Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը

Մեր մրցակիցը՝ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը

75
(Թարմացված է 20:06 03.06.2017)
Հունիսի 4-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընկերական մրցավեճում մրցելու է Սենթ Քիթս և Նևիսի ընտրանու հետ: Այս հանդիպումը վերջին ստուգողական խաղն է լինելու Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղից առաջ:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Սենթ Քիթս և Նևիսի հավաքականն, անկասկած, հանելուկ է հայ երկրպագուների համար: Այս երկրի ընտրանին երբեք հանդես չի եկել համաշխարհային խոշոր ստուգատեսներում:

ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը զբաղեցնում է 89-րդ տեղը: Հավաքականը հանդիսանում է Կարիբյան ֆուտբոլային միության անդամ և մասնակցում է ԿՈՆԿԱԿԱՖԻ ընտրական մրցաշարերին: ՖԻՖԱ-ի անդամ է դարձել 1994 թվականին ու, սկսած 1998 թվականից, մասնակցել է ընտրական մրցաշարերին:

Սենտ Քիթս և Նևիսը պետություն է, որը գտնվում է Կարիբյան ծովի արևելքում և տեղակայված է երկու կղզիների վրա՝ Սենթ Քիթս և Նևիս: Ընդհանուր տարածքը 261 քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 50 հազար: Երկրի մայրաքաղաքն է Բասթերը, որը գտնվում է Սենտ Քիթս կղզու վրա: Սենթ Քիթս և Նևիսը տարածքով ու բնակչությամբ ամենափոքր երկիրն է երկրագնդի արևմուտքում:

Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացրել մայիսի 5-ին ու 2:1 հաշվով հաղթանակի հասել Բարբադոսի թիմի նկատմամբ, իսկ մինչ այդ էլ թիմը նույնպես ընկերական խաղում 2016 թվականի նոյեմբերին 1:1 է ավարտել հանդիպումը Էստոնիայի ընտրանու հետ:

Պարզ է, որ հայ երկրպագուին հետաքրքիր է, թե ինչպիսի ֆուտբոլիստներով է հանդես գալիս Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը: Հիմնականում, հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստները մասնակցում են իրենց երկրի ներքին առաջնությունը: Ինչպես և բոլոր այլ թիմերում, հավաքականն ունի առաջատար: Ընտրանու ավագ Աթիբա Հարիսը, Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի կազմում անցկացրել է 56 հանդիպում և հանդես է հալիս ԱՄՆ-ում՝ «Դալլասի» կազմում:

Հավաքականի կազմում հինգ ֆուտբոլիստներ խաղում են Անգլիայում. Ռոմյեն Սեվյերսը ներկայացնում է Չեմպիոնշիփը ու խաղում է «Բրենտֆորդի» կազմում, իսկ Թեո Վարտոնը խաղում է «Քարդիֆի» կազմում: Երկրորդ դիվիզիոնի «Բոսթոն Յունայթեդի» կազմում է խաղում Ջեյսոը Ջուսթը:Անգլիայի հինգերորդ դիվիզիոնի «Տրանմիր Ռովերսի» կազմում է հանդես գալիս Լուիս Մայնարդը, նույն դիվիզիոնի «Բարրոու» թիմն է ներկայացնում Հարի Պանայոտուն: Զեֆանիա Թոմասն էլ ներկայացնում է «Մակլովեր Սպորտս» թիմում:

Կազմից ու թիմի ելույթներից ելնելով՝ չես ասի, որ առաջիկա խաղին մեր ընտրանուն հզոր մրցակից է բաժին հասել, սակայն թերագնահատել Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին, իհարկե, չի կարելի: Հայաստանի հավաքականի համար այս խաղում կարևորը հանդիպում անցկացնելն է, որպեսզի մեր ֆուտբոլիստները ևս մեկ անգամ հղկեն համագործակցությունը խաղադաշտում:

Հիշեցման կարգով նշենք, որ մեր հավաքականի կազմում հունիսի 10-ին Չեռնոգորիայի հետ խաղին վնասվածքի պատճառով չեն մասնակցելու Գևորգ Ղազարյանն ու Հովհաննես Համբարձումյանը, իսկ Վարազդատ Հարոյանը որակազրկված է:

75