ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. 2018/19 թվականների ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում մեկնարկեց երկու խաղով: Երևանում «Բանանցն» ու «Շիրակը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին, իսկ «Լոռին» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց «Արարատ-Արմենիայից»:
Ի տարբերություն նախորդ առաջնության, որին մասնակցում էին վեց թիմեր, այս մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար պայքարի մեջ են մտնելու ինը թիմեր: Առաջնության մեկնարկից առաջ «Շիրակը», որը հեռացել էր բարձրագույն խմբի «ընտանիքից», վերադարձավ։ Սակայն պարզ է, որ թիմի համար առանց ուսումնամարզական հավաքների ու մի քանի առաջատար խաղացողների շատ դժվար կլինի:
Գյումրեցիները ստիպված էին արագորեն հավաքել իրենց կազմը, բայց բնական է, որ համագործակցության առումով «Շիրակը» դեռ շատ անելիքներ ունի: Չնայած այս բոլոր դժվարություններին, գյումրեցիները պատվով դուրս եկան առաջնության մեկնարկային խաղում ու «Բանանցի» հետ խաղում կարողացան մեկ միավոր վաստակել: Ընդհանուր առմամբ, այս խաղն անցավ հավասար պայքարում: Փոփոխական հաջողություններով գործելով` թիմերը գոլային պահեր ստեղծեցին, սակայն բավարարվեցին մեկական միավորով։
Առաջնության նորեկների՝ «Լոռիի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակցությունում նույնպես խաղն ընթացավ դիտարժան ու լարված պայքարում: Սակայն ի վերջո, զգացնել տվեց հյուրերի կազմում հանդես եկող առանձին ֆուտբոլիստների բարձր կարգը ու «Արարատ-Արմենիան» արժանի հաղթանակի հասավ` 2:0 հաշվով: Այս խաղի ու առաջնության առաջին գոլը հեղինակեց բուլղարացի Իվայլո Դիմիտրովը, իսկ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը ամրապնդեց փորձառու Հրայր Մկոյանը, որը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Առաջնությունում վաղը՝ օգոստոսի 5-ին, նախատեսված էր անցկացնել ևս երկու հանդիպում, բայց «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը, երևանցիների Եվրոպայի լիգայի մասնակցության պատճառով, հետաձգվել է, իսկ «Արարատ»-«Ալաշկերտ» խաղը կկայանա «Նաիրի» ստադիոնում:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են



