Անդրեյ Տալալաև

Մարզիչների փոփոխությունը հայկական ֆուտբոլում. ով ուր տեղափոխվեց 1 մրցաշրջանի ընթացքում

95
(Թարմացված է 14:12 15.05.2019)
Խաչիկ Չախոյան
Հայաստանի 9 ակումբից 8-ում մարզչական փոփոխություններ են եղել։ Սա ի՞նչ է` ստիպվա՞ծ, թե՞ պարտադիր միջոց ֆուտբոլի զարգացման ճանապարհին։

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը մոտենում է ավարտին: 2018/19 թվականների մրցաշրջանում թիմերի միջև գրանցվեց աննախադեպ մրցակցություն: Մրցաշարին մասնակցող ինը թիմերից միայն «Շիրակն» է առաջնությունն ավարտում այն մարզչի հետ, որի հետ սկսել էր մրցաշարը:

Առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկը» մրցաշրջանի մեկնարկից գլխավորում էր Հայաստանի 2018 թվականի լավագույն մարզիչ, ճանաչված Անդրել Տալալաևը: Մասնագետը, ըստ պաշտոնական վարկածի, Հայաստանից հեռացավ ընտանեկան խնդիրների պատճառով: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրանից «Փյունիկը» միայն շահեց: Ալեքսանդր Թարխանովի գալուց հետո «Փյունիկի» խաղը կտրուկ փոխվեց, իսկ վեց անընդմեջ հաղթանակից հետո թիմը չեմպիոնական մրցավազքի առաջատարն է:

Талалаев Андрей
© Sputnik / Asatur Yesayants
Անդրեյ Տալալաև

Առաջնության մյուս առաջատարի «Արարատ-Արմենիայի» մարզչական աթոռն արդեն երեք մարզիչներ են զբաղեցրել: Մրցաշրջանին թիմը նախապատրաստում էր Անդրանիկ Բաբայանը, նրան փոխարինեց Վադիմ Սկրիպչենկոն, բայց առաջնության աշնանային հատվածում ի վերջո թիմի ղեկը վստահվեց Վարդան Մինասյանին: Ու այս դեպքում էլ պետք է ընդգծել, որ մարզիչը կարողացավ փոխել թիմի խաղային ձեռագիրը, և առաջընթացը նկատվեց:

Тренировка сборной Армении по футболу перед матчем Лиги Наций УЕФА со сборной Лихтенштейна (5 сентября 2018). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Վարդան Մինասյան

«Բանանցում» առաջնության մեկնարկային տուրերում անհաջողություն կրելուց հետո իր պաշտոնը թողեց Արամ Ոսկանյանը, իսկ Իլշատ Ֆայզուլինին հաջողվեց «Բանանցին» դարձնել առաջնության հաղթողի քողարկված ֆավորիտ: Ոսկանյանն իր հերթին տեղափոխվեց «Ալաշկերտ», որտեղ փոխարինեց Վարուժան Սուքիասյանին ու երկար ժամանակ անպարտելի էր գործող չեմպիոնի հետ: Բայց «Ալաշկերտը» առաջնության վերջնագիծը հատելու է Աբրահամ Խաշմանյանի հետ:

Матч Алашкерт - БАТЭ в Ереване. Абраам Хашманян
© Sputnik / Aram Nersesyan
Աբրահամ Խաշմանյան

Նույն Խաշմանյանն աշխատեց «Արարատում», բայց այստեղ ոչ մի հաջողության չհասնելով` տիտղոս նվաճեց տեղափոխվելով «Ալաշկերտ» ու հաղթելով գավաթի խաղարկության եզրափակիչում:

Մարզչական փոփոխություն տեղի ունեցավ նաև «Լոռիում», որտեղ Արմեն Ադամյանին փոխարինեց Արթուր Պետրոսյանը, իսկ գավաթի եզրափակիչում պարտվելուց հետո Պետրոսյանը հրաժարական տվեց:

Гл. тренер сборной Армении Артур Петросян
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Պետրոսյան

«Գանձասար-Կապանում» էլ Աշոտ Բարսեղյանը ավարտին չհասցրեց առաջնությունը, իսկ «Արցախում» Ռաֆայել Նազարյանին փոխարինեց Սևադա Արզումանյանը: Միակ թիմը, որի մարզիչը չի փոխվել, «Շիրակն» է: Ամենակայուն թիմը` մարզիչների աշխատանքի առումով: Մինչև օրս, սկսած 1992 թվականից, գյումրեցիներին առաջնորդել են երեք մարզիչներ՝ Անդրանիկ Ադամյանը, Ժորա Բարսեղյանը և Վարդան Բիչախչյանը:

Ի՞նչ են նշանակում այսքան շատ փոփոխությունները: Գուցե սա զարգացման ճանապարհի անբաժանելի մա՞սն է: Կամ այսպես են ձևավորման նոր փուլ անցնում թիմերը:

Մարզչական փոփոխությունները թիմերում ֆուտբոլի անբաժանելի մասը պետք է համարել: Հիմնականում մարզչական փոփոխությունը կապվում է թիմի ոչ բավարար արդյունքների հետ, երբեմն նաև ղեկավարության հետ սրված հարաբերությունների պատճառով:

Որքան էլ ֆուտբոլի ու ֆուտբոլիստների մասին շատ խոսեն, մի բան հաստատ է` ֆուտբոլը նաև փակ աշխարհ է և ունի իր ներքին խոհանոցը, որի մասին սովորաբար պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչում։ Իսկ մարզչական աշխատանքը հիմնականում անշնորհակալ գործ է, իզուր չէ, որ Իտալիայից ծնված կարգախոսը դեռևս մնում է ուժի մեջ՝ հաղթում է թիմը, պարտվում մարզիչը: Այնպես որ մարզչական այս փոփոխությունների պատճառների մասին միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ։ Բայց կա նաև ակնհայտ իրողություն` բացի մարզիչների փոփոխությունից, ակումբների լավ արդյունքի համար նաև լավ ֆուտբոլիստներ են պետք, որի խնդիրը նույնպես կա Հայաստանում, բայց սա բոլորովին այլ պատմություն է։

95
Ըստ թեմայի
Խնդիր չի լինի. Ադրբեջանի ԱԳՆ–ն երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը
Կշարունակի՞ խաղալ «Արսենալի» կազմում․Մխիթարյանի մշուշոտ ապագան
«Բեշիկթաշը» երկարաձգել է Արաս Օզբիլիսի հետ պայմանագիրը