Վազք

15-ամյա մարզիկը. Հայաստանի ամենաերիտասարդ օլիմպիականը ցանկանում է տեսնել կառնավալը

15
(Թարմացված է 11:49 05.06.2016)
Չիլոյանը Ռիոյի օլիմպիադայից լուրջ արդյունքներ չի ակնկալում, սակայն 2020թ. Խաղերում պայքարելու է լուրջ արդյունքների համար

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 տարեկան մարզիկ, հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից։

Հայաստանի հավաքականի ամենաերիտասարդ մարզիկը վազորդ Գայանե Չիլոյանն է` համաշխարհային սպորտի ամենաերիտասարդ օլիմպիականներից մեկը: Ամենաերիտասարդ օլիմպիականը նախ զբաղվել է բալետով, այնուհետև` աթլետիկայով` 10 տարեկանից:

«Մորաքրոջս նախաձեռնությամբ սկսեցի վազքով զբաղվել: Հիմա արդեն մարզումներն օրվա հիմնական մասն են զբաղեցնում: Ես կապված եմ մարզիչներիս հետ, մարզվող ընկերիս հետ: Բայց աթլետիկայի նկատմամբ առավել մեծ սերս կապում եմ մարզիչներիս հետ, քանի որ նրանց ազդեցություն շատ մեծ է»,- ասել է վազորդը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում։

Նա նշել է, որ իր հիմնական ձևը 200 մետր, ինչպես նաև 100 մետր վազքն է, և ինքը «տանել չի կարող» 300, 400 մետր վազքերը (ծիծաղում է):

«Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը: Սակայն պատասխանատվությունը` որպես այդպիսին, չի խանգարում: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ երազանք է Օլիմպիական խաղերի մասնակցելը»,- ասել է Չիլոյանը։

Նա նշեց` հրաշալի գիտակցում է, որ 15 տարեկանում Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքով լուրջ արդյունքներ չի գրանցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։

Гаяне Чилоян
сайт Национального Олимпийского комитета Армении
Գայանե Չիլոյան

«Բայց 2020 թվականի խաղերում պետք է պայքարեմ լուրջ արդյունքների համար: Սակայն մինչ խաղերը, անելու եմ ամեն հնարավոր բան, որ բարձրացնեմ գրանցածս արդյունքը: Իհարկե, այս խաղերին իմ մասնակցությունը մեծ փորձ է հետագայի համար: Մեծ ցանկություն ունեմ մասնակցելու բրազիլական կառնավալին»,- նշել է Չիլոյանը:

Նա ասաց, որ հիմա իր մարզումների քանակն է շատացել, ավելի երկար է մարզվում, շատ ավելի մեծ եռանդով, և հիմա անընդհատ լրագրողների ուշադրության կենտրոնում է, որը խանգարում է մարզումային ծրագրին:

Չիլոյանն իր Օլիմպիական ուղեգիրը նվաճեց Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Մասնագետների կարծիքով` վազորդը մեծ հեռանկարներ ունի, եթե մնա սպորտին հավատարիմ:

Նշենք, որ Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը բացառիկ են մասնակիցների քանակով և խաղարկվող մեդալների թվով:

15