Սիմոն Մարտիրոսյան

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

420
Հայ ծանրորդը Հայաստան կվերադառնա երեք ոսկե մեդալով։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Բաթումիում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 14-ին, մինչև 109կգ քաշային կարգում, աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը երեք ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում ու չեմպիոնական նոր տիտղոս գրանցեց իր անվան դիմաց:

Մրցումների մեկնարկից առաջ էլ պարզ էր, որ մինչև 109կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդը Սիմոն Մարտիրոսյանն է: Պոկում վարժությունում հայ ծանրորդին չհաջողվեց երրորդ մոտեցումը (197կգ), բայց 192կգ արդյունքով նա նվաճեց ոսկե փոքր մեդալը` ի նշան պոկում վարժությունում տարած հաղթանակի: Նույն արդյունքով արծաթե մեդալ նվաճեց ռուս Ռոդիոն Բոչկովը:

Հրում վարժությունում Սիմոնն առաջին մոտեցման համար պատվիրել էր 225կգ: Մեր մարզիկը, բարձրացնելով այս քաշը, ապահովեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը և՛ հրում վարժությունում, և՛ երկամարտում: Իր երկրորդ մոտեցման համար 10 կիլոգրամանոց քայլ կատարեց ու պատվիրեց 235կգ: Արդեն հին աշխարհամասի չեմպիոնի կարգավիճակով, ծափահարությունների ներքո հայ ծանրորդը դուրս եկավ մրցահարթակ ու, գլխավերևում պահելով 235կգ–ը, իր ամենամոտ մրցակցից 16կգ ավելի արդյունք ցույց տվեց երկամարտում:

Եվրոպայի չեմպիոնի կոչման համար վերջինը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները: Այստեղ Հայաստանը ներկայացնելու են Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Իհարկե, շատ դժվար է ոսկու համար պայքարել աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր վրացի Լաշա Տալախաձեի դեմ, բայց մերոնք հաստատ պայքարելու են պատվո պատվանդանին հայտնվելու համար:

420
թեգերը:
Հայաստան