«Թավշյա հեղափոխություն»

Մեր կյանքն իսկապես դժոխքի վերածվեց. «թավշյա հեղափոխությանը» վստահած ընտանիքի պատմությունը

553
(Թարմացված է 17:46 02.05.2021)
«Թավշյա հեղափոխությունը» որոշ հայ ընտանիքների Հայաստան վերադարձրեց։ Նրանք ավելի լավ Հայաստանում ապրելու հույս ունեին։ Հեղափոխությունից 3 տարի անց հայրենիք եկած ընտանիքներից մեկն անելանելի վիճակում է։ Նրանց համար պետությունից միայն օդում կախված խոստումներն են մնացել։

2018 թվականը Լիանա Գևորգյանի ու նրա ընտանիքի համար ճակատագրական եղավ։ Նրա ամուսինը` Արտակը, տեսնելով «թավշյա հեղափոխության» ժամանակ հայ ժողովրդի ցնծությունը, ոգևորվելով իշխանափոխությունից, ընտանիքին սկզբում մեկ շաբաթով Մոսկվայից Հայաստան բերեց։ Մեկ շաբաթ անց նա հայտարարեց, որ մնում են հայրենիքում։

Կինը հիշում է, թե ամուսինն ինչքան ոգևորված էր «թավշյա հեղափոխությունից», ոնց էր հավատում, ասում էր` պետք է երկիրը շենացնենք, ի վերջո Հայաստանը հայերի համար է, ու պետք է այնտեղ ապրել։

Լիանայի համար Հայաստանում նոր կյանք սկսելը դժվար էր, քանի որ նրա ողջ մանկությունն ու երիտասարդությունն անցել էր Մոսկվայում։

Տարիներ առաջ էր հանդիպել Արտակին, որն արտագնա աշխատանքի էր մեկնել Մոսկվա։ Նրանք ընտանիք են կազմել ու 3 երեխա ունեցել. զավակներն այժմ 8, 5 և 4 տարեկան են։  

Ամուսնությունից հետո այնտեղ վարձով են ապրել, ամեն ինչ նորմալ էր, քանի որ ամուսինը մթերային խանութ էր բացել, իսկ ինքն աշխատում է թատրոնների հետ` միջոցառումներ էր կազմակերպում։

«Ինձ համար շատ բարդ էր Արտակի` Հայաստանի վերադարձի որոշման հետ համակերպվելը, որովհետև հարազատներս, ընկերներս այնտեղ էին, այստեղ ոչ ոք չունեի։ Մի քանի օր հետո ամուսինս գնաց Մոսկվա, էնտեղ մեր բնակարանն ու խանութը հանձնեց ու վերադարձավ»,–պատմում է կինը։

Հայաստան գալուց հետո Արտակը երկար ժամանակ աշխատանք է փնտրել, բայց ապարդյուն։ Հետո որոշել է «Մոգո» վարկային կազմակերպությունից ավտոմեքենա վերցնել ու տաքսի քշել։

Լիանան, չնայած երկու բարձրագույն կրթությանը, ևս աշխատանք չի կարողացել գտնել, ասում է` ամեն հնարավոր տեղ ինքնակենսագրականը թողել է, խոստացել են զանգել, սակայն, իմանալով, որ մանկահասակ երեխաներ ունի, չեն կանչել։

«Ամուսինս նոր էր հունի մեջ ընկել, արդեն կարողանում էր գումար վաստակել, երբ կորոնավիրուսի համավարակը սկսվեց։ Մարդիկ փակվեցին տանը, ոչ ոք տաքսի չէր նստում, շատ դժվար էր մեզ համար։ Հայաստանում միակ առավելությունն այն էր, որ վարձով չէինք բնակվում, ամուսնուս հայրական տունն այստեղ է` Հրազդանում։ Այդ ընթացքում մեզ մեր ընկերներն ու բարեկամներն էին գումարով օգնում, որ երեխաներս քաղցած չմնային»,–պատմում է Լիանան։

Ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում, կամ ո՞րն էր Փաշինյանի և հեղափոխության «պլան Ա»-ն

Ընտանիքի վիճակն ավելի է բարդանում, երբ սկսվում է Արցախյան վերջին պատերազմը։ Տան միակ աշխատողին, երեք անչափահաս երեխաների հորը պատերազմ են տանում։

«Արտակին հենց սեպտեմբերի 27–ին, վայենկոմատից զանգեցին կանչեցին։ Ամուսինս ժամկետային ծառայության ժամանակ գնդացրորդ է եղել։ Բացատրեց, որ երեք անչափահաս երեխա ունի և տան միակ աշխատողն է, միևնույնն է, ասեցին` պետք է գնա։ Արտակին տարան Քարվաճառ։ Ու այդ ժամանակ իմ կյանքն իսկապես դժոխքի վերածվեց։  Տանն ուտելու ոչինչ չունեինք, գումար չկար, մեզ պետական ոչ մի կառույցից չեն օգնել»,– պատմում է կինը։

Լիանայի խոսքով` ամուսնու բարեկամները, իրենց  հարևաններն ու ծանոթ մարդիկ են իրենց այցելել, մեկը սնունդ է բերել, մյուսը` հիգիենայի պարագաներ։

«Անգամ ավտոբուսի գումար չունեի, որ երեխայիս դպրոց տանեի։ Այն վարորդները, որ ծանոթ էին մեզ, զիջում էին, գումար չէին ուզում, ովքեր էլ տեղյակ չէին` վիրավորում էին... հետո ամաչեցի ու որոշ ժամանակ աղջկաս դպրոց չտարա։ Դասարանի ծնողներից մեկը զանգեց, ասեց, որ Հրազդանի քաղաքապետարանը սնունդ է բաժանում, գնա, միգուցե քեզ էլ տան։ Վերկացա, գնացի, ասեցին, որ միայն «Փարոսի» անդամներին են տալիս և Արցախից եկածներին։ Բացատրեցի, որ իմ ամուսինն էլ է պատերազմ գնացել, իմ երեխաներն էլ են ուտել ուզում, ասացին` կներեք, ոչ մի բանով չենք կարող ձեզ օգնել»,–ասում է Լիանան։

Իսկ ամենավատն այն է, որ ավտոմեքենայի վարկը պատերազմի օրերին չմուծելու համար վարկային կազմակերպությունից եկել են, մեքենան տարել։

Լիանայի ամուսինը պատերազմի ողջ ընթացքում եղել է Քարվաճառում, իսկ եռակողմ հայտարարության ընդունումից 2 շաբաթ անց եկել տուն` հոգեբանական ծանր վիճակում։

Բայց այժմ գումար աշխատելու միակ տարբերակը` ավտոմեքենան, այլևս չկա։ Արտակը ստիպված է ընկերներից 1-2 ժամով մեքենա խնդրել, քշել, որ կարողանա սեփական երեխաների օրվա հացի խնդիրը լուծել։

Այս ընտանիքում «դժոխքն» այսքանով չի ավարտվում։ Օրեր առաջ անջատել են տան հոսանքը, շուտով գազն ու ջուրն էլ կանջատեն` կոմունալ վճարումները չկատարելու համար։ Այժմ ընտանիքն ունի սնունդի, գումարի և, իհարկե, աշխատանքի կարիք։

Հեղափոխության պլյուսներն ու մինուսները. շատ հետաքրքիր կլիներ` այս հարցերն ուղղվեին հայերին

«Գիտեմ, հիմա մարդիկ կասեն, շատերը պատերազմից  անձեռք, անոտք են եկել, գնացեք աշխատեք, ապրեք, բայց այսօր իմ երկրում ինձ աշխատանք չեն տալիս, մի՞ թե պատերազմն ավարտվեց ու էլ ոչ մեկին օգնություն պետք չէ», –ասում է Լիանան։

Արտակն այսօր կտրականապես խոսել չի ցանկանում, եթե 3 տարի առաջ ոգևորված էր, հիմա տասնապատիկ հիասթափված է, ասում է` մեկ է, ոչ մի օգնություն էլ չի լինելու, իզուր է դիմելը։

Արտակը կնոջը ժամանակ առ ժամանակ խոստովանում է, որ մեղքն իրենն է, պետք չէր հավատալ, բայց Մոսկվա վերադառնալու ու ամեն ինչ զրոյից սկսելու համար հիմա գումար չկա, պարտքերն էլ շատ են...

553
թեգերը:
ամուսին, Կին, Մոսկվա, Արցախյան պատերազմ, ընտանիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, «Թավշյա հեղափոխություն»
Ըստ թեմայի
ՀՀ–ում ֆեյք ամենահետաքրքիր արտանետումը լավ ու վատ հեղափոխությունների մասին էր․ փորձագետ
«Եթե այդքան վատն էինք, ինչո՞ւ էիք պաշտպանում հեղափոխությունը»․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ին
Երկու հեղափոխությունների արանքում. ավելի լավ է պետական պաշտոնյա դառնալ
Արմեն Գևորգյան

Նիկոլը փոքրամասնություն է․ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սկսել է հետհաշվարկը

59
(Թարմացված է 23:25 10.05.2021)
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան վստահ է, որ ընտրություններին մասնակցության բարձր մակարդակն է ապահովելու իշխանափոխության անշրջելիությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն անդրադարձել է երկրում ընտրական գործընթացի մեկնարկին ու մի քանի նկատառումներ արել Telegram ալիքում։

«Առաջին․ Նիկոլը փոքրամասնություն է, բայց դա ամենևին չի նշանակում, որ նա էլեկտորատ չունի։ Այն կա, և դա փաստ է։ Այդ էլեկտորատը նրա եռամյա կառավարման արդյունքն է։ Դրանից չպետք է նեղվել։ Ապագայում, ընտրություններից հետո մեր առաջնային խնդիրներից է լինելու՝ բուժել այդ մարդկանց հոգիները՝ նախ և առաջ գործով, և նաև ցույց տալ, թե ինչպիսի տարրական խաբեբա էին իրենց կուռքերը»,- գրել է Գևորգյանը։

Նա վստահ է՝ հաջողության հասնելու մոտեցումը պարզ է՝ արժանապատվություն, ազնվություն, արդարություն, ինչպես նաև աշխատելու և սեփական ընտանիքը պահելու հնարավորությունների ստեղծում։ Նաև անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր տեղում լինի։ Երկրում պետք է տիրի կարգ ու կանոն:

«Հաջորդ որևէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ և բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում։ Նոր իշխանությունների բառապաշարում բացակայելու են այնպիսի արտահայտությունները, ինչպես օրինակ․ «իսկ հիշո՞ւմ եք, երբ ինչ որ բան անում կամ ասում էր Նիկոլը, դուք լռում էիք կամ հանդուրժում»։ Ո՛չ, դա ճիշտ չէ։ Դա մերը չէ»,- պնդում է Գևորգյանը։

ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի

Նախկին պաշտոնյան դիմում է պետական ծառայության մեջ գտնվողներին։ Գիտի, թե այս իրավիճակում որքան բարդ ընտրություն պետք է կատարեն։ Շեշտում է՝ ընտրությունը բարդ է, բայց անհրաժեշտ։ Նրանք կարող ենք գիտելիքն ու փորձը հաջողությամբ ծառայեցնել մեր պետությանը, բայց դրա համար այսօր պետք է մեկ բան՝ դիրքորոշում և գործողություն։ Ձևակերպումն այսպիսին է՝ «կամ մենք ինքնամաքրման այս ճանապարհը միասին կանցնենք, կամ ապագայում անսկզբունքայինները տեղ չեն ունենա»։
Արմեն Գևորգյանը կարծում է, որ հիմա ամենակարևորը չթուլանալն է։

«Այն դիրքորոշումը, որ Նիկոլը հեռանում է, պետք է մտնի բոլորի տներ՝ գյուղերում և քաղաքներում։ Շատերին այն կարող է դուր չգալ, սակայն պետք է բոլորը հաշտվեն այս մտքի հետ։ Բոլորը պետք է գնան քվեարկության։ Բոլորը, առանց բացառության բոլորը։ Սա սկզբունքորեն կարևոր է։ Մասնակցության մակարդակից է կախված լինելու երկրում իշխանափոխության գործընթացների ամրությունն ու անշրջելիությունը»,- վստահ է նախկին փոխվարչապետը։

Ու ի վերջո, առողջ ուժերը պետք է համախմբեն Նիկոլ Փաշինյանի հեռացման գաղափարի շուրջ։ Կարծում է, որ չափից ավելի մեծ ձգտումը՝ հավաքել ավելի շատ ձայներ, քան մրցակիցները, ընտրողների մի մասի մոտ կարող է առաջացնել «նախանիկոլական ժամանակաշրջանի ոչ ամենալավ հիշողությունները»։ Շեշտում է՝ վարչական ռեսուրսի և ոչ-ֆորմալ հարաբերությունների օգտագործումն արդեն Փաշինյանի մենաշնորհն է։ Վստահ է, որ նա երկու ոտքով հայտնվել է այդ թակարդում։

Արմեն Գևորգյանը առաջարկում է բոլորի համար միավորող գաղափար դարձնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանի հեռացման համընդհանուր հետհաշվարկը։

Հետհաշվարկն ինքն էլ սկսում է. «Նիկոլի գնալուն մնացել է 41 օր»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

59
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, Արմեն Գևորգյան
Ըստ թեմայի
Ընտրողները 2 հոգու են տեսնում վարչապետի պաշտոնում. քաղտեխնոլոգը` ընտրությունների մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին
Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում
Սևանա լիճ

Ինչո՞ւ է բարձրանում Սևանի մակարդակը, և ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարության հետևում

135
Մասնագետները չեն բացառում, որ լիճը այս տարի ևս «կծաղկի», ինչպես նաև հույս են հայտնում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունների հետևում լուրջ հաշվարկներ կան։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Սևանա լճում ջրի մակարդակի բարձրացումը մի շարք գործոնների հետ է կապված, և առանցքային դեր են խաղում ջրի բացթողման գերծավալների բացակայությունը և Արփա-Սևան թունելային ջրանցքի գործարկումը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։

Մասնագետը միաժամանակ նշեց, որ Սևանի խնդիրները դրանով չեն սահմանափակվում ու չեն լուծվում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Սևանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի շնորհիվ լճի մակարդակը 2021 թ․-ի ամռանը կհասնի վերջին 60 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի։

«Սևանում ջրի մակարդակի բարձրացումը բնական գործընթաց է, որն արհեստականորեն արգելակվում էր ջուր բաց թողնելով»,-ասաց Զարաֆյանը։

Նա հիշեցրեց, որ 2001թ․-ին ջուրը էներգետիկ և այլ նպատակներով օգտագործելու արգելք էր սահմանվել։ Այդ պատճառով Սևան-Հրազդան կասկադը ջուր ստանում է ոռոգման շրջանում, այսինքն՝ երբ ջրարգելը բացվում է։ Ջուրը կասկադով հասնում է ոռոգման համակարգին, իսկ այնտեղից՝ Արարատյան դաշտավայրի ոռոգվող դաշտերին։

Զարաֆյանը նշեց, որ լճի ինքնամաքրման բնական գործընթացի համար դրա մակարդակը պետք է հասնի ծովի մակարդակից 1905 մետր բարձրության։ Այդ դեպքում մեկուսացնող շերտի ձևավորում կսկսվի, որը «զսպում է» կեղտը և նպաստում է ինքնամաքրմանը։  Առանց լճի մակարդակի բարձրացման գործընթացը չի սկսվի։ Դրա հետ է կապված նաև լճի ճահճացումը, հատկապես ամռանը։

