Լուչանո Սպալետտի

Մխիթարյանն ու նրա «ինտերյան» ապագան․ ինչի՞ համար կարելի է ու պետք է «ատել» Լուչանո Սպալետտիին

205
(Թարմացված է 12:42 08.01.2018)
Եթե լրատվամիջոցների կանխատեսումները ճիշտ են, ու Մխիթարյանն իսկապես «Ինտերի» շապիկ է հագնելու, ապա հայության «չուզողության» մյուս օբյեկտը Լուչանո Սպալետտին է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Արդեն քչերն են կասկածում, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով լքելու է «կարմիր սատանաներին»։ Մնում է հասկանալ՝ հայկական հավաքականի առաջատարին ուր կտանեն մարզակոշիկները։ Ամենահավանական թեկնածուն այս պահին Միլանի «Ինտերն» է․ Մխիթարյանը կարող է այնտեղ տեղափոխվել վարձակալության հիմունքով։

Այսինքն ակնհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն այլևս հայկական անեծքների թիվ մեկ հասցեատերը չի լինելու։ Ամենայն հավանականությամբ, ծիրանի ու ջերմուկի երկրում նրա մասին պարզապես կմոռանան։ Ակումբի փոխվելուն զուգահեռ կփոխվի նաև հայ ֆուտբոլային երկրպագուների գլխավոր ախոյանը։

Եթե ենթադրենք, որ լրատվամիջոցների կանխատեսումները ճիշտ են, ու մոտ ապագայում Հենրիխն իսկապես կհագնի «ներաձուրիի» մարզաշապիկը, ապա հայության «ատելության» հաջորդ օբյեկտը կդառնա «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին։
Sputnik Արմենիան ոչ մեծ «տեղեկանք» է պատրաստել Սպալետտիի մասին. ո՞վ է նա, ինչո՞վ է հայտնի, ու ինչի՞ համար (քանի որ մեզ պետք է) կարելի է ատել նրան։

Երիտասարդ տարիներին Լուչանո Սպալետտին փորձել է ֆուտբոլ խաղալ, բայց նրա մոտ չի ստացվել։ Սկզբում մարզվել է «Ֆիորենտինայի» ֆուտբոլային դպրոցում, բայց նրան անհեռանկարային ֆուտբոլիստ են համարել։ Հետո անցել է մի ակումբ, որի մասին երևի լսել են միայն իտալական ֆուտբոլի մոլի սիրահարները։ Չնայած, ո՛չ, նրանք էլ երբեք չեն լսել «Կաստելֆյորենտինոյի» մասին։ Այդ թիմը երբեք ոչ մի բանի չի հասել ու Իտալիայի առաջնության C սերիայից այն կողմ չի գնացել։

Հենց երրորդ դիվիզիոնում էլ «Էմպոլիում» խաղացող Սպալետտին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։ Այլ տարբերակ չունենալով՝ «Էմպոլիում» որոշել են երիտասարդ Լուչանոյին «գործազուրկի» կարգավիճակ չտալ ու նրան որպես մարզիչ են վերցրել։ Ու ահա այստեղ Սպալետտիի բախտը բերել է․ երկու տարվա ընթացքում նա իր երրորդ դիվիզիոնի թիմը հանել է ընտրյալների ակումբ՝ А սերիա, որտեղ ամեն տարի իրար հետ կռիվ էին տալիս «Յուվենտուսն» ու «Ինտերը», «Միլանն» ու «Ռոման», «Լացիոն»… ինչ-որ մեկի հետ և այլն։

Ու ահա այստեղ է գալիս Սպալետտին իր «Էմպոլիով»։ Անկեղծ ասած, այդ մրցաշրջանը Լուչանոյի համար շատ ցավալի էր։ Ու եթե առաջին տարվա ընթացքում Սպալետտին հրաշքով կարողացավ մնալ իտալական ֆուտբոլի «թոփ»-ում, ապա հաջորդ տարի նա դրմփոցով ընկավ ներքևի հարկ։

Իսկ Լուչանոն ի՞նչ։ Լուչանոն փախավ, ընդ որում` փախուստը երկար տևեց։ Սկզբում հայտնվեց «Սամպդորիայում», մրցաշրջանի կեսին աշխատանքից ազատեցին, բայց արդեն ուշ էր, ակումբը երկրորդ դիվիզիոն էր ընկել։ Հետո Սպալետտին «Վենեցիա» գնաց, որը А սերիայում էր խաղում։ Այստեղ էլ կատարեց իր առաջ դրված խնդիրն ու թիմին երկրորդ դիվիզիոն վռնդեց։
Լուչանո Սպալետտիի մարզչական կարիերայի հաջորդ կետը «Ուդինեզեն» էր, որը քիչ էր մնում` փլվեր նոր մարզչի խելացի խնամքից ։ Սակայն այստեղ ժամանակին ուշքի եկան ու Լուչանոյին ուղարկեցին «Անկոնա» («Կաստելֆյորենտինոյի» տիպի, բայց մի փոքր ավելի լավ)։
Այսպիսին էր Լուչանո Սպալետտին. պատանիների համար նախատեսված հոլիվուդյան ֆիլմում նա կարող էր անհաջողակի դեր կատարել, իսկ «Ամերիկյան կարկանդակի» մեջ՝ կարկանդակի դերը։

