ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որը ներկայացնում է armsport-ը:
-Ինչպե՞ս է Ձեզ վրա ազդել Ձեր հոր` կյանքից վաղաժամ հեռանալը:
— Շատ մեծ կորուստ էր ընտանիքիս ու ինձ համար: Այդ ժամանակ երեխա էի: Կցանկանայի, որ նա այսօր իմ կողքին լիներ: Վստահ եմ, որ նա կհպարտանար իմ ձեռքբերումներով: Նա միշտ օրինակ է եղել ինձ համար:
-Ճի՞շտ է, որ խաղային տեսանկյունից նման եք Ձեր հորը:
— Իհարկե, դիտել եմ տեսագրությունները, նա բավականին արագ էր ու հիանալի տեխնիկա ուներ: Կարծում եմ, որ ընդհանրություններ ունենք, հատկապես եթե հաշվի առնենք խաղաոճը:
-Խոսում եք հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն ու պորտուգալերեն: Բացի այդ` մի քիչ հասկանում եք իսպաներեն: Կցանկանայի՞ք հետագայում հանդես գալ Իսպանիայում:
— Չեմ խոսում իսպաներեն, սակայն կցանկանայի սովորել այն: Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Երբեք չգիտեք, թե ինչպես կդասավորվի ձեր կարիերան: Հնարավոր է, որ մի օր հանդես գամ Իսպանիայում կամ այլ երկրում:
-Հայտնի է, որ հիանում եք Զինեդին Զիդանով: Կցանկանայի՞ք մի օր հանդես գալ նրա գլխավորությամբ:
— Զիդանը միշտ էլ իմ կուռքն է եղել, ով միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ: Կարծում եմ՝ նման առաջատարի մոտ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ:
-Գնդակով չափազանց արագ եք վազում: Դա Ձեր ֆիզիկական առավելությո՞ւնն է։
— Ժամանակակից ֆուտբոլը մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում ու մեծ աշխատանք: Տաղանդը և կարգապահությունը միասին՝ դա է իմ փիլիսոփայությունը: Ինձ նվիրել եմ ֆուտբոլին: Ապրում եմ ու շնչում նրանով:
-Ի՞նչ է ձեզ համար նշանակում ճանաչվել խաղացողների վարկածով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:
— Հպարտանում եմ, որ ինձ տվեցին այդ մրցանակն ու ճանաչեցին լավագույնը Գերմանիայում: Դա մեծ նշանակություն ունի ինձ համար, ու կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին:
-Ունիվերսալ ֆուտբոլիստ եք: Ո՞րն է ձեր սիրած դիրքը:
— Ինձ շատ է դուր գալիս կատարել փլեյմեյքերի պարտականություններ, քանի որ այդ դիրքում կարողանում եմ ցուցադրել իմ ներուժը: Այնուամենայնիվ, միշտ պատրաստ եմ կատարել մարզիչների կարգադրությունները:
-Նախորդ մրցաշրջանում խփեցիք 23 գոլ ու կատարեցիք 32 արդյունավետ փոխանցում: Կարո՞ղ եք բարելավել այդ արդյունքը:
— Կարող եք հասնել ինչ-որ բանի, եթե կենտրոնանաք դրա վրա: Նպատակներս ունեմ, ու մտադիր եմ հասնել դրանց:
-Ինչպե՞ս Թոմաս Տուխելին հաջողվեց հասնել նման առաջընթացի Ձեզ հետ:
— Նա մեծագույն մարզիչ է ու հիանալի ստրատեգ: Նա բացառիկ խաղային փիլիսոփայություն ունի: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա է իմ հաջողության պատճառը: Շնորհակալ եմ նրան հավատարմության ու վստահության համար:
-Ինչո՞ւ եք մասնակցում բարեգործական ակցիաների:
— Դա հնարավորություն է տալիս հասարակությանը վերադարձնել ամբողջ սերը ու հավատարմությունը, որը ստանում եմ երկրպագուների կողմից: Ինձ դուր է գալիս լինել մարդկանց շրջապատում, և ինձ լավ եմ զգում, երբ կարողանում եմ ժպիտ պարգևել: Օրինակ՝ Արցախը տասնամյակների ընթացքում շատ է տուժել, և հպարտանում եմ այնտեղ անցկացվող բարեգործական միջոցառումներով՝ օգնելով մարդկանց, ովքեր հարազատներ են կորցրել պատերազմի ընթացքում: Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում: Բոլոր մարդիկ արժանի են ապրելու լավագույն աշխարհում, որտեղ չկան խնդիրներ:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 1 հորիզոնականով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, որը հրապարակվել է այսօր։
ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր
Արոնյանը 2781 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, ու նրա անվան դիմաց դեռ հայկական եռագույնն է։ Նա զիջում է միայն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա), Ֆաբիանու Կարուանային (ԱՄՆ), Դին Լիժենին (Չինաստան), Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան):
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ որոշում է ընդունել տեղափոխվել ԱՄՆ, քանի որ պետությունն այլևս չի աջակցում շախմատիստներին։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է Հայաստանի չեմպիոն և տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիան նշում է, որ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնել էր առաջատարի դերը և վստահորեն պահպանել է այն մինչև մրցաշարի ավարտը։ Նա իր անհատական վարկանիշը բարելավել է 34 կետով։
7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանել են Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արման Փաշիկյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Սամվել Տեր-Սահակյանին բաժին է հասել բրոնզե պարգևը:
Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



