ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, եթե համեմատենք Լիխտենշտեյնի ընտրանու հետ խաղի հետ, մեր հավաքականի կազմում չորս փոփոխություն էր կատարել ու մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերել իր տրամադրության տակ գտնվող բոլոր հարձակվողներին:
Միանշանակ ասել, որ սա նշանակում էր, թե մեր թիմը հարձակվողական մարտաոճ էր նախընտրել, դժվար է: Բացի այդ էլ՝ խաղի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականի մարզիչը ամենայն հավանականությամբ ուղղակի թարմություն էր փորձել հաղորդել թիմին: Սակայն ոչ մի թարմության մասին խոսել չենք կարող, քանի որ Հայաստանի հավաքականը մեղմ ասած լավ չխաղաց:
Ու այնպես չէ, որ Մակեդոնիայի ընտրանին հիանալի ֆուտբոլ ցուցադրեց: Հստակ ո՛չ: Ուղղակի մրցակիցը օգտագործեց իր հնարավորությունները ու առանց մեծ ջանքեր գործադրելու հասավ իր նպատակին: Առաջին խաղակեսում 11 մետրանոցից բաց թողած գնդակից հետո մեր թիմի խաղում ոչ մի բան չփոխվեց: Նույնը կարող ենք ասել նաև մակեդոնացիների համար: Միջին տեմպով ընթացող խաղում մրցող կողմերը սպասում էին մրցակցի սխալին ու գործում, երբեմն, շատ դանդաղ: Իսկ երկրորդ կեսի սկզբում ամեն ինչ կարող էր կտրուկ փոխվել, եթե մերոնք օգտագործեին իրենց հնարավորությունը:
Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը թե ինչպես չհասավ գնդակին ու չխփեց պատասխան գոլը՝ դժվար է բացատրել:
Ու նման շանսից հետո մեր թիմը սեփական տուգանային հրապարակում հնարավորություն է տալիս գրոհի վերջին հարվածը կատարել Գորան Պանդևին: Ամբողջ խաղի ընթացքում Պանդևը ոչ մի գործողությամբ աչքի չընկավ, ավելի նրա ներկայությունը ավելի էր կաշկանդում մակեդոնացիների խաղը: Բայց փորձառու ֆուտբոլիստը իր պահը որսաց ու կրկնապատկեց Մակեդոնիայի հավաքականի առավելությունը: 0:2 հաշիվը մեր հավաքականին կանգնեցրեց պարտության եզրին: Մարկոս Պիզզելիի ու Արազ Օզբիլիսի խաղադաշտ դուրս գալն էլ արդեն չօգնեց մեր թիմին: Ճիշտ է Գևորգ Ղազարյանի հարվածից հետո դաշտի տերերին օգնության հասավ դարպասաձողը: Բայց խաղի ավարտից 15 րոպե առաջ մենք անհույս պարտվում էինք:
Վերջին 15 րոպեներն էլ ոչ մի լավ բան չտվեցին մեր թիմին: Ընդամենը ավելացրեց հիասթափությունը: Հավաքականը «չխաղաց»: Ֆուտբոլում երբեմն ասում են, որ խաղում են այնքան, ինչքան որ թույլ է տալիս մրցակիցը: Մրցակիցը ոչ առավելություն ուներ, ոչ էլ արագությամբ էր գերազանցում մեր թիմին: Բայց Հայաստանի հավաքականը այս խաղին մեղմ ասած պատրաստ չէր: Այնպես, որ պարտությունը, ըստ խաղի, առավել քան օրինաչափ էր:
Այս պարտությունը կարծում ենք դաս էր, թե ինչպես չպետք է խաղա Հայաստանի հավաքականը: Ինչ վերաբերում է աղյուսակին, ապա դեռևս ամեն ինչ կորած չէ: Մեր հավաքականը դեռևս մակեդոնացիների հետ հանդիպում ունի Երևանում, և միգուց այդ օրն ամեն ինչ իր տեղն ընկնի:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։



