ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Ռուսաստանում շարունակվող աշխարհի առաջնությունում հուլիսի 8-ը և 9-ը հանգստյան օրեր են: Եվ այդ առիթը օգտագործելով աշխարհահռչակ բազմաթիվ ֆուտբոլիստներ ժամանեցին Երևան` մասնակցելու Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հավաքականների լեգենդների հանդիպմանը:
Հայաստանի մայրաքաղաքում երբեք այսքան ֆուտբոլային լեգենդներ չեն եղել: Արթուր Սողոմոնյանի նախաձեռնությամբ անցկացված այս հանդիպումը շատ ֆուտբոլասերների համար նվեր էր: Եվ շատերը հնարավորություն ունեցան իրենց աչքով տեսնելու լեգենդար ֆուտբոլիստներին: Բրազիլացի Ռոնալդոն Լատինական Ամերիկայի հավաքականի մարզիչն էր, իսկ Պաոլո Մալդինին ղեկավարում էր եվրոպացիների ընտրանին:
Երկու թիմերի կազմերում էլ խաղադաշտ դուրս եկան ֆուտբոլային այնպիսի հնչեղ ազգանուններ կրող ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ռիվալդոն, Բատիստուտան, Կրեսպոն, Ստոիչկովը, Դիդան, Կաֆուն, Բելանովը, Բեբետոն, Սավիոլան, Ալդաիրը, Ջորկաեֆը, Դյուգարին, Սերժինյոն, Լիտմանենը, Ֆիգուն,Գիգզը: Հաճելի էր, որ Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկան նաև Հայաստանի ներկայացուցիչներ Խորեն Հովհաննիսյանն ու Ռոման Բերեզովսկին:
Իհարկե, նման խաղերից զուտ ֆուտբոլային առումով ինչ-որ լուրջ սպասելիքներ չեն էլ լինում: Պարզ է, որ արդեն վետերան համարվող ֆուտբոլիստները չունեն ժամանակակից ֆուտբոլին համապատասխան արագությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը: Բայց վարպետությունն ու գնդակի հետ աշխատանքը նրանցից, մեղմ ասած, չես խլի: Մասնավորապես, իր տարիքին ոչ համապատասխան զարմանալի արագություն էր դրսևորում աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուն, ով անընդհատ եզրային ճեղքումներ էր իրականացնում այնպես, ինչպես իր լավագույն տարիների ընթացքում: Ընդ որում, փոխարինվելուց հետո Կաֆուն ստադիոնում հայերեն ողջունելով ներկաներին` շնորհակալություն հայտնեց խաղի կազմակերպման, անցկացման ու ընդունելության համար:
Շատ հաճախ նման խաղերում շատ գեղեցիկ գոլերն են խփվում, ու, բացի այդ, հիմնական նման կարգի հանդիպումները ավարտվում են ոչ-ոքի հաշվով: Այսպես լեգենդներն ուղղակի իրենց հարգանքն են արտահայտում մրցակցին` միևնույն ժամանակ փորձելով հաճույք պատճառել երկրպագուներին: Բայց այս խաղում ոչ ոքի չգրանցվեց, չնայած դա չի նշանակում, որ մրցող կողմերի ֆուտբոլիստներն իրար չեն հարգում: Նման խաղերում պարտվողներ չկան: Երևանյան խաղում կողմերի մեկական գնդակ փոխանակեցին մինչև ընդմիջում: Հաշիվը բացեց Լուիշ Ֆիգուն, իսկ պատասխան գնդակը խփեց Գաբրիել Բատիստուտան:
Ընդմիջումից հետո հարավ ամերիկացիները խախտեցին նման խաղերի ավանդույթն ու հանդիպման ավարտից 12 րոպե առաջ Եվրոպայի հավաքականը պարտվում էր 2:5 հաշվով: Եվ այդ հաշիվը մնաց անփոփոխ: Այսպիսով, ֆուտբոլային տոնը Ռուսաստանից կարճ ժամանակով տեղափոխվել էր Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին և խնդրել նրան հնարավորություն գտնել վերանայելու իր` ԱՄՆ մեկնելու որոշումը։
Նշենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու մասին։
«Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նաև շեշտել էր, որ տարիներ շարունակ տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդից։
«Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված»,–գրել է Մանուկյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը միշտ հպարտացել է Արոնյանով, որ նա եղել է բոլորի պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Արոնյանի շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:
«Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն»,–գրել է Մանուկյանը:
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Նա խոստացել է, որ այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:
Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել նաև հանդիպել Լևոն Արոնյանի և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում նրանց անգնահատելի մասնակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Instagram-ի իր հետևորդներին մի զվարճալի տեսանյութ է ներկայացրել, որտեղ նրա 2-ամյա որդին գոլ է խփում։
«Նա ուրախ է, որ գոլ է խփում»,–տեսանյութին կից գրել է Օզբիլիսը։
View this post on Instagram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ոգևորված երեխան իրար հետևից գրավում դարպասը և անգամ դրա` գետնին տապալվելուց հետո փոքրիկը շարունակում է գնդակով հարվածել դարպասին։
Օզբիլիսի մարզաշապիկն աճուրդում վաճառվել է 1025 դոլարով. գումարը կուղղվի Արցախին
Օզբիլիսի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` գրելով, որ «Հայրիկին է քաշել» տղան։ Հայ մեկ ուրիշ ֆուտբոլիստ էլ` կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, կատակել է, թե երեխան հորից լավ է գոլ խփում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում



