Արխիվային լուսանկար

Հաղթանակի այս օրը, կամ թե ինչու ոստիկանության սերժանտը պատվի առավ կանաչի վաճառող կնոջը

263
(Թարմացված է 16:03 07.05.2021)

Երեք տասնամյակ մենք սովոր էինք, որ մայիսի 9-ը երկու հաղթանակների օր է։ Այսօր մեզ մի շատ կարևոր բան է պակասում, սակայն երկու՝ Մեծ Հայրենական ու Արցախյան առաջին պատերազմների մասին հիշողությունը արժեզրկել ու մոռացության մատնել հնարավոր չէ։ Ռազմաճակատային երգերն էլ նախկինի պես երգում է ամբողջ աշխարհը։

Այնպես է ստացվել, որ Բեռլինի անկման օրը համընկավ Շուշիի ազատագրման օրվա հետ, և մայիսի 9-ը Հայաստանում կրկնակի տոն դարձավ։ Մեկ հարթության վրա դնել Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակը (ամբողջ խորհրդային ժողովրդի համար) ու հաղթանակն Արցախում (միայն մեզ համար) անձամբ ինձ ավելորդ էր թվում։ Բայց այսօր, երբ Շուշին չկա, և տոնի հայկական մասը վերացավ, այն ինձ պակասում է։

Միևնույն ժամանակ, խորհրդային ժողովրդի հաղթանակն արժեզրկելու փորձեր վաղուց էին ձեռնարկվում, այսօր էլ շարունակվում են, այդ պատճառով գլխավոր տոնը «սուրբ» անվանելու Պուտինի առաջարկը տեղին էր։ Եվ թող որ այն տարիներին ես դեռ երեխա էի (վերջերս ընդգրկվել եմ «պատերազմի երեխաներ» կարգում, և դրա համար նույնիսկ թոշակիս հավելավճար եմ ստանում), մայիսի 9-ը իմ հասակակիցների համար ավելին է, քան պարզապես նշանակալի ամսաթիվ։

Ի՞նչ եմ հիշում այն պատերազմի մասին։ Չելյաբինսկից Երևան երկար ճանապարհ, գնացքն ընթանում է առանց ճաղաշարի և ներքևի ծածկի ցցագերանների վրա փռված ռելսերով, անիվների տակ գետ է։ Ափերին` ավերված տներ, կայարաններում հերթեր «Кипяток» ջրի սարքի մոտ։ Ամեն անգամ տանջում ու վախեցնում էր միտքը, թե արդյոք մայրս կհասցնի մինչև գնացքի շարժվելը վագոն բարձրանալ։

Հաջորդը` նամակներն են ռազմաճակատից։ Դրանք գալիս էին առանց ծրարի, եռանկյունաձև ծալված` վրան «Ստուգված է ռազմական գրաքննության կողմից» կնիքով։ Մայրս դրանք դասավորում էր, տրցակն աճում էր, մեծանում էի նաև ես, բայց մի օր գտա ու ընթերցեցի։ Ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ էլ հետո հայրս սենտիմենտալ չի եղել, ու հանկարծ նամակում ընթերցեցի տողեր (ուղղված մայրիկին, ինձ և քրոջս), որոնցից աչքերիս առաջ ամեն ինչ լողաց։

ԽՍՀՄ հերոսների մասին վիրտուալ թանգարան է բացվել

Արցախյան պատերազմի ժամանակ զինվորները նամակներ չէին գրում. բջջային հեռախոսների և համացանցի դար էր արդեն։ Հարմարավետ, արագ, մեծամասամբ` հուսալի։ Միևնույն ժամանակ պատերազմական տարիներին հաղորդակցման նամակային ժանրն այն առավելությունն ուներ, որ տարիներ անց թույլ էր տալիս վերադառնալ վերապրածին ու անցածին, էլ չենք խոսում ընտանեկան տարեգրության ստեղծման մասին։ Այս առումով դրանք լուսանկարչական ալբոմներն են հիշեցնում, որոնք այսօր ևս մոռացության են մատնվել. բոլոր լուսանկարները պահվում են հեռախոսի հիշողության մեջ։

Պատերազմական տարիների գլխավոր ԶԼՄ–ն յուրաքանչյուրի տանը` պատին ամրացրած ստվարաթղթե ռադիոընդունիչը։ Որքան մոտենում էր 45 թիվը, այնքան ուրախ լուրերն ավելի շատ էին։ Երբ Հաղթանակի գեներալների շարքում հայկական անուններ էին հնչում, մարդիկ ծափահարում էին։ «Յան» վերջածանցով ազգանուններ շատ էին հնչում։

...Երևանի գլխավոր հրապարակում հետպատերազմյան առաջին շքերթը։ Գեներալները` զորահանդեսի հրամանատարն ու շքերթն ընդունողը, զորքերի առջևով անցնում էին սպիտակ ձիերով։ Շարքերում անշարժացել էին զինվորներն ու սպաները։ Բոլորը երիտասարդ էին, ռազմաճակատից վերադարձածներին «վետերան» անվանել ոչ ոքի մտքով չէր անցնում։

Համազգեստների վրա շքանշանների և մեդալների թիվն անհաշվելի էր։ Ոչ միայն տղամարդկանց, այլև տոներին զինվորական բլուզ հագնող կանանց մոտ։ Երբեք չէի հավատա, որ այդքան հայ կին է անցել այդ պատերազմը, եթե նրանց սեփական աչքերով տեսած չլինեի։ Խանութի վաճառողուհին, պոլիկլինիկայի բուժքույրը, մանկապարտեզի դաստիարակը, հարևանուհիս մայիսի 9-ին դուրս էին գալիս մարտական պարգևներով։ Ամսի 10-ից ամեն ինչ առօրեական էր. սովորական վաճառողուհի, պարզապես բուժքույր ու սովորական ուսուցչուհի...

... Երկար հիշվեց։ 90-ականներ,Մոսկվա, Չերյոմուշկիի շուկա։ Մայիս ամիսն էր, ամսի 5-ը։ Ոստիկանության երիտասարդ սերժանտը` չթույլատրված վայրում շարված կանաչին տեսնելով, ասում է տարեց հայ կնոջը` Հռիփսիմե մորաքրոջը. «Մի անգամ էլ տեսնեմ, բաժին ենք տանելու` տուգանք մուծելու»։

Եկավ մայիսի 9-ը։ Առավոտ էր, շուկայում հայտնվեց սերժանտը։ Հռիփսիմե մորաքրոջ կանաչին ու բանջարեղենը նույն արկղի վրա էին, ինքը չէր երևում, զվարճացող ամբոխի կենտրոնում էր։ Սերժանտը խցկվում է ուրախության մասնակիցների արանքն ու քարանում` նրա առջև Հռիփսիմե մորաքույրն է։ Խունացած զինվորական բլուզով, գլխին` զինվորական գլխարկ, ուսերին՝ սակրավորական զորքերի կապիտանի ուսադիրներ։ Կրծքին շքանշաններ և մեդալներ Եվրոպայի կեսն ազատագրելու համար։ Իսկ վաճառասեղանին՝ ուտելիքի կողքին, մեծ ծաղկեփունջ նրա և տարատեսակ խորտիկներ` բոլորի համար։ «Քարահունջի» կիսադատարկ շիշը նույնպես։ Ոստիկանության սերժանտը պատվի է առնում՝ ձեռքը տանելով գլխարկին։

– Լցրե՛ք սերժանտին։ Այսօր, որդիս, քեզ էլ կարելի է, – թույլատրեց Հռիփսիմե մորաքույրը։

... Հայրենական մեծ պատերազմի տարիների երգերն օժտված են այնպիսի հատկություններով, որոնք չեն կարող խեղաթյուրել նույնիսկ ներկայիս հոսքագծային արտադրության վոկալիստները։ Եվ նման երգերն ընկալվում են ներկայիս երիտասարդների համար զարմանալի կարեկցանքով։

Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները

Ինչո՞ւ։ Խնդիրը, հավանաբար, միայն խոսքերն ու երաժշտությունը չեն, այլ մեկ այլ բան։ Գուցե անկեղծությունը, որը էներգետիկա է ստեղծում և որը պահպանվել է մինչ օրս։ Այդ երգերը լսում ու երգում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, ամենուր, բայց միշտ ռուսերեն։

P.S. Վերջին գրեթե երեսուն տարիների ընթացքում առաջին անգամ մայիսի 9-ը Հայաստանում կտոնենք միայն որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օր։ Նրանց համար, ովքեր 1992 թվականին մասնակցել են «Հարսանիք լեռներում» օպերացիային և այն երիտասարդների համար, ովքեր այդ մասին միայն պատմություններ են լսել, այս սուրբ օրը ինչ–որ բան պակաս է լինելու։

