ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Goal հեղինակային հրատարակությանը տված հարցազրույցում նշել է իր սիրելի ֆուտբոլիստների անունները, հաղորդում է euro-football-ը։
«Ես միշտ երկրպագել եմ Անրիին (ֆրանսիացի ֆուտբոլիստ, որն ավարտել է կարիերան 2014թ-ին` խմբ.), երբ նա ելույթ է ունեցել «Արսենալի» կազմում։ Տիերին իմ սիրելի ֆուտբոլիստներից է, այդ ժամանակ ես նույնպես խաղում էի հարձակվողի դիրքում»,- ասել է Մխիթարյանը։
Հայ կիսապաշտպանը պատմել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում» իր դրության մասին։
«Միշտ հաճելի է դաշտ դուրս գալը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալն իմ երազանքն է եղել։ Ես ուրախ եմ, որ հանդես եմ գալիս մեկնարկային կազմում և փորձում եմ հնարավոր ամեն ինչ անել թիմի համար։ Անգլիական ֆուտբոլը շատ է տարբերվում մյուս երկրների ֆուտբոլից։ Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա. ցանկացած լիգայի պետք է վարժվել։ Սկզբից մի քիչ դժվար էր, բայց ես փորձում եմ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դառնամ Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը»,- ասել է Մխիթարյանը։