Սևանա լճի մակարդակը բարձրացել է ևս 2 սանտիմետրով

«Սևանի մակարդակի բարձրացումը կարևոր է նաև այն պատճառով, որ նպաստում է ջրի մաքրմանը։ Բացի այդ, ոչ պակաս կարևոր է բալանսը․ այն չպետք է բացասական լինի։ Եթե լիճը բարձրացել է գոնե 3 միլիմետրով, ապա ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ ջրի մակարդակը իջնի, հակառակ դեպքում դա բացասաբար կանդրադառնա ամբողջ էկոհամակարգի վրա»,-ասաց Զարաֆյանը։

Նա նշեց, որ լճի մակարդակի բարձրացումը չի ենթադրում դրա արհեստական իջեցում՝ թույլատրելի ցուցանիշին հասնելու նպատակով։ Մասնագետը հիշեցրեց, որ 170 միլիոն խորանարդ մետր ջուրը բացթողման առավելագույն ծավալն է։ Հակառակ դեպքում դա բացասաբար կանդրադառնա լճի վրա։

Զարաֆյանն ընդգծեց, որ վերջին երկու տարիներին լճից բացթողման գերծավալներ չկան, ինչը դրական է անդրադարձել ջրի մակարդակի վրա: Սակայն լճի ոչ բոլոր խնդիրներն են լուծված։ Մասնավորապես, իշխանությունները պետք է լուծեն ջրի աղտոտման հարցը՝ բոլոր ափամերձ օբյեկտներին պարտավորեցնելով մաքրման կայաններ տեղադրել, և կոյուղու մայրուղային կոլեկտոր կառուցելով:

Միաժամանակ Զարաֆյանը կարծում է, որ այս փուլում դժվար է այդ ուղղությամբ ինչ-որ տեղաշարժեր կանխատեսել:

Իր հերթին բնապահպան Կարինե Դանիելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վարչապետի հայտարարությունը խոսում է այն մասին, որ այս տարի  լրացուցիչ բացթողումներ չեն նախատեսվում:

«Սակայն հնարավոր չէ դա միանշանակ պնդել։ Եթե կլիմայական պայմանները նորմալ լինեն, ապա հայտարարված մակարդակը կհաջողվի պահպանել»,-ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ջրի մակարդակի բարձրացումը թույլ կտա ոչ միայն խուսափել բացթողման գերծավալներից, այլև նոր ջրամբարներ կառուցելու հնարավորություն կտա։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը ևս թույլ կտա ջուր խնայել։

Նա նաև հույս հայտնեց, որ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունների հետևում իրական հաշվարկներ կան, և լճի խնդիրները վերջապես կսկսեն լուծվել։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նոր ցուցանիշի է հասել՝ ծովի մակարդակից 1900 մետր 77 սմ բարձրության: Դա 15 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։

Ինչու Հայաստանում վարելահողերի շուրջ 50 %-ը չի օգտագործվում. Պետրոսյանը` պատճառների մասին

135
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, էկոլոգիա, Սևանա լիճ
Ըստ թեմայի
Սևանի ափին 110 շինություն օրենսդրության խախտմամբ են կառուցել. քրեական գործ է հարուցվել
Ջրամբարի կառուցում և ոչ միայն․ Արցախում փորձում են լուծել ոռոգման խնդիրները
ԱԹՍ-ն կարող է նաև բերքն ու բարիքն ավելացնել, իսկ համակարգիչը` այգի ոռոգել
Սերգեյ Լավրով

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

0
(Թարմացված է 00:37 11.05.2021)
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Կարծում ենք, որ ձգձգված հակամարտությունից դուրս գալու տնտեսական կողմի վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը դրա համար օպտիմալ միջավայր է ստեղծում», - ասել Է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ պետք է զգան, որ իրական բարելավում է տեղի ունենում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը երեք երկրների ղեկավարների ստեղծած աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության շուրջ առկա գործնական հարցերը:

Լավրովն ընդգծում է՝ դա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից։

Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

0
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ապաշրջափակումն առայժմ քննարկվում է միայն փորձագիտական մակարդակով. փոխվարչապետ
Ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է լինելու. Օհանյանը` ԱԽՔ–ի հայտարարության մասին
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար