ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Բասկետբոլի ֆեդերացիան և մարզիչը հավաքականում ընդգրկվելու առաջարկով դիմել են տղաներին ու սպասում են նրանց պատասխանին։
«Ես ևս առաջարկ եմ ստացել և ամենայն հավանականությամբ կընդունեմ այն, բայց միևնույն է` ԱՄՆ վերադառնալու ծրագրեր ունեմ, քանի որ պետք է ավարտեմ ուսումս»,- ասում է հավաքականի մարզիկ Արտյոմ Թավաքալյանը։
«Ես ուրախությամբ կընդունեմ ակումբում խաղալու առաջարկը, հատկապես, որ Հայաստանի հետ արդեն մի քանի տարի է, ինչ կապված եմ։ 16 տարեկանից խաղացել եմ երիտասարդական հավաքականում, և հիմա կցանկանայի նաև ակումբային մակարդակում զարգանալ»,- ասում է ՌԴ-ից ժամանած Սերգեյ Պոլուխինը։
Նորաստեղծ ակումբի առաջին փորձությունը կլինի Ռուսաստանում կայանալիք սուպերլիգայի առաջնության մասնակցությունը։ Հետագայում ակումբը կդառնա նաև հավաքականի հիմքը։
Ինչ վերաբերում է հավաքականին, այն հուլիսի 3-ին դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն` եզրափակչում 79:71 հաշվով պարտության մատնելով մրցաշարի նախկին չեմպիոն Անդորրայի հավաքականին:
Եվ չնայած այս հաղթանակին` հայաստանյան բասկետբոլն այսօր դեռ նոր է կազմավորվում, չկան ակումբներ, չկան պրոֆեսիոնալ թիմեր ու մարզիկներ, բայց կան ապագայի ծրագրեր` երիտասարդների հաղթանակն ընդունել որպես նոր սկիզբ ու այդ հիմքի վրա զարգացնել այս մարզաձևը մեր երկրում։
Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը, ներկայացնելով ապագա ծրագրերը, նշեց, որ նախատեսում են ավելացնել մանկապատանեկան սեկցիաների թիվը, դրանցում պարապողների թիվը հասցնել 10 հազարի։ Այս պարագայում շուրջ 7-10 տարի անց հնարավոր կլինի նաև Հայաստանում ակումբային առաջնություն անցկացնել։ Բայց առայժմ միայն ցանկություն է, որի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման մասին Sputnik Արմենիայի հարցին ֆեդերացիայի փոխնախագահը դժվարությամբ պատասխանեց։

«Ցավոք, կառավարությունը մեզ օգնելու հնարավորություն դեռ չունի, բյուջեն, որ մեզ տրամադրում է սպորտի նախարարությունը մեր ֆեդերացիային, շատ քիչ է, բավարարում է միայն մանկապատանեկան առաջնություններ անցկացնելու և փոքր ակումբային հանդիպումներ։ Այդ բյուջեի վրա հիմնվել մենք չենք կարող, բայց հասկանում ենք մեր պետության վիճակը ու չենք կարող պահանջել, որ մեզ օգնեն»,- ասաց Ֆեդերացիայի փոխնախագահը` հավելելով, որ փոխարենը որոշակի աջակցություն են ստանում Օլիմպիական կոմիտեից և որոշ գրանտներ` բասկետբոլի միջազգային ֆեդերացիայից։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նաև նոր հովանավորներ է փնտրում` հուսով, որ վերջին հաղթանակը ևս կնպաստի նոր գործընկերներ գտնելուն։
Ֆինանսականից զատ, հայաստանյան բասկետբոլը նաև մարզիկների հետ կապված խնդիր ունի։ Բանն այն է, որ այսօր հավաքականում ընդգրկված մարզիկներն իրար հետ խաղալու փորձ չունեն, միմյանց հետ գրեթե չեն մարզվում, քանի որ հրավիրվել էին տարբեր երկրների տարբեր թիմերից։
«Մենք բոլոր ուժեղագույն հայ մարզիկներին չենք կարողանում ընդգրկել հավաքականի կազմում` տարբեր պատճառներով։ Հիմնական պատճառն այն է, որ մենք տեղում խաղացող, տեղացի բասկետբոլիստ չունենք, ստիպված ենք հայազգի բասկետբոլիստներին հրավիրել ԱՄՆ-ից, Իրանից, ՌԴ-ից, Լիբանանից, Բելառուսից, Ուկրաինայից։ Բայց իրենք էլ ունեն իրենց ակումբային խնդիրները, նաև համալսարաններում սովորելու խնդիրներ ունեն, որ շատ կարևոր է իրենց համար»,- ասում է թիմի մարզիչ Տիգրան Գյոկչյանը` միաժամանակ հավելելով, որ եթե կարողանային հայազգի բոլոր լավագույն մարզիկներին ներգրավել հավաքականում, ոչ միայն եվրոպական թիմերի լավագույն հնգյակում կունենայինք մեր կայուն տեղը, այլ նույնիսկ մեդալի կարժանանայինք Եվրոպայի ամենաբարձր դիվիզիոնում։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:
«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։
«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:
«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։


