Թեոդոսիայի հայկական եկեղեցի

Ինչպես, երբ և որտեղից են հայերը հայտնվել Ղրիմում

208
(Թարմացված է 07:34 03.05.2021)
Առաջին անգամ հայերը թերակղզում հայտնվել են գրեթե երկու հազար տարի առաջ։ Այն ժամանակներից ի վեր Ղրիմի հայ համայնքը գոյություն ունի։ Հայերը քաղաքներ են կառուցել, Ղրիմի արհեստներին և մշակույթին ավելացրել սեփական ազգային կոլորիտը։

Հայ համայնքի և հարուստ մշակութային ժառանգության մասին պատմում է ՌԻԱ Նովոստի Ղրիմը։

988 թ․-ին Խերսոնեսում իշխան Վլադիմիրը պսակադրվում է Բյուզանդիայի կայսր Վասիլի 2-րդի քրոջ՝ Աննայի հետ, որը ծագումով հայ էր։ Աննայի հետ Ղրիմից Կիև են տեղափոխվում բավականին մեծ թվով հայեր։ Հայերը հենց Ղրիմից են արտագաղթել սկզբում արևելյան, ապա նաև արևմտյան սլավոնների երկրներ։

Բայց հայերից շատերը շարունակում են ապրել նաև բուն Ղրիմում, հատկապես՝ հարավ-արևելքում։ Նրանք կառուցում են հիասքանչ տաճարներ, զբաղվում շինարարությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ, արհեստներով, ոսկերչությամբ, բայց առաջին հերթին՝ աշխույժ առևտրով։

15-րդ դարում հարյուրհազարանոց Կաֆա քաղաքի (այժմ` Թեոդոսիա) բնակչության երկու երրորդը հայեր էին։ Միայն այդ քաղաքում 30-45 հայկական եկեղեցի և մենաստան կար։

Զգալի թվով հայեր էին ապրում Սուդակում, Կարասուբազարում (Բելոգորսկ), Բախչիսարայում, Չեմբալո ամրոցի շրջակայքում (Բալակլավա)։ Ղրիմի հայկական գաղութներն այնքան մեծ էին, որ ջենովացիները Ղրիմի հարավարևելյան հատվածն անվանում էին «Ծովային Հայաստան»՝ Armenia maritima։ 1475թ․-ին, երբ թուրքերը գրավեցին Ղրիմի թերակղզին և ընկավ Բյուզանդիայի վերջին հենարանը՝ Թեոդորո իշխանությունը, հայկական բնակչությունը կտրուկ կրճատվեց, բայց լիովին չանհետացավ, չնայած մեծամասնությունը փախավ Ղրիմից։ Նրանք հիմնականում տեղափոխվեցին Կամենեց, Լվով, ինչպես նաև Մոլդովա։

Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո հայերը սկսեցին աստիճանաբար Տավրիկե տեղափոխվել Օսմանյան կայսրությունից։ Կառավարությունը ճանաչեց Ղրիմում ապրելու նրանց իրավունքը, նրանք մի շարք արտոնություններ ստացան ցարական իշխանություններից։ Սկսվեց Տավրիկեում հայկական ներկայության վերածնունդը։ 1897թ․-ին Ղրիմում մոտ 9 հազար հայ էր ապրում, 1914թ․-ին՝ մոտ 15 հազար. Հայերը Ղրիմ էին գաղթում Արևմտյան Հայաստանից և Օսմանյան կայսրության այլ շրջաններից։

Բազմաթիվ և տաղանդավոր ժողովուրդը չէր կարող իրենից հետո չթողնել այն, ինչն այսօր Ղրիմի ինքնության բաղկացուցիչն է կազմում՝ հիանալի ճարտարապետություն, հրաշալի մարսի, հյուրասիրության ավանդույթներ։

Արմյանսկ

Ղրիմի հյուսիսում գտնվող այս ոչ մեծ քաղաքը հայերն ու հույները հիմնել են 18-րդ դարի սկզբին։ Ի սկզբանե այն կոչվում էր Էրմենի-Բազար, ինչը ղրիմաթաթարերեն նշանակում է «հայկական շուկա»։

Մի քանի հյուրանոցներից և առևտրային անցակետից ձևավորված քաղաքի տեղակայումը շատ հարմար էր բիզնեսի համար․ այդ տեղանքով էր անցնում Ղրիմից Ուկրաինա տանող Չումացկի շլյախը՝ Աղի ճանապարհը։ Արմյանսկի բնակիչների մեծ մասը զբաղվում էր առևտրով, ինչպես նաև աղի արդյունահանմամբ և տեղափոխմամբ։ Ավելի ուշ Արմյանսկի վաճառականներն անցան ոչխարի մորթու և բրդի առևտրի, քանի որ հյուսիսային Ղրիմի տափաստաններում մեծ թվով անասուններ էին արածեցնում։

Եկեղեցիներ

Հայկական տաճարները՝ թե՛ հները, թե՛ ավելի նորերը, Ղրիմի քաղաքների և գյուղերի զարդն են։ Որոշ եկեղեցիներ պատմության և մշակույթի իսկական հուշարձաններ են։ Սուդակի մոտ գտնվող Բոգատոյե գյուղի կողքին պահպանվել են Ամենափրկիչ եկեղեցու ավերակները։ Դա այն ամենն է, ինչ մնացել է Սուրբ Եղիայի մենաստանից, որը հիշատակվում է բազմաթիվ միջնադարյան ճանապարհորդների նոթագրություններում։

Անվանի հայեր, որոնց Շուշին նվիրել է համաշխարհային մշակույթին

Մինչև օրս էլ մամռապատ քարե մնացորդներից կարելի է դատել այս վայրի նախկին փառահեղության ու գեղեցկության մասին։ Ամենափրկիչ եկեղեցում հայկական ազգային ճարտարապետության տարրերը՝ քարե ռելիեֆներ՝ որմնապատկերների փոխարեն, և քարերի հարուստ զարդանախշային փորագրություն, համադրվում են արևմտաեվրոպական ճարտարապետությունից փոխառած տարրերի հետ։

Հայկական ավերված եկեղեցին
Пресс-служба Госкомиссии по регистрации и кадастру Республики Крым

Տոպոլեվկա գյուղում, լեռան գագաթին գտնվում է 1702թ.-ին կառուցված և լավ պահպանված Սուրբ Պարասկևայի հայկական եկեղեցին։ Տաճարը լքվել է 18-րդ դարի վերջին, երբ Ղրիմի քրիստոնյաները տեղափոխվել են Մերձազովյան դաշտավայր։

20-րդ դարի սկզբին եկեղեցին վերականգնեցին Տոպլովյան կանանց մենաստանի աջակցությամբ, որի տարածքում էլ գտնվում էր հայկական եկեղեցին։

Ղրիմում եղել են Հայ առաքելական եկեղեցու մի քանի այլ հայտնի վանքեր ևս, որոնք չեն պահպանվել մինչև մեր օրեր։ Գիտնականները կարծում են, որ հայկական վանական համալիր է եղել նաև Մանգուպ լեռան լանջին, որտեղ միջնադարյան բյուզանդական քաղաք-ամրոց է եղել։

ՀՀ–ի մահմեդական հուշարձանները, կամ ինչպես եղավ, որ Կապույտ մզկիթը գինու գործարան չդարձավ

Ըստ «Ռուսական կայսրության աշխարհագրական-վիճակագրական բառարանի» (1865թ․-ի հրատարակություն)` Թեոդոսիայի մոտ՝ Դվույակորնայա (Երկխարիսխ) ծովածոցի ափին, գտնվում էին հին հայկական եկեղեցու մնացորդները՝ խորանի մոտ հայերեն գրերով։ Նույն աղբյուրը խոսում է նաև հայկական վանքի ավերակների մասին՝ Կարադաղ լեռան արևելյան լանջին։

Ամենանշանակալի համալիրը, Ղրիմի հայերի հոգևոր կյանքի խորհրդանիշը հնագույն, վերականգնված Սուրբ Խաչ մենաստանն է՝ Հին Ղրիմ քաղաքի շրջակա անտառներում։ Նախկինում Սուրբ Խաչի կողքին անգամ փոքրիկ քաղաք է եղել, քանի որ բազմաթիվ ուխտավորներ են գնացել մենաստան։ Սուրբ Խաչ կոչվող խաչքարը մենաստանի սրբազան մասունքն էր։

18-րդ դարում Ղրիմից տեղահանված հայերը խաչքարն իրենց հետ տարան և տեղադրեցին իրենց հիմնադրած Նախիջևան (հիմա՝ Դոնի Ռոստովի մի մասը) քաղաքի մերձակայքում, Սուրբ Խաչ վանքում, որը կառուցվեց ի հիշատակ Ղրիմի մենաստանի։ Այդ հնագույն մասունքն այսօր էլ է այնտեղ պահվում։ Մենաստանի լռության մեջ աշխատում էին սրբապատկերագիրները, գիրք արտագրողները, ծաղկող-մանրանկարիչները, պատմական ժամանակագրություններ էին կազմվում։ Աթոռանիստ Սուրբ խաչը հայ եպիսկոպոսների նստավայր էր ծառայում։ Մենաստանը խոշոր տնտեսություն ուներ։ Վանքի վերականգնումը սկսվել է 1992թ․-ին։

Կողքին՝ անտառի թավուտում, գտնվում է Սուրբ Ստեփանոսի մենաստանը, որը գրեթե չի պահպանվել։ Գիտնականներն համարում են, որ այն ավելի հին է, քան Սուրբ Խաչը։ Մենաստանը քանդվել է երկրաշարժի հետևանքով, մնացել են միայն հիմքի որոշ մասերը։ Ենթադրություն կա, որ Միջնադարում այստեղով է անցել Հին Ղրիմը Սուդակին միացնող ճանապարհը։ Հնագետները այն բացահայտել են 1970-ականներին։ Ոմանց կարծիքով` Սուրբ Ստեփանոսի քանդվելն էլ է պատճառ դարձել, որ Սուրբ Խաչը կառուցվի։

