ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողություններից, ինչպես նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ առնչություն ունեցող «Ավանի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի ստեղծումից։ Այդ մասին նշված է ակումբի տարածած հայտարարությունում։
«2017/2018 մրցաշրջանի վերջում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերը որոշեցին փոխել ակումբի անունը: Նախատեսվում էր, որ նոր մրցաշրջանում թիմը կրելու է «ՖԱ Երևան» անվանումը: Անունների փոփոխության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվեցին: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակավ հաստատեց, որ ինքը ողջունում է որոշումը: Մենք ներգրավեցինք երկրպագուներին ակումբի նոր տարբերանշանի ստեղծման համար, ՀՖՖ ներկայացնելու համար պատրաստեցինք բոլոր փաստաթղթերը, բայց 2018 թվականի հուլիսի 13-ին ակումբը ծանուցում է ստացել, որ իրավունք չունի օգտագործել «ՖԱ Երևան» անունը, քանի որ Առաջին լիգա է հայտավորվել «Երևան» անունով ակումբ»,- նշված է հայտարարության մեջ։
Վերոհիշյալ ակումբը գրեթե ամբողջությամբ կազմված է 2001 թվականին ծնված ֆուտբոլիստներից։ Նրանք «Փյունիկի» ակադեմիայի սաներն են, որոնք 1 տարվա ժամկետով փոխանցվել էին Ավան Ակադեմիային 2017/18 մրցաշրջանում Առաջին լիգայում հանդես գալու համար։ Առաջնության ավարտին բոլոր խաղացողները պետք է վերադառնային «Փյունիկ» ակումբ:
«Մենք բազմիցս դիմել ենք Ավանի Ակադեմիայի ղեկավարությանը` հորդորելով կատարել համաձայնագրի պահանջները։ Սակայն մեր բոլոր կոչերը ոչ միայն անպատասխան են մնացել, այլև առանց մեզ հետ համաձայնեցնելու մեր խաղացողներին ուղարկել են նոր թիմ՝ «Երևան»։ Մենք նման գործողությունները համարում ենք ոչ կոռեկտ և հակաիրավական։ Եթե մոտ ժամակներս «Փյունիկ» ակումբի բոլոր խաղացողները չվերադառնան, մենք ստիպված կլինենք դիմել սպորտային արբիտրաժային դատարան»,- նշված է հայտարարության մեջ։
«Փյունիկ» ակումբից նշում են նաև, որ 2018 թվականի հուլիսի սկզբին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով ակումբին մերժել են նաև Եվրոպա լիգայի որակավորման խաղերի համար նախապատրաստվել ՀՖՖ տեխնիկական ակադեմիայում՝ չնայած ժամկետների նախնական համաձայնությանը:
«ՀՖՖ ներկայացուցիչները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի խոչընդոտեն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին Եվրոպա լիգայի ընտրական փուլի առաջին խաղին մակեդոնական «Վարդարի» հետ հանդիպմանը նախապատրաստվելուն: Եվ միայն «Բանանց» ֆուտբոլային ակումբի բարեկամական աջակցության շնորհիվ՝ մենք ոչ միայն հասցրել ենք նախապատրաստվել հայտնի մրցակցի հետ առաջին խաղին, այլև շատ կարևոր հաղթանակ ենք տարել ակումբի և երկրպագուների համար:
Իսկ Եվրոպա լիգայի առաջին փուլի հանդիպումից անմիջապես առաջ, մենք ստացանք «Հանրապետական» մարզադաշտի վարձավճարների զգալի աճի մասին ծանուցում, ըստ որի՝ մեկ հանդիպում անցկացնելու համար «Փյունիկ» ՖԱ-ն պարտավորվում է վճարել 5 միլիոն դրամ, որը կրկնակի է՝ նախկինում եղած գնից»,- նշում են ակումբից։
Ըստ հայտարարության` 2018 թ. հուլիսի 7-ին Հայրապետյանը հանձնարարել է 24 ժամվա ընթացքում ազատել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի 4/7 հասցեում գործող մանկապատանեկան ֆուտբոլային մարզադպրոցի տարածքները և փակել ֆուտբոլի դաշտերի մուտքը, ինչպես նաև երեխաների և մարզիչների առաջ փակել է հանդերձարանների դռները՝ չնայած ըստ նախնական համաձայնության՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այդ տարածքները երկարաժամկետ օգտագործելու իրավունք ունի։
«Ավելի քան 700 երեխա և 40 արհեստավարժ մարզիչ զրկվել են մարզումներ անցկացնելու իրենց հնարավորություններից, ինչպես նաև ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելուց: Սա էլ այն դեպքում, երբ մեր դպրոցի սաները Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կորիզն են կազմում: Ոչնչացման եզրին է մեր օրերում ամենահայտնի մարզադպրոցը, որտեղից դուրս են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը և այլ շատ հայտնի և տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ, ովքեր տարիներ շարունակ բարձր են պահում մեր երկրի անունը ամբողջ աշխարհում: Եվ այս ամենը կատարվում է Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության նախաշեմին, որը անցկացվելու է հենց Հայաստանում»,- նշում են փյունիկցիները:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՖՖ-ի ղեկավարության նման ագրեսիվ վերաբերմունքի պատճառը հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին «Փյունիկի» դիրքորոշումն էր։ ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին անդամակցության դադարեցումը։ Բացի այդ, նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամների, որոնց մասին ոչ մի տեղեկություն չկար։
«Գիտակցելով, որ այս բոլոր գործողությունները կառուցողական չեն, «Փյունիկի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշեց հրաժարվել այդ հանդիպմանը մասնակցելուց: Այնուամենայնիվ, հունիսի 29-ի երեկոյան «Փյունիկ» ակումբի տնօրենի պաշտոնակատարը ՀՖՖ-ի ղեկավարությունից զանգ է ստացել։ Նրան հորդորել են ներկայանալ ժողովին և կողմ քվեարկել օրակարգային բոլոր հարցերին, ինչն էլ վերջինս արել է։ Դրանից հետո մենք ստիպված ենք եղել դադարեցնել մեր համագործակցությունը տվյալ անձի հետ»,- նշում է «Փյունիկ» ակումբը։
Ակումբի ներքին հարցերին ոչ կոռեկտ միջամտությունը վրդովմունք է առաջացել «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավարության մոտ։ Ինչպես նաև ղեկավարությունը հրաժարվել է հունիսի 30-ին կայացած ժողովի որոշումները լեգիտիմ համարել, քանի որ հայտարարվել էր, որ «Փյունիկ» ՖԱ-ից ժողովին մասնակցել է 3 ներկայացուցիչ, ինչը չի համապատասխանում իրականությանը։
Ըստ հայտարարության` դժվար է հասկանալ, թե ՀՖՖ ներկայացուցիչները ինչով են առաջնորդվում իրենց աշխատանքում և որոշումներում, բայց եթե «Փյունիկի» նկատմամբ վերաբերմունքը շարունակի լինել կողմնակալ և ոչ ճիշտ, ակումբը ստիպված կլինի հայտարարել անվստահություն ՀՖՖ-ի ողջ ղեկավարության հանդեպ և բարձրացնել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։
Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։
«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։
«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։
«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։
View this post on Instagram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։
Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին
Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։ Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։
«Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:



