ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում:
Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ նախագահը մարզաշխարհի համար ամենակարևոր իրադարձությունը համարել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն՝ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան բերելով օլիմպիական ոսկին, տեղեկացնում է president.am-ը:
Ինչպես դա, այնպես էլ 2016 թվականի աշխարհի և Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնություններում շահած մեդալները, Հանրապետության նախագահի համոզմամբ, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Նախագահը վստահեցրել է, որ պետությունը շարունակելու է ամեն տարի ավելացնել սպորտին ուղղված միջոցները:
«Ես ուրախ եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր մարզադահլիճներ, նոր մարզադպրոցներ են շահագործման հանձնվում և, իհարկե, շատ գնահատելի է, որ դա տեղի է ունենում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նաև:
Շահագործման հանձնվեց, օրինակ, օլիմպիական կոմիտեի ողջ համալիրը, ընդամենը երկու-երեք օր առաջ մենք շահագործման հանձնեցինք Երևանի պետական համալսարանի մարզադահլիճները՝ շքեղ, մեծ, հարմարավետ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող:
Այսպես կարող եմ շահագործման հանձնված մարզադաշտերի ու մարզադպրոցների թվարկումը շարունակել: Երբ մեր մարզիկները, մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լցվում: Բայց կարևորը, կարծում եմ, նաև այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ, և երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետևել նրանց:
Վստահաբար ասում եմ, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետև ունեցանք Տիգրան Պետրոսյան: Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, ճիշտ է՝ առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ ապագա ունի, որովհետև այստեղ նստած են «Արարատ 73»-ի տղաները, որոնք ուղղակի մեզ հպարտության զգացում են ներարկել: Ես վստահ եմ, որ նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի երեկվա գոլը հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչել:
Արթուր Ալեքսանյանը, երբ Ռիոյում դարձավ չեմպիոն, կարծում եմ, որ բոլոր հայ տղաները մտածում էին՝ Աստված տա, իրենք էլ դառնան օլիմպիական չեմպիոն, որպեսզի այդպիսի հարգանքի և այդպիսի ընդունելության արժանանան: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հաջողություն բոլորիս, խաղաղություն մեր երկրին»,-շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։



