Օտարերկրացիները պատվաստվում են Երևանում

10 օրը շա՞տ է. Հայաստանի իշխանության որոշումը հարվածել է իրանցիների զբոսաշրջային հոսքին

469
(Թարմացված է 15:39 20.07.2021)
Մասնագետները կարծում են, որ ոչ ադեկվատ լուծումները կարող են լուրջ հարված հասցնել այն ոլորտին, որը զրոյից վերականգնելու կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայաստանի իշխանությունը որոշել է սահմանափակումներ կիրառել մեր երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտել հուլիսի 15-ից, բայց արդեն հասցրել են բացասաբար անդրադառնալ իրանցի զբոսաշրջիկների հոսքի վրա:

Եթե դեռ մեկ շաբաթ առաջ Թեհրան–Երևան ինքնաթիռները 100% ծանրաբեռնվածությամբ էին տեղ հասնում, իսկ Հայաստան գալու ցանկություն ունեցողները հերթ էին կանգնում տոմսերի համար, ապա հիմա պատկերը բոլորովին այլ է` ինքնաթիռներն օդ են բարձրանում 70-80% ծանրաբեռնվածությամբ։

Զբոսաշրջության և ավիացիայի ոլորտի ներկայացուցիչները կոչ են անում իշխանությանը և մասնավորապես առողջապահության նախարարությանը վերանայել Հայաստանում օտարերկրացիների գտնվելու ժամկետների վերաբերյալ որոշումը:

Ի՞նչ տեղի ունեցավ

Հայաստանը պատվաստման գործընթացը սկսեց 2021 թվականի ապրիլին։ Հունիսի կեսերին, երբ իշխանությունը թույլ տվեց անվճար պատվաստել նաև օտարերկրացիներին, իրանցիները սկսեցին զանգվածաբար գալ Հայաստան:

Պատահական չէր, որ նրանց հենց Հայաստանն ընտրեցին։ Իրենց երկրում առաջին հերթին պատվաստում են ռիսկային խմբում գտնվող տարեցներին։ Մյուսները ստիպված ամիսներով սպասում են։ Մինչդեռ Հայաստանում կարող են անվճար պատվաստվել մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում։ Դրա հետ մեկտեղ մասնագետները կանխատեսում են, որ Իրանում արդեն աշնանը կորոնավիրուսային վարակի հինգերորդ ալիք կսկսվի:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդհանրապես հայտարարեց, որ «քովիդային զբոսաշրջիկների» միջոցով կարելի է կանխատեսված 319 տոկոս զբոսաշրջային աճի հասնել։

Հուլիսի 15-ին ուժի մեջ մտան նոր սահմանափակումները։ Օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետ կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստվել միայն այն դեպքում, եթե առնվազն 10 օր գտնվեն Հայաստանի տարածքում։

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ որոշումը կայացվել է առկա և մատակարարվող պատվաստանյութերի քանակը կառավարելու համար: Ընդ որում՝ նա չբացառեց, որ նոր մատակարարումների դեպքում այս պայմանները կարող են վերանայվել։

Ի՞նչը այն չէ

Բոլորն էլ հասկանում են, որ այս որոշումը ստիպված են կայացրել, բայց ավիաշուկայի ու զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են որևէ ելք գտնել ու վերանայել օտարերկրացիների համար Հայաստանի տարածքում պարտադիր մնալու ժամկետները, քանի որ այդ փոփոխություններն արդեն բացասաբար են ազդել զբոսաշրջային հոսքի վրա:

«Armenia Airways» ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյան-Զարնային Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ մինչև հուլիսի 15-ը իրենց ինքնաթիռներն ամեն օր էին Թեհրան-Երևան-Թեհրան թռիչքներ իրականացնում, երկու անգամ էլ՝ Երևան-Թավրիզ չվերթեր: Ինքնաթիռները մեկնում էին 100% ծանրաբեռնվածությամբ, իսկ ղեկավարությունն արդեն որոշել էր թռիչքներ իրականացնել նաև Իրանի այլ քաղաքներ։ Սակայն հուլիսի 15-ից իրավիճակն արմատապես փոխվել է. 126 մարդու փոխարեն այժմ ուղևորների թիվը հազիվ հասնում է 85-ի։

Ծերացող Քարաբերդի տեղը գտել են սփյուռաքահայերը

«Հիմա արդեն շահավետ չէ նոր ուղղություններ բացելը։ Ընդամենը մի քանի օր է անցել, բայց տեսնում եք՝ ինչպես է նվազել Հայաստան գալու ցանկություն ունեցողների թիվը», - ասաց նա։

Ավիաընկերության ղեկավարը իշխանության որոշումն անտրամաբանական է համարում, քանի որ սահմանափակումները վախեցնում են մարդկանց: Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում Հայաստան են եկել հիմնականում բավականին ունևոր մարդիկ ու միջին խավի ներկայացուցիչները։

