Սպորտ

Չինաստանը կաջակցի հայկական սպորտի զարգացմանը

32
Հայաստանում մասսայական սպորտի զարգացման համար ներդրում կկատարի Չինաստանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ու մեր երկրում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը գործակցության պայմանագիր են ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը Չինաստանի աջակցության վերաբերյալ,հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Նախարար Ռոստոմյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության համար:

«Վստահ եմ, որ սա մեր համագործակցության մեկնարկն է, որը լինելու է շարունակական և տալու է ցանկալի արդյունք՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը և տարածել առողջ ապրելակերպի գաղափարները»,- ասել է Ռոստոմյանը:

Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվել մասսայական սպորտին, և ուրախ է, որ այս գործակցությունը կօգնի հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերում մարզվողների թվի ավելացմանը:

Այս փուլում նախատեսվում է մարզահրապարակներ կառուցել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:

32