Артур Петросян. Сентябрь, 1997 год

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը հին ֆուտբոլիստ է

92
(Թարմացված է 18:00 19.10.2016)
Խաչիկ Չախոյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը ամենաքննարկելին էր Վարուժան Սուքիասյանի հրաժարականից հետո: Հոկտեմբերի 19-ին Ֆոիտբոլի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտարարեց նոր մարզչի անունը: Այսուհետ մեր առաջին թիմը գլխավորելու է Արթուր Պետրոսյանը:

Ոչ վաղ անցյալի մեր առաջատար խաղացողներից մեկը վերադառնում է հավաքական, բոլորովին այլ ֆունկցիայով, բայց նույն նպատակով՝ հաղթանակ:

Երկար տարիներ Արթուր Պետրոսյանը եղել է ոչ միայն Գյումրու «Շիրակի», այլև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը: Ավելի տարեց ֆուտբոլասերները շատ լավ հիշում են, թե ինչպես Պետրոսյանն իր անցումներից հետո կարողանում էր անակնկալի բերել մրցակիցներին ու դառնում գոլի հեղինակ:

Ազգային հավաքականի կազմում հանրահայտ ֆուտբոլիստը հանդես է եկել 69 անգամ՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Ընդ որում, այդ արդյունքը երկար ժամանակ լավագույնն էր հայ ֆուտբոլիստների համար, մինչև այն չգերազանցեց Հենրիխ Մխիթարյանը:

Արթուր Պետրոսյանը ավելի երկար կարող էր շարունակել ֆուտբոլիստի իր կարիերան, բայց վնասվածքը թույլ չտվեց տաղանդավոր այս ֆուտբոլիստին նոր բարձրունքերի հասնել:

Երկու անգամ՝ 1996 և 2000 թվականներին, ճանաչվելով Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, Պետրոսյանն ապացուցել է, որ շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ է: Մարզական կարիերան ավարտելով Շվեյցարիայում, Պետրոսյանը շարունակեց աշխատել «Ցյուրիխի» կազմում և հիմա էլ իր լուման է ներդնում այդ ակումբի զարգացման գործում:

Ազգային հավաքականում Պետրոսյանն արդեն աշխատել է որպես մարզիչ՝ 2014-2015 թվականներին լինելով գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: Հիմա արդեն Պետրոսյանն է առաջ տանելու մեր ընտրանուն:

Անկասկած, Արթուր Պետրոսյանն ունի ահռելի փորձ ֆուտբոլում և մեծ ներուժ՝ մարզչական աշխատանքում: Ասել, որ նրա համար հեշտ է լինելու ազգային հավաքականը մարզելը, սխալ կլինի: 

Ճիշտ հակառակը, հիմա արդեն մեր բոլոր հույսերը կապելու ենք հենց Պետրոսյանի հետ, իսկ ինքը՝ Արթուր Պետրոսյանն, իր հույսերն արդեն կարող է կապել միայն իր ֆուտբոլիստների հետ: Թե ինչպիսի կազմով և ինչպիսի խաղ ցույց կտա մեր հավաքականը՝ մոտ ապագայում կտեսնենք:

Աշխարհի 2018 թվականի ընտրական խմբում մեր հավաքականը երեք անընդմեջ պարտություններից հետո միավոր չունի, և մեր հիմնական խնդիրը թիմը կառուցելն է. նոր թիմը, որը նոր լիցք կհաղորդի մեր երկրպագուին և լեփ-լեցուն տրիբունաների պայմաններում նոր հաղթանակներ կպարգևի մեզ:

Ֆուտբոլում Արթուր Պետրոսյանին ճանաչում են շատերը և, բացի ֆուտբոլային որակներից, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե մարդկային ինչպիսի լավ հատկանիշներ ունի մեր մարզիչը:

Հաջողություն ցանկանանք Արթուր Պետրոսյանին և ազգային հավաքականին, իսկ առաջին փորձությունը սարերի հետևում չէ: Նոյեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը, արդեն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, առաջին պաշտոնական խաղն է անցկացնելու Երևանում: Մրցակիցը Չեռնոգորիայի հավաքականն է լինելու:

Մեզ հետ զրույցում նորանշանակ մարզիչը նշեց, որ շատ ուրախ է իր նկատմամբ նման վստահության համար: Հուսանք, որ այդ ուրախությունը շարունակական կլինի բոլորիս համար: Բարի երթ….

92