Իրանցիներից շատերն ազգային արժույթի արժեզրկման պատճառով չեն կարող իրենց թույլ տալ ճանապարհորդել։ Եկողներին հետաքրքրում է ոչ թե Հայաստանի գեղեցկությունը, այլ պատվաստումը։ Բայց քչերն են ուզում Հայաստանում ավելի քան 10 օր անցկացնել։ Նրանք տարեկան 20 օր արձակուրդ ունեն, ստացվում է, որ ստիպված են ամբողջ արձակուրդն օգտագործել երկու չափաբաժին պատվաստանյութ ստանալու համար։ Իրանցիները ամեն դեպքում առնվազն 5 օր անցկացնում էին Հայաստանում և այդ ընթացքում ծախսում միջինը 700-ից 1000 դոլար (ներառյալ ավիաթռիչքը, ՊՇՌ-թեստավորումը, սնունդը և կացությունը): Ի դեպ, հետադարձ տոմսի գինը սկսվում է 123 հազար դրամից (մոտ 300 դոլար)։

Դավուդյան-Զարնային առաջարկում է վերանայել ժամկետները, եթե իսկապես ուզում ենք հասնել որևէ արդյունքի և զբոսաշրջային ոլորտի զարգացման:

Ինչ վերաբերում է ավտոբուսային փոխադրումներին, ապա իրավիճակն առավել քան անմխիթար է։ Ավիաընկերության ղեկավարը, որը նաև Թեհրանից Երևան տրանսպորտային փոխադրումներ է կազմակերպում, ասաց, որ ավտոբուսային փոխադրումները մի քանի օր առաջ են սկսել։ Մեկ ուղղությամբ տոմսն արժե 20 հազար դրամ, բայց շատերը Սյունիքի անկայուն իրավիճակի պատճառով վախենում են ցամաքային ճանապարհով երթևեկել։

«Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չի կարող կոնկրետ ասել, թե ինչպես են սահմանափակումներն ազդել ուղևորահոսքի վրա։

«Մեր ավիաընկերությունը շաբաթական երկու չվերթ է իրականացնում։ Դինամիկայի մասին կարող ենք խոսել երկու-երեք շաբաթից», - ասաց Խաչատրյանը։

Իսկ ի՞նչ է ասում Զբոսաշրջության կոմիտեն

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանի խոսքով՝ կես տարվա ընթացքում Իրանից առավելագույն թվով զբոսաշրջիկներ են ժամանել այս տարվա հունիսին։

«Զբոսաշրջիկների նվազագույն թիվը եղել է հունվարին (1 832 մարդ) ու փետրվարին (2 979 մարդ)։ Մարտին արդեն զբոսաշրջիկների թիվը կրկնակի ավելացել է։ Նովրուզի կապակցությամբ 4953 մարդ է Հայաստան եկել», - ասաց Այվազյանը։

Նա նշեց, որ ապրիլին 3874 հյուր ենք ունեցել Իրանից, մայիսին՝ 4963, հունիսին՝ 8597։

Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը համարում է, որ օտարերկրացիներին անվճար պատվաստելու որոշումը սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հումանիտար նախաձեռնություն է։ Միևնույն ժամանակ նա անտրամաբանական է համարում սահմանված 10–օրյա ժամկետը։

«Այլ հարց է, եթե դա բխում է բնակչության շահերից, և պատվաստանյութերն իսկապես վերջանում են»,– ասաց Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ երկրում ավելի շատ գումար է ծախսում, քան պետությունը վճարում է պատվաստանյութ գնելու համար, այդ հանգամանքը պետք է հաշվի առնել: Նա առաջարկում է անհրաժեշտության դեպքում պատվաստումները վճարովի դարձնել օտարերկրացիների համար։ Նրա խոսքով՝ շատերը պարզապես երջանիկ կլինեն, եթե հեշտ ու առանց հերթերի պատվաստվեն։

Հուլիսի 18-ի տվյալներով՝ Հայաստանում կատարվել է 131 080 պատվաստում, որից 94 560-ը ՝ առաջին դեղաչափ, 36 550-ը՝ երկրորդ:

«Գառնի–Գեղարդն» անցյալում է. ի՞նչն է պակասում երիտասարդ զբոսաշրջիկներին Հայաստանում

469
թեգերը:
պատվաստումներ, Զբոսաշրջիկ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր ազգային փոխադրողը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով
«Քաղաքը, որտեղ զբոսնում են հաճույքի համար»․ բրիտանացի ամուսիններին հիացրել է Հայաստանը
Հայկական գինի էին խմում նաև «արքաներն» ու զբոսաշրջիկները. փառատոնը` լուսանկարներով
Արխիվային  լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կրկին կիջնի. եղանակի տեսություն