263
Ըստ թեմայի
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերանը հաղթել է նաև կորոնավիրուսին
Ադրբեջանը ոչնչացնում է ամեն հայկականը, անգամ Հայրենական պատերազմի հուշակոթողները. Բաբայան
Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

Գերիների հարազատները նստացույց են սկսել կառավարության շենքի առջև

52
(Թարմացված է 01:06 24.06.2021)
Հարազատները մինչ այդ հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Այս գիշեր ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև կանցկացնեն հայ գերիներից մի քանիսի հարազատները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի մարզից գերիներից մեկի եղբայրը՝ Տիգրանը, ասաց, որ ցերեկը հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը նրանց չի բավարարել, ինչի համար էլ, այլ ելք չունենալով, որոշել են նստացույց անցկացնել կառավարության մոտ։

«Պահանջում ենք գերիների վերադարձն առանց նախապայմանների,-ասաց նա,-այլ տեղ չունենք գնալու»։

Նրան են միացել նաև այլ գերիների հարազատներ։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

52
թեգերը:
նստացույց, Հայաստան, գերի
Ըստ թեմայի
ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով
Բաքվի դատարանը սկսել է 13 հայ գերիների գործով լսումները
Գերի ընկած կանայք տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում. Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Արման Թաթոյան

Ակնկալվում է, որ հայհոյախոսությանը վերջ դնելու կոչին պետք է հետևեին պաշտոնյաները. Թաթոյան

31
(Թարմացված է 00:28 24.06.2021)
Արմեն Թաթոյանն անդրադարձել է Էդուարդ Աղաջանյանի գրառմանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հորդորին չեն հետևում հենց իշխանության ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հունիսի 21-ի հավաքի ժամանակ արված՝ հայհոյախոսությանն ու թշնամանքին վերջ դնելու կոչը։

«Ակնկալվում է, որ այս կոչին պետք է առաջին հերթին հետևեին իշխանության ներկայացուցիչներն ու նրանք, ովքեր զբաղեցրել կամ զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ: Ցավոք, նրանցից որոշները հակառակն են ցույց տալիս: Այդպիսի պահվածք է ցուցաբերում վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը գրառում է արել` օգտագործելով «ինտելեկտուալ ապուշներ», «հայ ժողովուրդը ծնկի է բերել», «միշտ է ծնկի բերելու» արտահայտություններով դատապարտելի բառապաշար»,–նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Բացի այդ, Թաթոյանը նշում է, որ ընտրությունների օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող վտանգավոր դրսևորումներ: Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է՝ «գյուղաբնակներ ու քաղաքաբնակներ», «գրագետներ և անգրագետներ», «հետամնացներ և զարգացածներ», որը կապվում է քվեարկության արդյունքների հետ:

Նրա խոսքով` ընդդիմության առանձին շրջանակներ, նրանց աջակիցները նշում են, թե իրենց օգտին քվեարկել են քաղաքաբնակները, ինտելեկտուալներն ու կրթվածները: Իշխանության առանձին ներկայացուցիչներն ու համակիրները ընդդիմությանն ու նրանց աջակիցներին հակադարձում են վիրավորական արտահայտություններով։

Մի «չագուճի» պատմություն, կամ ինչպե՞ս են այլ երկրներում վերաբերվում առաջին դեմքի սխալներին

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Բացի այդ, ըստ նրա, պետք է բացառվեն բոլոր տեսակի ֆեյքային բանակների հարձակումները:

Հիշեցնենք, որ Աղաջանյանը գրառում էր արել «ինտելեկտուալ ապուշների մասին»` Նասիմ Թալեբի բնորոշումներով սահմանելով, թե ինչ է դա։

31
թեգերը:
կոչ, հայհոյանք, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Հայհոյանքի ու սպառնալիքների չափաբաժինը շատ վտանգավոր սահմանի է հասել. Թաթոյան
Փոխադարձ մեղադրանք և հայհոյանք. ՄԻՊ-ն ասել է` ինչպես պետք է լինի քաղաքակիրթ ընտրապայքարը
Փաշինյանը հարբած զանգել է Էջմիածնի քաղաքապետին ու վերջին հայհոյանքները տվել. մանրամասներ