ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Արցախյան վերջին պատերազմից հետո զոհված զինծառառայողների ու նրանց հարազատների 3 մլրդ դրամ ծավալով վարկային պարտավորություններ են ներվել վարկային և բանկային կազմակերպությունների կողմից։
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Իհարկե, չեմ բացառում, որ հնարավոր է որոշակի թերացումներ լինեն, այդ թերացումների հիմքում հնարավոր է ընկած լինի տեղեկատվության բացակայությունը՝ թեև ՊՆ կենտրոնական բանկի միջոցով փոխանցել է զոհված և վիրավորում ստացած զինծառայողների տվյալները։ Համակարգային առումով գլոբալ խնդիր չկա»,- ասաց Առաքելյանը։
Հիշեցնենք` օրեր առաջ ԱԺ ԲԿՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում ահազանգել էր, որ զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարունակում են վարկի մարում պահանջել։
2020 թվականի հոկտեմբերի 21-ին խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի բանկային եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորի վարկը։