Ըմբշամարտ

Հայ ըմբիշների հաղթական մեկնարկը տխուր շարունակություն ունեցավ Եվրոպայի առաջնությունում

116
Մրցումների առաջին օրը մրցագորգ դուրս եկած հայ ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց հասնել մինչև կիսաեզրափակիչ:Հինգ ըմբիշների համար ավարտվեց ոսկե մեդալի համար պայքարը:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ մտան ազատ ոճի ըմբիշները: Մրցումների առաջին օրը Հայաստանը ներկայացնող հինգ ըմբիշները` Վաղինակ Մաթևոսյանը, Վազգեն Թևանյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը և Սարգիս Հովսեփյանը, մտան պայքարի մեջ և պարտվեցին: Նրանք այլևս չեն կարողանա պայքարել ոսկե մեդալի համար։

Հայաստանի հավաքականը այս մրցաշարում ներկայացված է տասից իննը քաշային կարգերում: Առաջինը մեր ըմբիշներից մրցագորգ դուրս եկավ Եվրոպայի մինչև 21 և մինչև 23 տարեկանների հին աշխարհամասի չեմպիոն 19–ամյա Վազգեն Թևանյանը: Հայ ըմբիշը ոչ մի խնդիր չունեցավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջորջ Էնտոնի Ռեմի հետ գոտեմարտում և հաղթեց բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով: 1/8 եզրափակիչում Թևանյանի մրցակիցն էր աշխարհի եռակի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ ադրբեջանցի Հաջի Ալիևը: Գոտեմարտն ավարտվեց ադրբեջանցու հաղթանակով 1:0 հաշվով:

70 կգ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանի մրցակիցը Մոլդովան ներկայացնող Միխայիլ Սավան էր: Հայ ըմբիշը գոտեմարտի երկրորդ մրցափուլում կարողացավ հասնել միավորների առավելության ու ձեռքից բաց չթողեց հաղթանակը: Սաֆարյանը հաղթեց 7:4 հաշվով և քառորդ եզրափակիչում, ինչպես և թիմակից Թևանյանը, մրցեց ադրբեջանցի ըմբիշի, այս դեպքում արդեն Աղահուսեին Մուստաֆաևի հետ: Այստեղ էլ հաղթանակն ուղեկցեց մրցակցին: Մուստաֆաևը առավելության հասավ 12:2 հաշվով:

79կգ քաշային կարգում, իր առաջին գոտեմարտում փորձառու Գրիգոր Գրիգորյանը վնասվածք ստացավ ու պարտվեց Ռումինիան ներկայացնող Օմարսխաբ Նաժիմուդինովին: 97 կգ քաշային կարգում էլ մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց Սարգիս Հովսեփյանը, որը 1:6 հաշվով զիջեց Գերմանիան ներկայացնող Գենադի Կուդինովիչին: 57կգ քաշային կարգում էլ առաջին գոտեմարտում պարտություն կրեց Վաղինակ Մաթևոսյանը։ Նա 0:7 հաշվով զիջեց ռումինացի Անդրեյ Դուկովին:

Վաղը ազատ ոճայինների մրցաշարում մրցագորգ դուրս կգան Հայաստանի հավաքականի ևս չորս ըմբիշներ:

116
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել. լուսանկար
Միհրան Հարությունյանը գիտի` ինչպես պետք է ապացուցել հայրենիքի հանդեպ սերը. տեսանյութ
Ինչպես է Վլադիմիր Պուտինն Արման Ծառուկյանին փրկել ճանապարհային ոստիկաններից