Աբրահամ Խաշմանյան

Խաշմանյանը երկրորդ անգամ հեռացավ «Արարատից». ի՞նչն է պատճառը

45
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածում գրանցվեց մարզչական երկրորդ հրաժարականը: Անդրեյ Տալալաևից հետո, որը հեռացավ «Փյունիկից», փոփոխություն կլինի Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խզել է թիմի հետ պայմանագիրը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Արարատի» մամուլի ծառայությունը։

«Մարզչի և ակումբի միջև ֆինանսական խնդիրներ են առաջացել, որոնք լուծում չեն գտել, ու կողմերը երկկողմանի համաձայնությամբ որոշել են խզել համագործակցությունը»,– հայտնեցին «Արարատից»:

Երևանի «Արարատը» բարձրագույն խմբի առաջնությունում, մեղմ ասած, հաջող հանդես չի գալիս: Մրցաշարում անցկացված 23 խաղերից թիմը պարտվել է 14-ում ու, վաստակելով 15 միավոր, եզրափակում է աղյուսակը: Անկասկած, թիմի արդյունքը գոհացուցիչ լինել չի կարող, և չի բացառվում` սա նույնպես կարող էր լինել մարզչական փոփոխության պատճառ:

Աբրահամ Խաշմանյանն առաջին անգամ «Արարատը» գլխավորել է 2012-14 թվականներին։ Այդ ընթացքում թիմն աշնանային հատվածից հետո բարձրագույն խմբի առաջատարը դարձավ, բայց Խաշմանյանը հեռացավ, և թիմն էլ ի վերջո տեղ չգտավ մրցանակային եռյակում:

Խաշմանյանն «Արարատը» երկրորդ անգամ գլխավորեց 2018 թվականի հոկտեմբերի 1-ին:

Ձմեռային ընդմիջման ժամանակ «Արարատը» 14 նոր ֆուտբոլիստներ ձեռք բերեց, որոնցից տեղացի էին միայն չորսը: Այդ ժամանակ էլ Խաշմանյանը հայտարարեց, որ նոր թիմ են կառուցում: Սակայն ինչպես պարզ դարձավ, «շինարարական» այդ աշխատանքները հաջողության չհասան, և մարզիչը երկրորդ անգամ հեռացավ:

Առայժմ հայտնի չէ, թե ով կգլխավորի «Արարատը»։ Ավելացնենք, որ երեկ` ապրիլի 11-ին, բարձրագույն խմբի առաջնության «Արարատ»- «Փյունիկ» հանդիպման ժամանակ թիմի ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարում էր Տիգրան Եսայանը:

45
Ըստ թեմայի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019թ-ին մարզերում 57 ֆուտբոլի դաշտ կբացի
Երևանում բացվեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկը հիշեցնող ժամացույց
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռանում է Հայաստանից
ԲԿՄԱ-ի ստեղծումը կնպաստի բոլոր մարզաձևերի զարգացմանն ու նվաճումներին
Հայաստանում խաղացող ֆուտբոլիստներից 30–ը կազատվեն զինվորական ծառայությունից