«Ուրարտու»

Արա Պողոսյան. «Ուրարտուն» չի լուծարվել, ու մենք ամեն ինչ կանենք թիմը պահպանելու համար

22
(Թարմացված է 21:02 06.12.2016)
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա` առաջնությունից դուրս գալու դիմումով: Ակումբի ներկայացուցիչները Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ներկայացրին այդ որոշման պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. «Մենք երկրորդ անգամ ենք ասուլիս անցկացնում Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում: Առաջին անգամ ուրախ տրամադրությամբ և պայծառ մտքերով հայտարարեցինք «Ուրարտու» բասկետբոլային թիմի վերածննդի մասին, իսկ հիմա ցավոք պետք է փաստենք, որ թիմը այլևս չի մասնակցում Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի մրցումներին»: «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Արա Պողոսյանն այսպես սկսեց իր խոսքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ара Погосян
© Sputnik/ Asatur Yesayants
Արա Պողոսյան

Հայկական ակումբի նախագահը Սուպերլիգայի կազմակերպիչներին մեր թիմի մասնակցության դադարեցման մասին նամակ է հղել դեկտեմբերի 2-ին։

«Ուրարտուի» վերածնունդը շատ հաճելի երևույթ էր հայկական սպորտում: Մեր թիմի առաջին իսկ խաղում լեփ լեցուն դահլիճը ապացուցեց, որ հայ երկրպագուները սիրում են բասկետբոլ ու ամեն ինչ կանեն մեր թիմի աջակցելու համար: Սակայն 9 պարտությունից հետո «Ուրարտուն» դուրս եկավ մրցաշարից: Անմիջապես հարցեր ծագեցին, թե ինչու՞:

Շատերն անմիջապես մտածեցին ֆինանսների բացակայության մասին: Բայց «Ուրարտուի» նախագահ Արա Պողոսյանը նշեց, որ ֆինանսական խնդիրը առաջնային արգելքը չէր։

«Այո, թիմն ուներ ֆինանսական խնդիրներ: Բայց դա չէր պատճառը, որ մենք դուրս եկանք Սուպերլիգա-1 մրցաշարից: Առաջնության ռեգլամենտի պատճառով ու կազմակերպչական բազմաբնույթ արգելքների պատճառով մենք այդպես էլ չկարողացանք նորմալ թիմով ներկայանալ խաղերին»,- ասաց նա:

Բասկետբոլի սիրահարները շատ լավ հիշում են, որ մեկնարկային խաղում մեր թիմի չորս բասկետբոլիստներ չկարողացան դուրս գալ խաղահրապարակ առաջնության կազմակերպիչների թույլտվություն չունենալու պատճառով: Արա Պողոսյանը հանգամանորեն ներկայացրեց նաև այս խնդիրը։

«Մեկնարկային խաղից 10 րոպե առաջ մենք իմացանք, որ չենք կարող խաղալ ամբողջ կազմով: Ու այդ խնդիրը հետապնդեց մեզ մինչև վերջին խաղերը: Որոշ բասկետբոլիստներ, այդպես էլ իրավունք չստանալով դուրս գալ խաղահրապարակ, հեռացան, իսկ երբ մեր տղաներից ոմանք էլ վնասվածք ստացան, պարզ դարձավ, որ մենք ուղղակի չենք կարող հաղթել: Մարզիչը շատ հաճախ փոփոխություններ չէր կատարում` պատրաստ խաղացող չունենալով: Անցած ինը խաղում մենք հանդես եկանք մեկ կենտրոնականով, իսկ ժամանակակից բասկետբոլով նման կազմով հաղթել հնարավոր չէր: Պարզ դարձավ, որ մյուս խաղերում էլ ենք պարտվելու ու, իհարկե, արդեն չուզեցինք խաղալ»:

Ֆինանսական խնդիրներին անդրադառնալով «Ուրարտուի» նախագահը նշեց, որ թիմն ուներ բյուջե և ֆինանսավորվել է օլիմպիական կոմիտեի ու բասկետբոլի ֆեդերացիայի կողմից: Եղել են կազմակերպություններ, որոնք խոստացել են հովանավորել, բայց հետո հետ են կանգնել իրենց որոշումներից: Ու չնայած այս ամենին, Պողոսյանը նշեց, որ մեր թիմի բասկետբոլիստների հետ ակումբը ֆինանսական ոչ մի պարտք չունի կամ էլ առաջիկա երկու օրերի ընթացքում բոլոր պարտքերը կփակվեն:

Իսկ ամենահուսալի հատվածը թիմի ապագայի հետ կապված հարցերն էին, որոնց մասին Արա Պողոսյանը խոսեց լավատեսորեն։

«Մենք ընդամենը դուրս ենք եկել Սուպերլիգայի առաջնությունից: Թիմը չի լուծարվել, ու ամեն ինչ անելու ենք «Ուրարտուն» պահելու համար: Ամանորից հետո արդեն կհասկանանք, թե ինչ ծրագրերով պետք է առաջնորդվենք թիմը պահպանելու համար»:

22