Անտառ

Ջուր չեն ուզել, չենք տվել. Նորքի անտառը ոռոգող միակ խողովակը «Երևան» ՋՕ–ն զոդել է

355
(Թարմացված է 14:29 08.07.2021)
Երևանի Նորքի անտառը տևական ժամանակ է չի ոռոգվում։ Թե ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը, ովքեր են պատասխանատու դրա համար, պարզեցինք տեղում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Sputnik Արմենիան այսօր ահազանգ ստացավ Նորք–Մարաշ վարչական շրջանի մի քանի բնակչից, որոնք պնդում էին, որ հեռուստաաշտարակի մոտ գտնվող Նորքի անտառն արդեն մի քանի ամիս է չի ոռոգվում, որի հետևանքով հաճախակի են դարձել անտառային հրդեհները, սակայն խնդրին լուծում տվող չկա։ Երեկ էլ «Երևան» ջրօգտագործողների ընկերության աշխատակիցը եկել է ու անտառը ոռոգող միակ խողովակի պտուտակը զոդել։

Ահազանգած երկու տղամարդիկ` Հայկ Մաթևոսյանը և Արսեն Դավթյանը դարձել են դժվարությամբ պահպանված Նորքի անտառի միակ պաշտպանները։ Երկուսի մանկությունն էլ այս անտառում է անցել, ու հիմա ավելի քան երբևէ անում են ամեն ինչ, որ փրկեն հսկայական անտառից մնացած մի փոքրիկ մասը` 56 հեկտարը։

© Sputnik
Նորքի անտառներում ոռոգման ջուր չկա, փոխարենը կոյուղաջուր կա

«Սա դիտավորություն է, սա էկոլոգիական դիվերսիա է երևանցիների դեմ։ Մենք երկու ընկեր ենք ու կամավոր հիմունքներով պաշտպանում ենք մեր անտառը, մեր ձեռքով ջրում ենք, խնամում, որովհետև «Հայանտառ» ՊՈԱԿ–ը, որին վստահված է անտառի խնամքը, թերանում է։ Վերջին մի քանի ամիսն էլ անտառը բացարձակ չի ջրվում իրենց կողմից։ Ավելին, Երևան ՋՕ–ից եկել են ոռոգման պտուտակը զոդել, մինչ այդ պարբերաբար փականներ էին տեղադրում, որը տեղի ուժերով բացում էինք ու ոռոգում անտառը»,–ասում է  Հայկ Մաթևոսյանը։

Запаянный винт на оросительной трубе
© Sputnik / Artak Aghababyan
Զոդած պտուտակը

Նրա խոսքով` հողն այնքան է չորացել, որ միայն հունիսին մի քանի խոշոր հրդեհ է բռնկվել, որոնցից մեկի ժամանակ 18 հեկտար անտառածածկ տարածք է այրվել։

Բնակիչներին ՋՕ–ի աշխատակիցը հայտնել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ–ն իր կամքով է հրաժարվել ոռոգման ջրից` պարզաբանելով, թե ծառերը մեծ են, դրանց ջուր պետք չէ, անձրևներն էլ բավական են։

Արսեն Դավթյանի խոսքով էլ` անտառում կոյուղաջրեր են լցվում։ Նրա պնդմամբ՝ դա Հանրային հեռուստաընկերության շենքից դուրս եկող կոյուղաջրերի մի մասն է։ Մոտ 2 տարի առաջ փորձել են խնդիրը լուծել, սակայն չի ստացվել։

Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում «ԵՐԵՎԱՆ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕ) տնօրեն Սամվել Մելքոնյանը տեղեկությունը հաստատեց, որ անտառը չի ջրվում։

«Ես ջուր տվողն եմ, ինձ պետք է հայտ ներկայացնեն ըստ պլան– ժամանակացույցի, ես էլ մատակարարեմ։ Մինչև հիմա «Հայանտառից» հայտ չեն ներկայացրել, ես էլ ջուր չեմ տվել։ Մեր աշխատակիցները ոռոգման խողովակի պտուտակի վրա պարբերաբար փականներ էին դնում, որոնք ակտիվիստները կոտրում էին, երեկ ստիպված էի հրահանգել, որ զոդման աշխատանքներ իրականացնեն, որ չբացեն»,–ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` «Հայանտառի» հետ կնքած պայմանագիր ունեն, որը նախորդ տարի թարմացրել են։ 2020 թվականին նորմալ ջրամատակարարում են իրականացրել` օգտագործելով մոտ 772000 խմ ջուր, բայց թե ինչի այս տարի հայտ չեն ներկայացրել ՊՈԱԿ–ից, ինքը չի կարող պատասխանել։

Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել

«Հաշվի առնելով այս տարվա շոգը, ես անգամ նամակ եմ ուղարկել «Հայանտառ» ՊՈԱԿ–ին և խնդրել եմ բացատրել, թե ինչու մինչ օրս ջրապահանջի հայտ չեն ներկայացրել։ Այդ նամակի պատասխանը դեռ չենք ստացել։ Այսօր ՊՈԱԿ–ի փոխտնօրենը զանգահարել է ու բանավոր ասել , որ հարցը մոտ օրերս կկարգավորվի, հայտ կներկայացնեն։ Նույնիսկ բնակչության կողմից եմ նամակներ ստացել, թե ինչու ջուր չեք տալիս, որ անտառը ջրվի»,–ասաց նա։

Նշենք, որ մինչ այդ մենք արդեն հեռախոսազանգով տեղեկացրել էինք «Հայանտառ» ՊՈԱԿ–ին, որ պատրաստվում ենք խնդիրը լուսաբանել ու ակնկալում ենք իրենց մեկնաբանությունը։

 Замдиректора ГНКО Айантар Симон Петросян
© Sputnik / Artak Aghababyan
Սիմոն Պետրոսյանը

Ի պատասխան մեր զանգի`ՊՈԱԿ–ից հայտնեցին, որ պատասխանատուները տեղում չեն, իսկ տնօրենը գործուղման է։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում մեզ ընդունեց փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանը։ Նա ընդունեց, որ մեղքն իրենցն է, ուշացրել են ու հայտ չեն ներկայացրել։

«Հայտը ուշացնելու հետ կապված կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել։ Տարածքը պատկանում է «Հրազդանի անտառտնտեսությանը», որի նորանշանակ տնօրենին այսօր փոխանցել եմ Երևանի ՋՕ տնօրենի հեռախոսահամարը և հորդորել եմ, որ անհրաժեշտ փաստաթղթերը շատ արագ հավաքեն և ոռոգման հայտ ներկայացնեն։ Խնդիրն անկասկած այսօր կամ վաղը լուծվելու է»,–ասաց նա։

Նրա խոսքով` նախորդ տարի անհամեմատ մեծ գումար են վճարել Երևան ՋՕ–ին, հետո ուսումնասիրություններով պարզել, որ կան մասնավոր տնտեսություններ, որ օգտվում են անտառի ոռոգման ջրից։

«Այդ մարդիկ չեն էլ հերքում, որ օգտվել են մեր ջրից, փոխարենը վճարել ենք մենք։ Նրանց հետ զրուցեցինք ու կոչ արեցինք, որ ՋՕ–ի հետ պայմանագիր կնքեն և համապատասխան վճարումներն անեն, իսկ մենք մեր տարածքով անցնող ջրից իրենց կտրամադրենք»,–ասաց նա։

Պետրոսյանը խոստացավ, որ ամենաուշը վաղը խնդիրը կլուծվի ու Նորքի անտառի ոռոգումը բնականոն կիրականացվի։ Նա նաև հավելեց, որ կոյուղաջրերի մասով անձամբ կզբաղվի, ու կփորձեն հնարավորինս շուտ խնդիրը լուծել։

Նշենք, որ օրեր առաջ «Հայանտառը» հայտարարել էր, որ Նորքի անտառում ոռոգման համակարգն անխափան աշխատում է և որ «պարբերաբար իրականացնում են ոռոգման աշխատանքներ», մինչդեռ անգամ հայտ ներկայացված չէր։

355
թեգերը:
«Հայանտառ» ՊՈԱԿ, ոռոգման ջուր, Անտառ, Երևան
Ըստ թեմայի
Աշխարհը տաքանում է. նախարարը չի բացառում, որ Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն ոռոգման համար
Ադրբեջանի ԱԻՆ–ը 2 օր է` չի կարողանում մարել Ֆիզուլիում բռնկված անտառային հրդեհը. տեսանյութ
Հրշեջներին հաջողվել է մարել Խոսրովի անտառում շուրջ 2 օր շարունակվող հրդեհը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

250 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

45
(Թարմացված է 10:58 24.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 250–ով և դարձել 228632: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 մարդ (+81), կատարվել է 1299559 թեստավորում (+6527), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

45
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը
Ամպամած եղանակ

Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա. եղանակի տեսություն