Գևորգ Ղազարյան

Գևորգ Ղազարյան. «Չեռնոգորիան ձգտելու է ռևանշի ու գործելու է կրկնապատկված եռանդով»

55
(Թարմացված է 12:15 09.06.2017)
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Չեռնոգորիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը վստահեցնում է` մեր հավաքականը պատրաստ է պատասխան խաղին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հունիսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը մեծ հետաքրքրություն ու նշանակություն ունի, քանի որ երկու հավաքականներն էլ հույսեր են փայփայում Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար: Մրցաշարային աղյուսակում Չեռնոգորիայի հավաքականը յոթ միավորով երկրորդ տեղում է, մեր հավաքականը վեց միավորով հինգերորդն է:

Պարզ է, որ միավորների չնչին տարբերության պայմաններում երկու թիմին էլ հաղթանակ է հարկավոր իրենց նպատակն իրականություն դարձնելու համար: Բայց երկկողմանի դա անելը հեշտ չի լինի: Հայաստանի հավաքականի համար առավել ևս, քանի որ մեր թիմի մեկնարկային կազմի խաղացողներից մի քանիսը չեն կարող մասնակցել հաշվետու խաղին:

Թիմերի պատասխան խաղին մեր հավաքականի առաջատարներից մեկը՝ Գևորգ Ղազարյանը, վնասվածքի պատճառով չի մասնակցի: Գևորգը թիմի հետ մեկնելու է Չեռնոգորիա ու մեկնումից առաջ զրուցել է Sputnik Արմենիայի հետ:

Նախևառաջ շատ կարևոր էր իմանալ, թե ապաքինման որ փուլում է գտնվում Ղազարյանը: Ինչպես նշեց ֆուտբոլիստը, երկու վիրահատությունից հետո ամեն ինչ ընթանում է ըստ բժիշկների կանխատեսումների, և Գևորգը հույս ունի սեպտեմբերին սկսել մարզումները:

Հիշեցնենք, որ Հայաստան- Չեռնոգորիա առաջին խաղում մեր ընտրանին սխրանք գործեց ու գերկամային հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: Առաջին խաղակեսում մեր թիմը պարտվեց 0:2 հաշվով, բայց երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները բեկեցին խաղի ընթացքը, իսկ հանդիպման 93-րդ րոպեին Գևորգ Ղազարյանի խփած գնդակը մեր թիմին հաղթանակ բերեց 3:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, հիշելով երևանյան հանդիպումը, նշեց, որ ինքը հիմնականում հեռահար հարվածների չի դիմում: Բայց այդ խաղում հաճախակի էր փորձում տուգանայինի մատույցներից անհանգստացնել մրցակցի դարպասապահին: Իսկ կոնկրետ գոլի հետ կապված Ղազարյանն ուղղակի նշեց, որ չէր էլ մտածում, որ խաղի վերջին վայրկյաններն էին ընթանում:

«Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ես նման հեռավորությունից ու կանգնած դիրքից երբեք հարված չէի կատարել: Բայց հարվածեցի ու ստացվեց արդյունավետ»,- ավելացրեց հաղթական գոլի հեղինակը:

Անդրադառնալով առաջիկա խաղին` Գևորգ նշեց, որ չնայած կորուստներին` մեր հավաքականն ի զորու է հասնել դրական արդյունքի: Իհարկե, ցանկալի է հաղթանակի հասնել, բայց ոչ-ոքին էլ բացասական արդյունք չի համարվում: Հավաքականի համար շատ կարևոր էր Սենտ Քիթս և Նևիսի հավաքականի հետ խաղը, որում հանդես եկան այն ֆուտբոլիստները, որոնք խաղադաշտ են դուրս գալու Պոդգորիցայում: Հայ կիսապաշտպանի կարծիքով կարևոր էր, որ այդ խաղում մրցակիցն ուժեղ չէր, և տղաները խուսափեցին վնասվածքներից: Բացի այդ, խաղային պրակտիկան նույնպես կարևոր էր այս խաղի հետ կապված:

Գևորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը երկար տարիներ հանդես են եկել «Փյունիկում», հիմա էլ խաղընկերներ են ազգային հավաքականում: Գևորգը նշեց, որ Հենրիխի հետ շատ հեշտ է համագործակցելը խաղադաշտում: Նա ինքն է հեշտացնում խաղընկերոջ գործը, եթե զգում է, որ լարվածություն կա:

«Նորություն չէ, որ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ու խաղադաշտում միայն նրա ներկայությունն արդեն մեծ առավելություն է հավաքականի մյուս ֆուտբոլիստների համար»,- ավելացրեց Ղազարյանը:

Երևանում կրած պարտությունից հետո Չեռնոգորիայի հավաքականը, անկասկած, փորձելու է ոչ միայն հաղթանակի հասնել, այլ ռևանշի հասնել իրենց համար «ցավոտ» պարտության համար: Ղազարյանն էլ համոզված է, որ մրցակիցը գործելու է կրկնապատկված եռանդով ու դժվար թե մոռացած լինի Հայաստանում կրած պարտությունը:

55