Հակոբ Ավետյան

Ադրբեջանցիները օդ են կրակում. Գեղամասարի բնակիչները վաճառում են անասուններին

477
(Թարմացված է 20:08 19.07.2021)
Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ համայնքի 4 գյուղերի բնակիչները շուտով կարող են լքել իրենց տները, քանի որ ադրբեջանցիների` Հայաստանի տարածք ներխուժելու հետևանքով էապես դժվարացել է անասնապահությամբ զբաղվելը։

Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք, Կութ, Նորաբակ և Ազատ գյուղերի բնակիչները ստիպված վաճառում են ապրուստի հիմնական միջոց անասուններին, քանի որ թշնամու նշանառության տակ գտնվող խոտհարքերից անհնար է ձմռան պաշար հավաքել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Մարդիկ արդեն սկսել են վաճառել անասուններին, ապրուստի միջոց էլ չունեն, իրենց ապրելակերպը դժվարանում է»,- ասաց նա։
Համայնքի ղեկավարն ասում է` անասնակերը շատ է թանկացել, եթե նախկինում 1 հակ խոտը 700-800 դրամով էին գնում, հիմա այն մոտ 3 անգամ թանկացել է` հասնելով 2000 դրամի։

«Համեմատաբար ներքևի խոտհարքերից մի քիչ հավաքել են, մյուս հողերը նշանակետի տակ են, խոտ հավաքելու համար ոչ ոք այդ ռիսկին չի գնա։ Թշնամու զինվորները հաճախ են օդ կրակում։ Կարելի է ասել`անասնապահությունը մեռավ այդ տարածքներում»,- նշեց Ավետյանը։

Ավետյանի խոսքով` Հայաստանի տարածքում ապօրինի գտնվող թշնամու զորքերը հազիվ թե ինքնակամ հեռանան։ Իրենց ձեռքին էլ հնար չկա, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, բայց պետությունից էլ հույս չկա։ Եթե գյուղացիները ինչ-որ պահից որոշեն լքել գյուղերը, համայնքի ղեկավարը չի կարող ոչինչ անել. լավ օրից չէ, որ մարդիկ պատրաստվում են այդ քայլին դիմել։

«Ադրբեջանցիները դոմիկներ են դրել». Տեղ գյուղի մոտ թշնամին ավարտել է ինժեներական գործերը

«Այս պահի դրությամբ արտահոսքը շատ չէ, բայց հետագայում չգիտեմ՝ ինչ կլինի։ Ես ինչպես կարող եմ պայմանավորվել ադրբեջանցիների հետ, ժողովրդին էլ երաշխիք տալ»,- իր մտահոգությունը հայտնեց Ավետյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

477
թեգերը:
Գեղամասար, ադրբեջանցի
Ըստ թեմայի
Ադրբեջանցիներն անասուններին հետ են տվել, բայց ցորենի արտերը չեն թողնում հնձենք. Շադունց
Հերթական ադրբեջանցին է պայթել ականի վրա. դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիում
Ադրբեջանցիներն ուզում են էսկալացիայի նոր ուղղություն բացել. ռազմական փորձագետ
Մրգեր

Որ մթերքներն են օգնում հիշողության, մտավոր աշխատունակության լավացմանը. ուսումնասիրություն

58
(Թարմացված է 09:05 02.08.2021)
Ամերիկացի գիտնականները 20 տարի են ծախսել այս հետազոտության վրա, որում ավելի քան 50 հազար մարդ է ներգրավված։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Կոգնիտիվ գործառույթների խանգարումներ առաջացնող հիվանդությունների (հիշողության, մտավոր աշխատունակության և այլ կոգնիտիվ ֆունկցիաների թուլացում) կանխարգելման համար խորհուրդ է տրվում ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ մթերք օգտագործել: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է American Academy of Neurology ամսագրում:

Գիտնականները հաստատել են այդ հակաօքսիդանտ նյութերի օգուտը` լայնածավալ ուսումնասիրության միջոցով։ Ուսումնասիրությանը մասնակցել է 49,5 հազար կին և 30 հազար տղամարդ։ 20 տարվա ընթացքում հեղինակները հետևել են նրանց սննդակարգին ու համեմատել առողջության ցուցանիշները: Արդյունքների համաձայն՝ ֆլավոնոիդներով մթերք օգտագործած մարդիկ 20 տոկոսով ավելի քիչ են բախվել կոգնիտիվ բնույթի խնդիրների:

Հակաօքսիդանտներով հարուստ մթերքների թվին են պատկանում տանձը, խնձորն ու նեխուրը։ Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել պղպեղ ու թուրինջ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մրգերի գույնին․եթե պտուղը կամ բանջարեղենը դեղին է, դա օգտակար է նման հիվանդությունների կանխարգելման համար։

58
թեգերը:
տանձ, հիշողություն, գիտնական, պղպեղ, խնձոր
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը
Գիտնականները պատմել են, թե որ դեպքում սուրճը չի օգնում
Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում
Արփի Վանյան

Պատկերացնում եմ՝ ինչպես եմ Հադրութ մտնում, գերեզման վազում․ արցախցիների կյանքը կռվից հետո

107
(Թարմացված է 10:20 02.08.2021)
Պատերազմից հետո հայրենազրկված հադրութցիները բազմաթիվ խնդիրների առաջ են հայտնվել՝ սոցիալական, իրավական, հոգեբանական։ Նոր միջավայրում ինտեգրումն էլ հեշտ չի ստացվում։

Գրող, սցենարիստ Արփի Վանյանը ծնունդով Հադրութից է, սակայն արդեն երկար տարիներ Երևանում է ապրում։ Ասում է` տարին տարի չէր լինի, եթե ընտանիքի հետ գոնե երկու անգամ հարազատ Հադրութ չգնային...

Արցախյան 44–օրյա պատերազմից հետո Արփին հիմնադրել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն, որը զբաղվում է բռնի տեղահանված հադրութցիների սոցիալական, իրավական, նաև Հադրութի մշակութային ժառանգության հարցերով։

Իսկ խնդիրները շատ են ու բազմապիսի։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ բռնի տեղահանված 25 ընտանիքի տրամադրել են ժամանակավոր կացարաններ։

Իսկ ներկայում, Արփիի խոսքով, սոցիալական խնդիրը բավականին սուր է հատկապես տղամարդկանց դեպքում։ Կանայք և երեխաները պետությունից 68 հազար դրամի չափով աջակցություն են ստանում, իսկ տղամարդիկ՝ ոչ։

«Անհասկանալի տրամաբանություն է։ Տղամարդիկ մի քանի անգամ դիմել են և՛ ՀՀ ղեկավարությանը, և՛ Արցախի, ամեն անգամ ասել են՝ այո՛, ճիշտ եք, կվերանայենք այդ հարցը, բայց մինչև այսօր չեն վերանայել։ Ստացվում է, որ տղամարդիկ (պատերազմ անցած կամ չանցած) այսօր գրպանում մի կոպեկ փող չունեն` աշխատանք են փնտրում, գտնել չեն կարողանում»,- շեշտում է Արփին։

Ըստ էության՝ անգամ պատերազմի դժոխքով անցած տղամարդիկ, որոնք չեն վիրավորվել և հաշմանդամության կարգ չունեն, որևէ աջակցություն չեն ստանում։

Արփին ընդգծում է՝ աշխատանք գտնելու համար տղամարդիկ տարբեր դռներ են թակում։ Նրանց խոստանում են՝ «կզանգենք», բայց զանգ այդպես էլ չի ստացվում։

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն հայթայթած ֆինանսական միջոցների հաշվին կարողանում է ժամանակ առ ժամանակ աջակցության ծրագրեր իրականացնել։ Դրանցից մեկն, օրինակ, «Նախշուն Հադրութ» ծրագիրն է։

«Կանանց տվել ենք թելեր և շյուղեր, պլեդներ են գործում, հետո մենք իրենցից գնում ենք այդ պլեդները, փորձում վաճառել՝ այդպիսով օգնելով կանանց գումար վաստակելու հարցում»,–պատմում է Արփին։

Այսօր հադրութցիների առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկն էլ իրավական աջակցություն ու խորհրդատվություն ստանալն է։ Մարդիկ Հադրութում թողել են իրենց տունն ու ունեցվածքը. անհրաժեշտ է գույքագրել ամբողջը, ներկայացնել միջազգային կառույցներին։ ՀԿ–ն ունի մեծ ծրագիր՝ հավերժացնելու հադրութցիների պատմությունները։

Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին

«15 թվի եղեռնից հետո չկային տեխնիկական հնարավորություններ՝ արձանագրելու ցեղասպանությունը վերապրածների պատմությունները։ Հիմա այդ մարդիկ այլևս ողջ չեն, շատ պատմություններ կորսված են։ Բայց այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս վավերագրել այս ամենը։ Ուզում ենք հադրութցիների պատմությունը՝ իրենց հետ բերած լուսանկարներով, նյութերով ներկայացնել»,- ասում է Արփին` նշելով, որ ներկայում այս ծավալուն ծրագրի իրականացման համար են ֆինանսավորում փնտրում։

Ի թիվս առկա մի շարք խնդիրների՝ Արփին ընդգծում է նաև ինտեգրման խնդիրը։ Միշտ չէ, որ դա հարթ է ստացվում, հատկապես, երբ մարդիկ տարբեր բարբառներով են խոսում։ Այս ամենի կողքին Արփին կարևորում է իրենց՝ Հադրութի բարբառի պահպանումը, պարբերաբար հադրութցիների հանդիպումների կազմակերպումը, որ հավաքվեն ու հարազատ բարբառով զրույցի բռնվեն։

Իսկ բոլոր ծրագրերի հիմքում, անշուշտ, Հադրութ վերադառնալու երազանքն է։ Արփին նշում է՝ առանց այդ հավատի ամեն բան անիմաստ է դառնում, կյանքի գույներն են կորչում։

«Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ վերադառնալու եմ։ Ես անընդհատ պատկերացնում եմ՝ ինչպես եմ մտնում Հադրութ, ինչպես եմ նկարում, ինչպես եմ վազում գերեզմաններ, չխենթանալու համար՝ մամայիս հետ երկնքում եմ խոսում, ասում եմ՝ գիտեմ, որ դու վերևում ես, ոչ թե այնտեղ...»։

Արցախցի կանայք սկսում են զրոյից․ երբ պետությունը լուռ է, անհատն է գործի անցնում

Ծաղկուն քաղաքը թշնամին քարուքանդ արեց, google maps-ի օգնությամբ տեսել են՝ հարազատ փողոցներն ու տներն այրված են։ Ցավը մեծ է, բայց հույսն ու հավատն ավելի մեծ են։ Հենց դրանք են օգնում հաղթահարել առկա բազմաթիվ խնդիրները, ուժ տալիս պայքարել հայրենի տուն վերադառնալու համար։

107
թեգերը:
Հադրութ, Պատերազմ
Ըստ թեմայի
Կառավարությունում քննարկել են քաշաթաղցիների և հադրութցիների բնակապահովման հարցը
Շնորհակալություն, Երևան. հադրութցիները ծառեր են տնկել Նոր Նորքում
Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին
Артур Ванецян перед началом первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн

Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր չունեմ. Վանեցյանը` Ալեն Սիմոնյանի մասին

37
(Թարմացված է 10:43 02.08.2021)
Արթուր Վանեցյանի խոսքով` չի պատրաստվում անձամբ որոշումներ կայացնել, կա քաղաքական թիմ և կայացվում են քաղաքական որոշումներ։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, պատգամավոր Արթուր Վանեցյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքականության մեջ ընկերներ չունի։

Նա նման հայտարարություն նա արեց` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե անձամբ պատրա՞ստ է իր ընկեր կամ նախկին ընկեր Ալեն Սիմոնյանին ընտրել ԱԺ նախագահ, թե՞ ոչ։

«Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր, բարեկամ, հարազատ չունեմ։ Կա քաղաքական թիմ և կայացվում են քաղաքական որոշումներ։ Ինչպիսի որոշում կկայացվի քաղաքական թիմի կողմից, ես կառաջնորդվեմ այդ որոշմամբ»,–ասաց նա։ 

Նշենք, որ այս պահին ընթանում է նորընտիր` 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

37
թեգերը:
Արթուր Վանեցյան, ԱԺ, Ալեն Սիմոնյան, Հայաստան, քաղաքականություն