Դուդուկ նվագող ու հայերեն բանաստեղծություններ գրող հրեան, կամ սեր առաջին հայացքից

Թեոդոսիայում է գտնվում հողին «սերտաճած» Սուրբ Սարգիս եկեղեցին։ 1888 թ․-ին եկեղեցին խիստ տուժել է հրդեհի հետևանքով, ինչի մասին պատմում է եկեղեցու ներսում սալի վրա փորագրված տեքստը։ Այն վերականգնվել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու միջոցներով, որի համար սա հարազատ եկեղեցի էր․ այստեղ է նկարիչը մկրտվել 1817 թ․-ին, այստեղ է պսակադրվել կնոջ հետ, այստեղ էլ եղել է նրա հոգեհանգիստը 1900թ․-ին։ Տաճարի համար նկարիչը մի քանի սրբապատկեր է նկարել։ Իր իսկ կամքի համաձայն` ծովանկարչին թաղել են վանքի տարածքում։ Իսկ 1944թ․-ին նրա կողքին են հուղարկավորել նաև կնոջը՝ Աննա Նիկիտիչնային։

Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական մշակույթի ևս մեկ հայտնի հուշարձանն է։ Կառուցվել է 1905-1917 թվականներին, նավթարդյունաբերող Տեր-Ղուկասյանի միջոցներով, ի հիշատակ նրա դստեր՝ Հռիփսիմեի, որը թաղված էր քաղաքի վերևում գտնվող Դարսան բլրի բարձունքում։ Եկեղեցու գմբեթի որմնանկարներն արվել են հայ պատմական գեղանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի էսքիզներով։

Վանքի շինության նախատիպը Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է։ Զարմանահրաշ գեղեցկության վանքն այդպես էլ անավարտ է մնացել։ Հեղափոխությունից հետո գլխավոր պատվիրատուն արտագաղթել է, ֆինանսավորումը՝ դադարել, իսկ Սուրենյանցը ծանր հիվանդացել է։ Նկարիչը հասցրել է ավարտել միայն գմբեթի որմնանկարները, նա մահացել է 1921թ․-ին, թաղված է Յալթայի եկեղեցու պատի մոտ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին տաճարը լրջորեն վնասվել էր, պատերը կիսաքանդ էին, գմբեթը` քանդված։ Այդ վիճակում մնաց ևս մոտ 20 տարի, մինչև մասնակի կարգի բերվեց 1960-ականներին։ 2007թ․-ին նկարիչ Աշոտ Ներսիսյանն ավարտեց որմնանկարները՝ ըստ Սուրենյանցի` հրաշքով պահպանված էսքիզների։

Ղրիմի հնագույն քաղաքներից մեկի՝ Եվպատորիայի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին գոյություն ունի 17-րդ դարից։ Տաճարի անվան ընտրությունը պատահական չէ։ Եվպատորիան ծովամերձ քաղաք է, իսկ սուրբ Նիկողայոսը բոլոր քրիստոնյաների համար ծովագնացների հովանավոր է համարվում։

Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ տեսք է ունեցել հին տաճարը․ քաղաքի հայկական արվարձանում գտնվող եկեղեցին բարդ ճակատագիր է ունեցել։ Օսմանյան ներխուժումից հետո հայերը գործնականում արտաքսվել են թերակղզուց։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ հնագույն վանքն է հիմք դարձել ժամանակակից դերվիշների թեքիեի համար։ Հայերը ստիպված են եղել նոր եկեղեցի կառուցել մեկ այլ տեղում։

Ադբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը

Գումարի պակասի պատճառով կառուցումն ավարտվել է միայն 19-րդ դարի 30-40-ական թվականներին։ Ղրիմի պատերազմի ժամանակ վանքում տեղակայվել է ֆրանսիական կայազորը։ Զինվորները բազմաթիվ գրություններ են թողել պատերին։ 2019թ․-ին եկեղեցու, վանքի դպրոցի շինություններն ու վանահոր տունն անհատույց օգտագործման իրավունքով 100 տարի ժամկետով փոխանցվել են հայկական եկեղեցուն։

Մարդիկ

Ղրիմցի ամենահայտնի հայը, անկասկած, գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին է։ Նրա անունն ու ազգանունը, ըստ Ռուսական կայսրության ավանդույթների, ռուսականացվել են․ այդպես Հովհաննես Այվազյանը դարձել է Իվան Այվազովսկի։ Քչերը գիտեն, որ Հովհաննեսը եղբայր է ունեցել, անունը՝ Գաբրիել։ Երկուսն էլ Ղրիմում են ծնվել։

Կրթություն ստանալով Սանկտ Պետերբուրգում, ճամփորդելով Եվրոպայի երկրներում` Հովհաննես Այվազովսկին 1845թ․-ին վերադարձել է Թեոդոսիա։ Նա ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող գեղանկարիչ է, այլև բնակավայրի հանճարը․ ակտիվ զբաղվել է քաղաքի գործերով, բարեկարգմամբ։ Արվեստի դպրոց է բացել, իսկ իր տանը՝ պատկերասրահ` մահից հետո այն կտակելով քաղաքին։

Իր միջոցներով նա կառուցել է Թեոդոսիայի հնությունների թանգարանը։ Նրա նախաձեռնությամբ քաղաք է մտել երկաթուղին, ընդլայնվել է առևտրային նավահանգիստը, հանրային գրադարան է բացվել։ 1887թ․-ին Այվազյանի ջանքերով սակավաջուր Թեոդոսիայում սկսվել են քաղաքային ջրատարի կառուցման աշխատանքները։ Առափնյա այգում նկարչի նախագծով շատրվան է կառուցվել, որի ջուրը տեղի բնակիչները ստացել են անվճար։

Հովհաննես Այվազովսկին և նրա եղբայր Գաբրիելը, որն արքեպիսկոպոս էր, Նախիջևան-Բեսարաբիայի հայոց թեմի հոգևոր առաջնորդը, գիտնական-պատմաբան և լեզվաբան, պոլիգլոտ, դեռևս 1857թ․-ին որոշել էին Թեոդոսիայում հայկական ուսումնարան բացել և ակտիվ աշխատում էին այդ գաղափարի իրագործման ուղղությամբ, բայց այդպես էլ թույլտվություն չստացան Ռուսաստանի լուսավորության նախարարությունից։

Ղրիմում՝ Կարասուբազար (Բելոգորսկ) քաղաքում է 1854թ․-ին ծնվել խմբավար, կոմպոզիտոր, երաժիշտ-քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզան։ Նա հայրենի քաղաքում քառաձայն երգչախմբեր էր կազմակերպում, համերգներ էր տալիս։

Կարա-Մուրզան ոչ միայն հավաքում էր հայկական հոգևոր ու ժողովրդական երգերը և նոտագրում դրանք, այլև կազմակերպում էր դրանց կատարումը։ 1892թ․-ին երաժիշտը տեղափոխվեց Անդրկովկաս, որտեղ ճամփորդում էր հայկական գյուղերով ու քաղաքներով, երգչախմբեր ստեղծում, համերգներ տալիս, նոր երգեր հավաքում։ 17 տարվա ընթացքում Կարա-Մուրզան հասցրել է 4 քաղաքում 90 երգչախումբ ձևավորել, որոնցից յուրաքանչյուրը միավորում էր 40-150 մարդու, նրանց հետ 248 համերգ տալ, ձայնագրել և մշակել 320 երգ։

Ալեքսանդր Սպենդիարյանի պապը ծնունդով Արմյանսկից էր, Սպենդիարյանն ինքը ծնվել է Կախովկայում։ Բայց երբ նա վեց տարեկան էր, ընտանիքը վերադառնում է Ղրիմ և հաստատվում Սիմֆերոպոլում։ Մանուկ հասակում փոքրիկ Ալեքսանդրի մոտ ինչպես նկարչական, այնպես էլ երաժշտական տաղանդ է ի հայտ գալիս։ Բայց Սպենդիարյանն ընտրում է կոմպոզիտորի ուղին, սովորում Ռիմսկի-Կորսակովի մոտ։

Սովորելուց և մայրաքաղաքում առաջին երաժշտական հաջողություններին հասնելուց հետո ղրիմցի հայը վերադառնում է թերակղզի և հաստատվում Յալթայում, ապա Սուդակում։ Յալթայում Սպենդիարյանի տունը յուրօրինակ մշակութային կենտրոն էր, նրան հյուր էին գալիս կոմպոզիտորներ, գրողներ, նկարիչներ։ Այստեղ իր գործերն էր բարձրաձայն կարդում Գորկին, երգում էր Շալյապինը։

20-ականների սկզբին Սպենդիարյանը Ղրիմում երաժշտական դպրոց է բացում, ղեկավարում երգչախմբեր և նվագախմբեր, բազմաթիվ ռուսական, ուկրաինական և թաթարական երգեր մշակում։ Ղրիմի թաթարները Սպենդիարյանին նաև իրենց կոմպոզիտորն են համարում։ 1924թ․-ին կոմպոզիտորը տեղափոխվում է Հայաստան։ Նրա անունով է կոչվում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Հայերի անեծք, թե խղճի խայթ. ինչու քուրդ ծերունին չէր կարողանում հանգիստ մեռնել

Վարդգես Սուրենյանցը Ղրիմում չի ծնվել, բայց նրա կյանքն անքակտելիորեն կապված է Ղրիմի հետ։ Երբ ապագա նկարիչը յոթ տարեկան էր, նրա հայրը նշանակում ստացավ Սիմֆերոպոլում։ Սուրենյանցը հայ գեղանկարչության մեջ պատմական ժանրի հիմնադիրն է։ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է նրա աշխատանքների տպավորիչ հավաքածուն, որոնցից յուրաքանչյուրը լի է հարազատ ժողովրդի հանդեպ կարեկցանքով և նրա ապագայի համար անհանգստությամբ։ Նրա լավագույն աշխատանքների թվում է Պուշկինի «Բախչիսարայի շատրվանի» պատկերումը։

Նկարչին խիստ գրավում էր հայկական մատյանների մանրանկարչությունը, որի ձեռքբերումներն ու հնարքները նա օգտագործում էր իր ստեղծագործություններում։ 1909-1917թթ․ Յալթայում կառուցվում էր անասելի գեղեցկությամբ աչքի ընկնող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը ճանաչվել է թերակղզու հարավային ափի ճարտարապետական մարգարիտը։ Նկարչի ծանր հիվանդության պատճառով հոյակերտ եկեղեցու նկարազարդման աշխատանքը կիսատ մնաց, բայց եկեղեցին դարձավ Սուրենյանցի կյանքի վերջին և ամենակարևոր աշխատանքը, իսկ նկարիչը թաղվեց իր իսկ ստեղծագործության պատերի մոտ։

Հայերը Խորհրդային Միության մյուս զինվորների հետ արյուն թափեցին` թերակղզին պաշտպանելով գերմանացի-ֆաշիստ նվաճողներից։ 86-րդ հրաձգային դիվիզիան հայկական վեց դիվիզիաներից մեկն էր Կարմիր բանակի կազմում։ Հայ մարտիկներն ազատագրել են Կերչը, Հին Ղրիմը, Կարասուբազարը։ Սևաստոպոլի համար մղած մարտերում հայ մարտիկները մասնակցել են Գորնայա բարձունքի գրոհին։ Արիության և հերոսության համար դիվիզիայի երկու գունդ արժանացել է պատվո անվան՝ «Սևաստոպոլյան գնդեր»։

Կերչի և Սևաստոպոլի ազատագրման համար դիվիզիան պարգևատրվել է «Կարմիր աստղ» և «Կարմիր դրոշ» շքանշաններով: Մինչև 1944 թ․-ի վերջը դիվիզիայի ավելի քան 14,5 հազար մասնակից պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Սևաստոպոլի համար մղած մարտերում 12 հայ զինվոր է արժանացել Խորհրդային Միության Հերոսի կոչման: Բալակլավայի շրջանում գտնվող Գորնայա բարձունքի ստորոտին գտնվող եղբայրական գերեզմանատանը 1944 թ․-ին թաղվել են հայկական դիվիզիայի 250 մարտիկներ:

Մանկություն` շաղախված պատերազմով. Հայրենականի 88–ամյա ականատես կնոջ վկայությունները

Թաղման վայրում կոթող է տեղադրվել։ 15 տարի անց Հայկական ԽՍՀ-ի միջոցներով հուշարձանը նորոգեցին, Հայաստանից բերեցին Փամբակի գրանիտը և երեսպատեցին կոթողը, տեղադրեցին Մայր Հայրենիքի պղնձե հարթաքանդակը։ 89-րդ և 390-րդ հայկական հրաձգային դիվիզիաների ավելի քան 1,5 հազար մարտիկներ հանգչում են Կերչի թերակղզու Գլազովկա գյուղի հիշատակի գերեզմանատանը։

Ղրիմում հիշում և սիրում են նաև Ազատ Արտյոմի Գրիգորյանին և Աշոտ Հապետի Ամատունուն։ Ցավոք, նրանք այլևս մեր կողքին չեն։ Երբ պատերազմը սկսվեց, Ազատ Գրիգորյանը դեռ 16 տարեկան էլ չկար։ Նա ռազմաճակատում հայտնվեց 1943թ․-ին՝ ականանետային-գնդացրային ուսումնարանից հետո։ Մարտերով անցավ Ռոստովի մարզը և Ուկրաինան։ Վիրավորվեց։ Բուժվելուց հետո որպես սակրավոր տեղափոխվեց 12-րդ ինժեներասակրավորական գրոհային բրիգադ։

1943 թ․-ի նոյեմբերին մասնակցեց Սիվաշի կամրջի շինարարությանը։ Ազատագրեց Ղրիմը, թերակղզու համար մղվող մարտերում վիրավորվեց երկրորդ անգամ։ Հոսպիտալից դուրս գալուց հետո կրկին վերադարձավ բանակ և մարտերով հասավ Ավստրիական Ալպեր։ Ֆաշիստական զավթիչների դեմ մարտերում ցուցաբերած հերոսության և արիության համար պարգևատրվեց հինգ շքանշանով և 29 մեդալով: Ազատ Գրիգորյանը 1995թ․-ից Ղրիմի հայկական ընկերության նախագահի տեղակալն էր:

2018 թ․-ի հոկտեմբերի 9-ին 95 տարեկան հասակում Ղրիմում վախճանվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր, Ղրիմի հինգերորդ գումարման Գերագույն Ռադայի պատգամավոր Աշոտ Ամատունին: Նա ծնվել է 1923թ.-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է մանկավարժական ինստիտուտ, որն ավարտելուն խանգարեց Հայրենական մեծ պատերազմը։

Բրիգադի առաջապահ ջոկատի կազմում մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը։ Երկու անգամ վիրավորվել է։ Հաղթանակի օրը դիմավորել է Բեռլինում։ Պատերազմից հետո մնացել է բանակում, զանազան հրամանատարական պաշտոններ զբաղեցրել։ 1981թ․-ին նշանակվել է Հայկական ԽՍՀ ռազմական կոմիսարի տեղակալ։ Աշոտ Ամատունին մեծ նշանակություն էր տալիս հասարակական գործունեությանը, մասնակցում էր վետերանների շարժմանը, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը։

208
թեգերը:
Հովհաննես Այվազովսկի, Եկեղեցի, հայեր, Ղրիմ
Արխիվային լուսանկար

Դատարանը «Վստրեչի Ապերին» գրավի դիմաց ազատ է արձակել

22
(Թարմացված է 23:13 11.05.2021)
Փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը, որը հայտնի է «Վստրեչի Ապեր» մկանունով, օրեր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։ Նա նաև հայտնց, որ խափանման միջոցը փոխելու որոշումն այսօր բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում:

Арам Варданян
© Photo : iravaban.net
Արամ Վարդանյան

Թե ինչ չափի գրավ է կիրառվել Վարդանյանին կալանքից ազատելու դիմաց, Արևիկ Խաչատրյանը չհստակեցրեց։ Մամուլում շրջանառվում է 2 թիվ` 2 մլն և 50 մլն դրամ։

Հիշեցնենք, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով, 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը գործը դատաքննության նախապատրաստելիս անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:

Փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել։

Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են հրաժարվել իրենց տիտղոսից

22
թեգերը:
ՀՀ դատախազություն, գրավ, Դատարան, Արամ Վարդանյան
Ըստ թեմայի
Ո՞ր քրեական գործի շրջանակում են որոշել կալանավորել «Վստրեչի ապերին»
Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ
«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի
Մարգարայի բնակիչ Ստեփանը` դաշտում

«Եթե մերը չի ծախվում, դրսից ինչո՞ւ են բերում». գյուղացիները թևաթափ են` կանաչեղենը թափել են

70
(Թարմացված է 22:44 11.05.2021)
Կանաչեղենի վաճառքի առումով տարին հաջող չի եղել գյուղացիների համար. անգամ 30 դրամով չեն կարողացել 1 կապն իրացնել։ Գյուղացիները կա՛մ հենց շուկայում են թողել կանաչին և տուն վերադարձել, կա՛մ էլ թափել են այն։ Նրանք նշում են` պատճառը դրսից ներմուծման ապրանքի ծավալներն են։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Գյուղացիներն այս տարի լուրջ խնդրի առաջ են կանգնել. բերքը ոչ մի կերպ չի վաճառվում։ Մասնավորապես, նախորդ ամիս նման խնդիր է առաջացել կանաչեղենի շուկայում։ Եթե Երևանում ապրիլին վերավաճառողները կանաչին 100-150 դրամով էին վաճառում, ապա գյուղացիներն այն իրացնել չեն կարողացել անգամ 30 դրամով։ Պատճառը ոչ միայն բերքի արտահանումը կազմակերպել չկարողանալն է, այլ նաև իրանական ապրանքով հայկական շուկան ողողելը։ Գյուղացիները վախենում են, որ շուտով վարունգն ու լոլիկն էլ են արժանանալու կանաչեղենի բախտին: Խնդրի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցել է գյուղացիների հետ, պատկան մարմիններից էլ ներմուծման մասին փաստող տեղեկատվություն ստացել։

Գյուղացիները մտահոգ են` այսպես ո՞նց են ապրելու

Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ենք։ Այս օրերին գյուղացիներն արդեն անցել են լոլիկ և վարունգ քաղելուն, իսկ որոշները բիբարի սածիլ են տնկում։ Դաշտերից մեկում ամուսինների ենք հանդիպում` Ալլային և Վարդանին. նրանք նույնպես կանաչեղեն են ունեցել, որը վաճառել չեն կարողացել։

Жительница села Маргара Алла за работой
© Sputnik / Asatur Yesayants
Տիկին Ալլան

«Համեմ, կոտեմ, սպանախ, բազուկի ճավ ունեի, բայց չեմ կարողացել վաճառել։ Այսինքն` բազուկը տարա «Մեյմանդյարի» շուկա, բայց անգամ 30 դրամով չկարողացա վաճառել ու բերեցի, խոզերի դեմը լցրինք, ինչ անենք... Հիմա արդեն վերջանալու վրա է կանաչեղենը։ Էդ դարդից պրծանք։ Թե չէ` քաղում ես, մաքրում, փունջ անում ու թափում»,–ասում է ամուսինը։

Նրա խոսքով` հիմա նույն խնդրի առաջ են կանգնելու վարունգի հարցում. նախորդ տարի մինչև հունիս վարունգը 250 դրամ էր, իսկ հիմա նոր–նոր է դրա սեզոնը բացվում, բայց այն արդեն 150 դրամով են վաճառում։

Жители села Маргара, супруги Вардан и Алла за работой
© Sputnik / Asatur Yesayants
Ալլան և Վարդանը

Վարդանն ասում է` միլիոններով ծախս են արել` հոսանք են միացրել ջերմոցում, սերմ են գնել, էլ չասած չարչարանքը։ Ասում է` շատ լավ է, որ գյուղացիներին առանց տոկոսի վարկ են տրամադրում, բայց ապրանքի իրացման խնդիրն էլ պետք է լուծվի, քանի որ ծախսը փակել չեն կարողանում։

«Խնդիրն այն է, որ մեր շուկան փոքր է, դրսից էլ ապրանք շատ է գալիս։ Դե, եթե Իրանից գալիս է ու ավելի էժան է (քանի որ այնտեղ ջերմոցը ջեռուցելու գինը կոպեկներ են), մերն ինչպե՞ս կվաճառվի։ Հիմա կա՛մ պիտի քիչ ներմուծեն, կա՛մ էլ մտածեն մեր ապրանքը դուրս տանելու մասին»,–ասում է Վարդանը։

Մինչ մենք զրուցում ենք, նրա կինը խոտ է հավաքում անասունների համար։ Տիկին Ալլան ասում է, որ բանջարեղենը չի վաճառվում այն գնով, որ գյուղացին իր աշխատանքի արդյունքը տեսնի։

«Մեր աշխատանքն իր ծախսերը չի հանում, թևաթափ ենք լինում։ Աչքիդ առաջ քո չարչարանքը թափելը լավ չէ»,–ասում է նա։

Грядки с саженцами в селе Маргара
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարա

Հարևան դաշտում հանդիպում ենք Ստեփանին, որն էլ հարսի և աղջկա հետ բիբարի սածիլներ է դնում։ Ասում է` ապրիլին 230 կապ սպանախ է թողել «Մեմանդյարի» շուկայում ու դատարկ ձեռքով տուն եկել` գնորդ չի եղել։ Իսկ մեկ կապի գինը 30 դրամ է եղել։

Житель села Маргара Степан за работой
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարայի բնակիչ Ստեփանը

«Ժողովրդի ձեռքը փող չկա, աշխատանք չկա` երկրից գնում են։ Դրան գումարած` դրսից` այս դեպքում արդեն Իրանից եկող ապրանքը մեզ շատ է խփում։ Եթե մենք ապրանք ունենք, որը չի ծախվում և թափում ենք, դրսից բերում են, որ ի՞նչ։ Դաշտերում հերթով ֆռֆռացեք ու հարցրեք, տեսեք մի գյուղացի կգտնե՞ք, որ բանկին պարտք չէ, որ վարկով չի հողը վարում–ցանում»,–ասում է Ստեփանը։

Рука жителя села Маргара Вардана
© Sputnik / Asatur Yesayants
Գյուղացու` աշխատանքից կոշտացած ձեռքը

Նա նշում է նաև, որ գյուղը շատ է սիրում, և չնայած տղան Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի է գնացել, սակայն ինքը գյուղից գնացողը չէ։ Ստեփանի խոսքով` եթե ամեն գյուղում ապրանքի չափ նշանակեն, ասեն` ով որակյալ ապրանք ունի, այսքան կգ բերեք, պետությունը կգնի ու կարտահանի, հարցը կլուծվի։

Название села Маргара на арке у въезда в село
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարայի ճանապարհը

Տեղի բնակիչներից Համլետ Բենիամինյանին էլ հանդիպում ենք անասունների համար խոտ քաղելիս։ Ասում է` վարունգն արդեն քաղել է, պետք է շուկա տանի, բայց գներին ծանոթացել է, և այդ գնով վաճառելու դեպքում նորից ձմռան հույսը լինելու է ունեցած միակ կովը։

Житель села Маргара Гамлет Бениаминян за работой
© Sputnik / Asatur Yesayants
Համլետ Բենիամինյան

«Ասում ենք` գոնե թող մի քիչ էլ վատանա վիճակը ու վերջ։ Վարունգից շահույթ չենք ստանալու, բայց ի՞նչ անենք։ Լավ է` ես համեմ, պետրուշկա ունեի, դեկտեմբեր–հունվարին ծախեցի, թե չէ էս սեզոնին որ թողնեի, մյուսների պես տակ էի տալու։ Դե, ինչ անենք, ճար չկա` ո՛չ հիմնարկ կա, ո՛չ ուրիշ աշխատատեղ, և մենք էլ հողի հետ ենք կռիվ տալիս ու բերքը վաճառում այն գնով, ինչ գնով ուզում են»,–ասաց Բենիամինյանը։ Նա հավելեց, որ այս տարի ջերմոց է սարքել վարունգի համար, որի վրա 700 000 դրամ է ծախսել։ Այս գումարը եղած բերքով հետ բերելու հույս չկա։

Житель села Маргара Гамлет Бениаминян за работой
© Sputnik / Asatur Yesayants
Համլետ Բենիամինյան

Ինչի՞ մասին են խոսում թվերը

Այս տարվա հունվարի 1-ից ՀՀ-ում արգելվել է թուրքական ապրանքների ներկրումը, ինչի ֆոնին էականորեն ավելացել են հենց Իրանից ներմուծվող բանջարեղենի ներմուծման ծավալները։ ՀՀ պետեկամուտների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ թարմ կանաչեղենի ներմուծման ծավալները կրճատվել են. եթե նախորդ տարվա հունվար–մարտ ամիսներին Իրանից ՀՀ էր ներմուծվել 61 տոննա թարմ կանաչի, ապա այս տարի միայն 0.7 տոննա կանաչի է ներմուծվել (ի դեպ, 90 տոկոսն անանուխ է եղել)։ Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա այս տարի 1674.4 տոննա վարունգ և 1311.4 տոննա լոլիկ է ներմուծվել` նախորդ տարվա 1283.7 տոննա վարունգի և 122.6 տոննա լոլիկի համեմատ։

Սակայն պատկերը փոխվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալներով։ Նախարարությունը հղում է տալիս Սննդամթերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվությանը` տրամադրելով այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ ներմուծված լոլիկի, վարունգի և կանաչեղենի վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Մասնավորապես, ապրիլի 31-ի դրությամբ Իրանից ներմուծվել է 256 տոննա կանաչի, 1696 տոննա վարունգ և 1667 տոննա լոլիկ։ Ստացվում է` ապրիլ ամսին է կանաչեղենի 99 տոկոսը ներմուծվել ՀՀ։

Նախարարությունից ևս փաստում են, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքից հետո հայկական շուկայում ավելացել են իրանական ապրանքները։ Օրինակ, այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ Իրանից ներմուծվել է շուրջ 19 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 10 700 տոննայի դիմաց։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ապրիլի 30-ի դրությամբ Թուրքիայից ներմուծված թարմ պտուղ-բանջարեղենի ծավալը կազմել էր 10 400 տոննա։

Խաղողը կմնա՞ դաշտերում. խաղողագործն ու գինեգործը հայտնվել են դժվար իրավիճակում

Իսկ թե ներմուծման այս ծավալների մեջ վաճառքի առումով հայկականը որքան տեղ պետք է զբաղեցնի շուկայում` արդեն իսկ պարզ է գյուղացիների վիճակից։ Հուսանք, որ ամռան ամիսներին գյուղացիները ստիպված չեն լինի թափել ողջ տարվա եկամուտն ապահովող վարունգի և լոլիկի բերքը, ինչպես եղել է կանաչեղենի պարագայում։

Մաղում ջուր պահելն անհնար է. կբավարարի՞ Ազատի ջրամբարում եղածը ոռոգման ողջ սեզոնի համար

70
թեգերը:
բերք, կանաչեղեն, գյուղացի
Ըստ թեմայի
Գյուղացիները ճանապարհներն այլևս չե՞ն փակի. Փաշինյանը վստահեցնում է` ջուր շատ կա
Թուրքական լոլիկի փոխարեն՝ իրանական․ գյուղացիներն օգնություն են խնդրում իշխանությունից
Տարաները դեռ լիքն են. արտադրողներն այս տարվա համար գյուղացուն մեծ խոստումներ չեն տալիս
Մեվլութ Չավուշօղլու

Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին

0
(Թարմացված է 00:17 12.05.2021)
Վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խոսելով արաբաիսրայելական հակամարտության վերջին օրերի թեժացման մասին, հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները դատապարտելը բավարար չէ, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։

«Օրինակ ՝ Պաղեստին «միջազգային պաշտպանության ուժեր» ուղարկել»,– ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է Չավուշօղուն։

Նա մասնավորապես առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների մասնակցությամբ խումբ ստեղծել, որի գլխավոր առաքելությունը կլինի պաշտպանել «Պաղեստինի քաղաքացիական բնակչությանը»։

Թուրքիան նաև մտադրություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված` հանդես գալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ գումարելու առաջարկով։

Հիշեցնենք` վերջին օրերի ընթացքում իսրայելական ուղղաթիռները պարբերաբար հրթիռներ էին արձակում երկու հարևան պետությունների սահմանների ուղղությամբ` միևնույն ժամանակ չլքելով իրենց օդային տարածքը։

Իսրայելը կրկին ռմբակոծում է սիրիական տարածքը

Գազայի հատվածից ևս բարձր ինտենսիվությամբ հրթիռակոծությունները Իսրայելի ուղղությամբ շարունակվել են։ Զինվորականները բնակիչներին խնդրում են թաքնվել ապաստարաններում։

Վերջին 18 ժամվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 300 հրթիռ է արձակվել, այսինքն գրեթե անդադար ռմբակոծել են` ամեն երեք րոպեն մեկ։

Իսրայելական տանկերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի տարածքներին

0
թեգերը:
Թուրքիա, Պաղեստին, Մևլութ Չավուշօղլու