Թեև պետք է ասել, որ Սպալետտին միշտ գրավում էր ոչ թե մարզչի վարպետությամբ ու մեծ ռազմավարի հմտություններով, այլ ճաղատ հմայքով։ Ինչ-որ անհասկանալի ձևով, սարսափելի ձախողումներից հետո Սպալետտիին հաջողվեց երկրորդ անգամ տեղավորվել «Ուդինեզեում»։ Կա՛մ աստղերն էին ճիշտ դասավորվել, կա՛մ Լուչանոն ֆուտբոլի տեսության վերաբերյալ մի երկու գիրք էր կարդացել, բայց երկրորդ անգամ ուդինեզցիների հետ ամեն ինչ այդքան վատ չստացվեց։

«Ուդինեզեում» մի քանի համեմատաբար հավասար մրցաշրջան անցկացնելով՝ Լուչանո Սպալետտին իր հմայիչ արմատները գցեց «Ռոմայում»։ Ճիշտ է` նա հաջողացրեց ձեռքից բաց թողնել չեմպիոնի կոչումն ու կռվել հռոմեացիների լեգենդ Ֆրանչեսկո Տոտտիի հետ, բայց այստեղ նա չտապալվեց։

Սակայն Սպալետտին խնդիր ուներ. 51 տարեկանում նա չեմպիոնի ոչ մի կոչում չուներ։ Ոչ մի։ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Մորունիոն այդ կապակցությամբ ծաղրում էր գործընկերոջը․ «Ընտրյալը» Լուչանոյին անվանում էր «zero tituli», այսինքն տիտղոս չունեցող։ Մորուրինյոն այստեղ բառախաղ է օգտագործել, որը կարելի է թարգմանել նաև որպես «ոչ ազնվական»։

Սպալետտիի համար բարդույթները թիվ երկրորդ հակառակորդն էին։ Իսկ առաջինը «Յուվենտուսն» էր, որն այն տարիներին բարդացնում էր «Ռոմայի» կյանքը։ Նրանց գերազանցելու համար Լուչանոն որոշեց ամեն գնով չեմպիոնի գոնե որևէ տիտղոս ստանալ։ Դրա համար իտալացի մասնագետը գնաց ռուսական «Զենիթը» մարզելու և հասավ իր ուզածին։

Սպալետտիի ղեկավարությամբ «Զենիթը» երկու տարի շարունակ հաղթեց Ռուսաստանի առաջնությունում, գրավեց Ռուսաստանի Գավաթն ու Սուբերգավաթը։ Ճիշտ է` դրա համար ռուսական ֆուտբոլի համար ռեկորդային տրանսֆերային գործարքներն ու կազմի ամբողջական նորացում էր հարկավոր, բայց, միևնույնն է, համարվեց, որ դա «տաքարյուն մարզչի» վաստակն է։ Ասում են, որ որոշակի դերակատարություն են ունեցել Սպալետտիի բեղերը․ հենց «Զենիթի» հաղթարշավի ժամանակ Լուչանոն որոշեց գոնե որևէ բուսականություն աճեցնել ուսերից վերև ընկած հարվածում։

«Զենիթի» դարաշրջանի վերջին Սպալետտիին գործից հանեցին, հավանաբար Լուչանոյին ինչ-որ բան սերտորեն կապում էր «Կաստելֆյորենտինոյի», «Անկոնայի» ու այլ ժամանակակից «մեծ» ակումբների հետ։ Նրա տեղը ուրիշ մարզչի նշանակեցին, իսկ ինքը՝ Սպալետտին, դեռ կես տարի ամսական 300 հազար եվրո աշխատավարձ ստացավ ոչ մի բան չանելու համար։

2016 թվականին Լուչանոյին «Ռոմա» վերադարձրին, բայց մեկ տարի անց նա արդեն «Ինտերում» էր, որտեղ և աշխատում է մինչև այսօր։ Ու որտեղ, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Հենրիխ Մխիթարյանը։

Իտալացի մարզչի մասին որոշ փաստեր ու «փաստեր»

  • Լուչանոն ծնվել է մարտի 7-ին։ Ասում են՝ շատ էր ուզում մարտի 8-ին ծնվել, որպեսզի այդ օրը նույնպես նվերներ ստանար, բայց ինչպես միշտ, նա ձախողեց վերջին պահին։
  • Չեն ասում, բայց ենթադրում են, որ Սպալետտին ուզում էր Սպագետտի լինել, որպեսզի ավելի իտալական լիներ, բայց ինչպես միշտ… Դե, հասկացաք։
  • Սպալետտին սիրում է մուրճեր հավաքել, բայց ոչ ոքի չի ասում՝ ինչի համար։
  • Բացի Մոուրինյոյի տված ածականից, Սպալետտիին անվանում են նաև «Դոն» ու «Միստր»։ Ամենայն հավանականությամբ, այդ ածականների հեղինակը հենց ինքը Լուչանո Սպալետտին է։
  • Արևելյան հորոսկոպով Սպալետտին վարազ է, ոչ արևելյանով՝ ձուկ։ Սա այնքան էլ կարևոր չէ, բայց Սպալետտիի մասին հոդվածում կարող է որոշակի իմաստ ստանալ։
205
Լևոն Արոնյան. 3 հունիսի, 2019

Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

44
(Թարմացված է 16:42 01.03.2021)
ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում Լևոն Արոնյանի անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։

44
թեգերը:
Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
«Դա սպորտսմենի իրավունքն է». ԿԳՄՍ նախարարը` Արոնյանի որոշման մասին
Շախմատ

Հովհաննես Գաբուզյանը դարձավ Հայաստանի չեմպիոն

39
(Թարմացված է 14:35 01.03.2021)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

39
թեգերը:
Հովհաննես Գաբուզյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
«Այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել»․ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի

0
ԲԴԽ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի, Գագիկ Ջհանգիրյանի ու Գագիկ Հարությունյանի մասին հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:

Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:

Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:

«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:

Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:

0