Նազիկ Ավդալյան

Նազիկ Ավդալյան. Ուզում էի ավելին անել, ստացվեց ինչ որ կարող էի

127
(Թարմացված է 01:45 11.08.2016)
Ծանրամարտի կանանց 69 կգ քաշային կարգի մրցումները Հայաստանին մեդալ չբերեցին: Նազիկ Ավդալյանը երկամարտի 252 կգ արդյունքով զբաղեցրեց հինգերորդ տեղը: Սակայն այս պահի դրությամբ որևէ մեկը դժվար թե հայ մարզուհուն քննադատի նման արդյունքի համար: Sputnk Արմենիան զրուցել է Նազիկ Ավդալյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո Նազիկ Ավդալյանը հերթական սխրանքը գործեց հենց մրցահարթակ դուրս գալով: Պետք է ասել, որ վնասվածքից հետո Նազիկի առաջընթացը արտահայտված կիլոգրամներով զգալի է: Բայց ժամանակին աշխարհի չեմպիոնի կոչում նվաճելիս հայ մարզուհին երկամարտում ունեցել է 266 կգ արդյունք:

Օլիմպիական խաղերի մրցումների ավարտից հետո հայ մարզուհին հուզված էր և տխուր, որ չկարողացավ կանգնել պատվո պատվանդանին.

«Մոտ մեկուկես տարի առաջ եմ վերսկսել մարզումներս: Հավատացեք՝ ես փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի նախկին արդյուքներիս մոտենամ, բայց ընթացքում ստացած վնասվածքները չթողեցին: Օլիմպիական խաղերին մասնակցելը ցանկացած մարզիկի երազանքն է: 2009 թվականին ես աշխարհի չեմպիոն դարձա 266 կգ արդյունքով, իսկ այսօր չինուհին Օլիմպիական խաղերի ոսկին նվաճեց 261 կգ արդյունքով: Ժամանակները փոխվում են, ինչ կարող եմ ասել»:

Ավելի հուզված ու տխուր էր կանանց հավաքականի և Նազիկի անձնական մարզիչ Արտաշես Ներսիսյանը, որին իր սանի արդյունքը չէր բավարարել:

«Իհարկե, դժգոհ եմ, որ նա զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, քանի որ սովոր եմ հարթակից դուրս գալուց նրան ձեռքին մեդալ տեսնել»,- ասաց նա:

Մրցումների ընթացքում երևաց, որ մրցակցուհիները հիանալի են պատրաստված: Անկախ ամեն ինչից, Նազիկ Ավդալյանն իհարկե չեմպիոն է: Չեմպիոն է մարզիկի բնավորության, կամային հատկանիշների, հաղթանակի հասնելու ցանկության առումներում: Միայն այն, որ այս մարզուհին մասնակցեց ու պայքարեց օլիմպիական մեդալների համար, արդեն հերոսություն է:

Նշենք, որ օլիմպիական չեմպիոնի կոչումը երկամարտի 261 կգ արդյունքով նվաճեց չինուհի Յանմեյ Քսյանգը: Ղազախստանի ներկայացուցիչ Ժազիրա Ժապարկուլը երկու վարժությունների արդյունքում ցույց տվեց 259 կգ արդյունք: Բրոնզե մեդալը բաժին հասավ եգիպտուհի Սառա Ահմեդին՝ երկամարտի 255կգ արդյունքով:

127