ԵՐԵՎԱՆ 15 հուլիսի — Sputnik. Կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայկական արմատներով ռուս գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանի կյանքը Կանադայում հանգիստ է, բայց անսովոր. ոչ մեկի հետ չի կարող ռուսերեն խոսել։ Այդ մասին նա ասել է John Wilson Blades-ին տված հարցազրույցում։
Անվանի մարզուհուն ամենից շատ զարմացրել է մարդկանց բարեհամբույր լինելը։ Եվգենյան խոստովանել է` դեռ չի վարժվել, որ մարդիկ ժպտում են իրեն, անպայման հարցում, թե ինչպես են գործերը, ինչպես է անցել օրը։ Մեդվեդևան կարծում է, որ դա դրական կանդրադառնա իր ինքնազգացողության և մարզումների վրա։
Մեդվեդևան բացահայտել է նաև սառույցին դուրս գալուց առաջ յուրահատուկ ծեսի գաղտնիքը․ մոտ երկու ժամ նա անդադար երաժշտություն է լսում և ոչ մեկի հետ չի խոսում, գրեթե չի ժպտում, չի ծիծաղում, միայն կենտրոնանում է ելույթի վրա։
«Միաժամանակ, երբեմն, կորցնում եմ հսկողությունը և սկսում երգել ու պարել։ Եվ բոլորն այդ պահին ինձ են նայում. ասես խելագար լինեմ։ Բայց ինձ համար միևնույն է, թեև, երբեմն, դա իսկապես կարող է տարօրինակ թվալ», — ասել է մարզուհին։
Հագեցած ժամանակացույցի պատճառով Եվգենյային չի հաջողվում ավելի լավ ճանաչել Տորոնտոն, որտեղ հիմա նա ապրում է։ Բայց ծրագրում է դա անել մոտ ապագայում։ Նա նաև բողոքել է, որ իր ընկերների շարքում ռուսալեզու մարդիկ չկան, և նա ստիպված է լինում շփվել այլ լեզուներով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել էր այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ։
Էթերի Տուտբերիձեի հետ նա աշխատում էր 11 տարի։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։
Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։
«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։
«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։
«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։
View this post on Instagram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։
Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին
Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։ Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



