Футбольный клуб EUGA Ardziv. Марсель, Франция

«Նա ոչ մի տեղ չի գնա». Մարսելի հայերը ֆրանսիացի ֆուտբոլիստին ավագի ժապավեն են կապել

96
(Թարմացված է 10:29 10.04.2018)
Արդեն 8 տարի է` Թիերի Գոսոն խաղում է Մարսելի հայկական «Արծիվների» թիմում և չի պատրաստվում որևէ տեղ գնալ։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ֆրանսիացի Թիերի Գոսոն Մարսելի հայերի համար ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկն է։ «Ardziv» տարածաշրջանային լիգայի թիմում նրան հենց սկզբից էլ յուրային են համարել։ Ֆրանսիացին արդեն 8-րդ տարին է խաղում և որևէ տեղ գնալու մտադրություն չունի, իսկ այս տարի նրան ավագի ժապավեն կապեցին, գրում է La Marseillaise պարբերականը։

«Երբ ստորագրում էր պայմանագիրը, ես նրան ասացի, որ այստեղից այլևս չի գնա», — հիշում է ակումբի համանախագահ Ֆիլիպ Ղազարյանը։

Болельшики футбольного клуба EUGA Ardziv. Марсель, Франция
«Արծիվ» թիմի երկրպագուները

«Նա այն ժամանակ երևի խելագարի տեղ դրեց ինձ, բայց պարզվեց, որ նա մեզ հետ մի շարք ընդհանրություններ ունի` արժեքների և տեսակետների առումով։ Կրկնակի հաճելի է, որ մենք նման մարդու հանդիպեցինք ոչ մեր համայնքից», — ավելացրել է Ղազարյանը։

Երկրպագուները ևս սիրում են նրան։

«Երբ լսում եմ, թե ինչպես են նրանք ինձ ոգևորում յուրաքանչյուր հաղթած մենամարտից հետո, պարզապես թևեր եմ առնում։ Ֆուտբոլում ես կատարյալ չեմ, բայց նրանք գիտեն, որ ես ջանք չեմ խնայում։ Հենց դա էլ գնահատում են», — ասել է ֆուտբոլիստը։

Պաշտպանության մեջ նա ամուր է, սակայն պաշտպանի համար ևս բավական հաճախ է գնդակը դարպասն ուղարկում։

«Գուցե ես կարող էի որևէ այլ տեղ խաղալ, բայց արդյո՞ք ավելի լավ բան կգտնեմ», — ինքն իրեն հարցնում է ֆուտբոլիստը։

Այստեղ նա իսկական ընտանեկան անկյուն է գտել։ Գալիս են մայրիկներն իրենց երեխաներով և խաղերից հետո ֆուտբոլիստների համար բուտերբրոդներ են պատրաստում։ Իսկ դա վարկանիշային մրցաշարերից թանկ արժե, համոզված է ֆրանսիացին։

Որևէ մեկի մտքով նույնիսկ չանցավ բարկանալ, երբ նա 2014 թվականի Պրովանսի գավաթի եզրափակիչում վճռական 11-մետրանոցը չխփեց։ Ուղիղ հարված, և գնդակը դիպավ ձողին… Նրա ամենավատ հիշողություններից է։

«Նրանք տեսնում էին, թե որքան վատ վիճակում էի և ոչինչ չասացին ինձ։ Ահա այդ պահերին ես զգում, որ դու ընտանիքի անդամ ես»։

Սակայն հաջորդ տարին նա ռևանշ վերցրեց։ Գավաթը հաղթեցին։

Վերջերս Թիերին սկսել է մարզել թիմի մինչև 15 տարեկան պատանիներին։ Հետագայում նա ցանկանում է մնալ և մարզիչ դառնալ, բայց միայն երեխաների։

96