Օլիմպիական խաղեր

Պատանի նետաձիգները կպայքարեն օլիմպիական խաղերի վարկանիշի համար

10
(Թարմացված է 12:02 06.04.2017)
Հայ պատանիները նախապատրաստվում են աշխարհի պատանիների առաջնությանը, որը նաև 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԲԿՄԱ-ում կայացած նետաձգության Հայաստանի առաջնությունում, որն անցկացվեց բացօթյա, 70+70 մետր մրցաձևում, տղաներից հաղթող դարձավ Սամվել Խաչատրյանը, աղջիկներից՝ Հայկուհի Մարգարյանը: Նետաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը հայտնել է, որ հիմա պատրաստվում են մրցաշրջան 2017-ի պատասխանատու մեկնարկներին:

Արդեն այս ամսվա 16-ին Սամվել Խաչատրյանը, Լևոն Պողոսյանը և Արման Բալդրյանը Հունաստանի Մարաթոն քաղաքում մասնակցելու են Եվրոպայի երիտասարդների և պատանիների գավաթի 1-ին փուլին: Սամվելը հանդես է գալու երիտասարդների մեջ, Լևոնն ու Արմանը՝ պատանիների։

«Այս երկու պատանիները նախապատրաստվում են հոկտեմբերին Արգենտինայում կայանալիք աշխարհի պատանիների առաջնությանը, որը նաև 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Երեք նետաձիգներն էլ Հունաստանից կմեկնեն Լեհաստան՝ մասնակցելու Եվրոպայի մեծահասակների գավաթի 1-ին փուլին: Այնուհետև, մայիսին կկայանա Հայաստանի ֆեդերացիայի գավաթը, որից հետո կորոշվի, թե ովքեր կմեկնեն հունիսին Անթալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկություն», — ասաց Բորիս Վասիլյանը:

10