«Արսենալը» Բաքվում

«Արսենալին» սուտ քոչարի մի պարեցրեք, ավելի ազդեցիկ է Սոկրատիսի իրական` «Missing you bro»–ն

3520
(Թարմացված է 14:46 29.05.2019)
Եվրոպայի լիգայի գավաթի՝ Բաքվում նախատեսված եզրափակիչը անգլիական «Արսենալի» և «Չելսիի» միջև ֆուտբոլում հանդիպող այն քիչ դեպքերից է, որ սկանդալային է դարձել բուն խաղից շատ առաջ և ոչ ֆուտբոլային իրողությունների հետ կապված:

Նման խայտառակ վիճակի պատճառը հանրահայտ է. ՈւԵՖԱ-ն ժամանակին որոշել էր, որ ԵԼ գավաթի եզրափակիչը Բաքվում է անցկացվելու: «Արսենալը» հասավ եզրափակիչ: Պարզ էր`Ադրբեջանի ղեկավարության ռասիստական քաղաքականությունը խնդիրներ է հարուցելու եզրափակիչ հանդիպմանը «Արսենալի» առանցքային խաղացողներից Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցության առումով:

Իրադարձությունների հետագա ընթացքն ապացուցեց բոլոր այդ մտավախությունները: Փաստն ակներև է. Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու և չի մասնակցելու եզրափակիչ հանդիպմանը: Ֆուտբոլային աշխարհը, այդ թվում հանրահայտ մարզիչներ, ֆուտբոլիստներ, մեկնաբաններ, գումարած՝ հարյուր հազարավոր ֆուտբոլասերներ աջակցում են Հենրիխ Մխիթարյանին և իրենց վրդովմունքն արտահայտում այն վայրագ վերաբերմունքի հանդեպ, որի պատճառով անվանի մարզիկը չի կարող իր թիմի հետ մասնակցել հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը:

Իսկ ադրբեջանական իշխանություններն ամեն ինչ անում են, ապացուցելու համար, որ անվտանգության ապահովման մասին իրենց հայտարարությունները, բնականաբար, «քոռ կոպեկ» չարժեն: Բոլորը տեսան այն խայտառակ տեսանյութը, որտեղ ադրբեջանական ոստիկանությունը կանգնեցնում է ֆուտբոլասերներին, որոնք Մխիթարյանի անունով «7» համարի մարզաշապիկով էին շրջում: Նույնիսկ այդ միկրոդրվագը բավարար է հասկանալու համար, թե ինչ տխեղծ իրավիճակ ու թունավոր մթնոլորտ կլիներ արդեն «Արսենալի» ամբողջ թիմի շուրջ, եթե Հենրիխ Մխիթարյանն էլ մեկնած լիներ Բաքու:

«Քոչարու» մասին, որ Բաքվում, մարզադաշտում մարզման ժամանակ, իբր «պարել» են «Արսենալի» ֆուտբոլիստները՝ ի աջակցություն Մխիթարյանի:

Instagram story нападающего ФК Арсенал Пьера-Эмерика Обамеянга
Օբամեյանգի գրառումը

Նման տեղեկություն ու լուսանկար տարածվեց «HayFan» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից: Ըստ այդ գրառման` «Արսենալի» ռմբարկու Պիեռ Էմերիկ Օբամեյանգը Ինստագրամի իր էջում լուսանկար է զետեղել, որտեղ պատկերված են ինքն ու թիմակիցները՝  խաղադաշտի կենտրոնում «շուրջպար բռնած», ու Օբամեյանգը, իբր գրել է. «Kochari in Baku for Mkhitaryan»:

Այդ գրառումը զետեղվելուց 1 ժամ անց արդեն 220-ից ավելի «կիսում» ուներ: Այսինքն՝ այդպես էլ տարածվում էր, ու շատ-շատերը լիարժեք համոզված են, թե հենց այդպես էլ կա։

Սակայն հարցն այն է, որ հենց Օբամեյանգի Ինստագրամի էջում այդ լուսանկարի հետ ոչ մի նման գրառում՝ քոչարի պարելու և Մխիթարյանի վերաբերյալ չկա:

Ինչ վերաբերում է «շուրջպարին», ապա իրականում ֆուտբոլիստներն այդպիսի մարզումային վարժություն են կատարում՝ ձեռք-ձեռքի բռնած շրջանաձև վազում են:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ հորինել «փաստեր», եթե նման բան չի եղել, եթե իրականում «քոչարի» պարելու պահ չի եղել, այլ մարզանք: Ի՞նչ է, եղած խայտառակ փաստերը, որ այս օրերին կուտակվել են այս պատմության շուրջ, քի՞չ են: Թե՞ ինչ-որ այլ խնդիր կա, ասենք՝ «տաք թեմայի» վրա անուն հանելու:

Ամեն դեպքում, ինչ-որ մեկը որոշել էր «Արսենալին» Բաքվում քոչարի «պարեցնել»: Հա, ցնցող կլիներ, եթե իրականում նման բան տեղի ունենար, այլ ոչ թե երևակայության մեջ: Ամեն դեպքում, մանավանդ, նման՝ ընդհանուր ուշադրության կենտրոնում գտնվող իրադարձությունների հետ կապված չի կարելի ցանկալին իրականության տեղ մատուցել: Ինքնախաբեությունը վատ բան է: 

Ինչ վերաբերում է իրական աջակցությանը, ապա «Արսենալի» մեկ այլ խաղացող, ի դեպ, Օբամեյանգի նման դեռ «Բորուսիայից» Մխիթարյանի խաղընկեր Սոկրատիս Պապաստադոպուլոսը Ինստագրամի իր էջում զետեղել է ավելի վաղ արված մի լուսանկար, որտեղ պատկերված են ինքն ու Մխիթարյանը՝ մարզման ընթացքում, ապա մակագրել է.  «Missing you bro» (բառացի՝ «կարոտում եմ քեզ, ախպերս»):

Instagram story нападающего ФК Арсенал Пьера-Эмерика Обамеянга
Օբամեյանգի գրառումը

Նման մոտեցումը հարյուրապատիկ ավելի գնահատելի է, քան մարզումային վարժությունը քոչարի պարելու տեղ, կներեք, սղղացնելը, և մեկ ուրիշ ֆուտբոլիստի արտահայտություն վերագրելը, որ նա չի արել:

3520
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ, Ադրբեջան, Բաքու
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (244)
Ըստ թեմայի
Ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը մեկներ Բաքու. Հենոն ճիշտ որոշում է կայացրել
«Չելսիի» գլխավոր մարզիչը հիասթափված է, որ Մխիթարյանը չի խաղա Բաքվում
Բաքուն խոչընդոտ չէ. Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վայելել երկրպագուների սերն ու հարգանքը