Շախմատ խաղացող երեխաներ

Կյանքը շախմատում կամ ինչու է շախմատը նման հայկական մտածելաձևին

18
(Թարմացված է 19:12 09.07.2017)
Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որտեղ շախմատը մտավ դպրոցական դասացանկ: Բացի այդ, կարող ես հայաստանյան ցանկացած տեղանքում զբոսնել ու տեսնել ազատ ժամանակ բակերում շախմատ խաղացողների: Թե ինչ որակներ է զարգացնում շախմատը, ինչ զարգացում ունի այն Հայաստանում և ինչու են շախմատը նմանեցնում հայկական մտածելաձևին, կպատմի Sputnik Արմենիան:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Շախմատային հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը զարմացած է՝ աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի փողոցում շախմատ խաղացողների. Հայաստանում ամենուր են մարդիկ, որոնք ազատ ժամանակը նախընտրում են անցկացնել՝ հաճելին օգտակարի հետ համատեղելով: Շախմատն ավելի լավ են զգում հայերը, քանի որ սերտ կապ կա շախմատի ու հայկական մտածելաձևի, ապրելակերպի միջև:

«Շախմատը բնորոշ է հայկական մտածելաձևին, մեր ազգի կյանքը շատ բարդ է եղել, մենք միշտ կարողացել ենք գոյատևել և հաղթել մտքի շնորհիվ, շախմատը դրա դրսևորումներից մեկն է, այդ պատճառով էլ Հայաստանում ընդունելի է շախմատը»,- ասաց Աղուզումցյանը:

Շախմատը զարգացնում է հաղորդակցումը, կամային հատկանիշները, մարզում ուշադրությունը և մրցակցային ոգին: Հաջողություն, սպորտ, հաճույք. սրանք մեկտեղվում են մեկ գաղափարում:

Рубен Агузумцян
© Sputnik/ Asatur Yesayants
Ռուբեն Աղուզումցյան

«Շախմատը մարդկանց սովորեցնում է նաև կյանքում որոշում ընդունել, ինքնուրույն լինել, այսինքն՝ շախմատի միջոցով զարգանում են այն բոլոր հոգեբանական հատկությունները, որոնք մարդուն պետք են կյանքում»,- ասաց շախմատային հոգեբանը: 

Պատահական չէր, որ երեկ կայացած Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի զարգացումը կապեց նաև շախմատի մասսայական լինելու հետ: Պարտադիր չէ, որ բոլորը դառնան գրոսմայստեր, բայց լավ կլիներ, եթե բնակչության զգալի մասը շախմատ խաղալ սովորեր:

«Իմ նպատակն է ունենալ հինգ լավ գրոսմայստեր, բայց նաև շախմատիստի պես մտածող հիսուն հազար մարդ: Շախմատը սովորեցնում է արդար հաղթել ու արդար պարտվել»,- ասաց երկրի ղեկավարը, որը երեկ միաձայն վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանն ամեն անգամ Հայաստանի շախմատի հավաքականների մրցանակները հաշվելիս վերահաշվարկ է անում: Երբեմն հավատը չի գալիս, որ այսքան փոքր երկրում այսքան մեծ ներուժ կարող է անել: Ու ասվածը ներկայացնում է թվերով:

«Չորս տարվա ընթացքում հարյուր քսան միջազգային հաղթանակ, որից վաթսունյոթը՝ առաջին տեղերով»,-ասաց նա:

Լպուտյանի գնահատմամբ՝ շախմատի մասսայականությունն էլ ավելի ընդլայնելու հարցում անելիքներ շատ կան, բայց մի բան ակնհայտ է՝ ճիշտ ճանապարհին են:

Նա դրական է համարում սերնդափոխությունը շախմատային ասպարեզում: Վստահեցնում է, որ այսօր մեզ հայտնի գրոսմայստերների շարքերը համալրում են նոր սերնդի ներկայացուցիչները: Միաժամանակ շախմատի հայ հսկաները ևս դիքերը չեն զիջում: Օրինակ՝ Լևոն Արոնյանը վերջին երկու խոշոր մրցաշարերում գրանցած փայլուն հաղթանակներով ցույց տվեց, որ կարող է կրկին հավակնել աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Русская версия

18