.09.2019)
Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում խոսել է «Հայաստան–Իտալիա» սպասվող հանդիպման և իր տեղափոխության մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Անկասկած, մեր մրցակիցը շատ հզոր է, կարելի է ասել`այս  ընտրական խմբում ամենաուժեղ, բայց յուրաքանչյուր խաղում ամեն թիմ կարող է լավ խաղալ ու արդյունքի հասնել։ Այս մասին Եվրոպայի 2020թ.–ի ընտրական Հայաստան–Իտալիա հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Հարցին, թե ինչ մարզավիճակում է հիմա նա, Մխիթարյանը պատասխանեց` հիանալի։ Ու չնայած իր նախկին թիմի հետ վերջին խաղերում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս չի եկել, բայց, իր խոսքով, լիովին պատրաստ է առաջիկա խաղին ու ամեն ինչ անելու է, որ Իտալիայի հետ մրցավեճում Հայաստանի հավաքականը հասնի դրական արդյունքի։

«Իտալիայի հավաքականի դեմ խաղում ես խաղալու  եմ նախ և առաջ գլխով, հետո նոր սրտով, որովհետև ֆուտբոլիստի գործողությունները մտքի թելադրանք են»,–ասաց Մխիթարյանը։

Նա հավաստիացրեց, որ մեր թիմն Իտալիայի հավաքականի խաղը շատ լավ ուսումնասիրել է. «Նրանք սիրում են վերահսկել գնդակը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանց զրկենք այդ հնարավորությունից ու փորձենք պարտադրել մեր խաղը։ Դա հեշտ չի լինի, բայց անհնարին ոչինչ չկա»,–նշեց Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանի ֆուտբոլային անակնկալները, կամ Հավերժական քաղաքում արդեն մերոնքական կա

Անդրադառնալով իր` «Ռոմա» տեղափոխությանը Մխիթարյանը նշեց, որ իր դա հայտնի է դարձել տրասֆերային պատուհանի վերջին օրը։ «Գործակալը զանգել է և ասել, որ տարբերակ կա «Ռոմա» տեղափոխվելու, ես էլ համաձայնեցի, քանի որ ուզում եմ ստանալ խաղաժամանակ, որն «Արսենալում» ինձ չէին տրամադրում։ Հուսով եմ` «Ռոմայում» կկարողանամ ինձ լավ դրսևորել, թիմն էլ կօգտագործի իմ որակները»,–ասաց ֆուտբոլիստը։

Նշենք, որ սեպտեմբերի 5–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2020թ.–ի ընտրական փուլի Հայաստան–Իտալիա հանդիպումը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի վերջ։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի» երկրում Մխիթարյանը ելույթ է ունենալու 77 համարով։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

140
թեգերը:
ֆուտբոլ, Իտալիա, ՀՖՖ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Արսենալ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (242)
Ըստ թեմայի
Մխիթարյանի ֆուտբոլային անակնկալները, կամ Հավերժական քաղաքում արդեն մերոնքական կա
Ամեն ինչ Հենրիխ Մխիթարյանի մասին. ի՞նչ նվաճումների է հասել նա
«Առնվազն հայ է». Հռոմի բնակիչները Մխիթարյանի համար հայ-իտալական նոր բառախաղ են հորինել