ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Ավտոմեքենայով առանց ամրակապվելու երթևեկելու, մոտոցիկլետով առանց սաղավարտի երթևեկելու ու ուղևոր տեղափոխելու, կվադրացիկլով ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով երթևեկելու, լուսացույցի կանոնները խախտելու, արագությունը գերազանցելու, վճարովի ավտոկայանատեղերի համար նախատեսված վճարները չվճարելու, ինչպես նաև պետհամարանիշի օգտագործման կանոնները խախտելու դեպքերով վարչական դատարանների նիստերը կառավարությունն առաջարկում է անցկացնել գրավոր ընթացակարգով։
ՀՀ «Վարչական դատավարության օրենսգրքում» համապատասխան փոփոխություններն այսօր ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սուրեն Գրիգորյանը։
«Մենք գիտենք, որ տարածված են այն դեպքերը, երբ համարները փակում են, որպեսզի խուսափեն վարչական իրավախախտման ենթարկվելուց»,– ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ թիվ են կազմում Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների որոշումների բողոքարկումները, հատկապես այդ խախտումների դեպքերով։
Մաքսատուրքերի բարձրացումից հետո Հայաստան ներկվող ավտոմեքենաները 25 անգամ պակասել են
Պաշտոնական վիճակագրության համաձայն` դատական այս գործերը վերջին 1-2 տարիների ընթացքում ավելի քան 5 անգամ աճել են։
Նոր օրենքով, գրավոր ընթացակարգ կիրառելու դեպքում, վարչական դատարանի որոշման հետ մեկտեղ դատավարության մասնակիցներին կուղարկվի գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումը կատարելու ժամկետների եւ չկատարելու հետևանքների մասին:
Գրավոր ընթացակարգի կիրառվման դեպքում դատարանը կարող է նիստ հրավիրել, եթե անհրաժեշտ է դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ։
Սուրեն Գրիգորյանի խոսքով, կառավարությունը չի հաշվարկել, թե որքանով գրավոր ընթացակարգը հնարավորություն կտա կրճատել դատավարության ժամկետները։ Փոխարենը սահմանվել են դատավարության փուլերի հստակ ժամկետներ, որպեսզի դատական գործընթացը չտևի տարիներ, ինչպես այսօր շատ հաճախ
«Գրավոր ընթացակարգ իրականացնելու որոշումը կայացվում է հայցը վարույթ ընդունելիս, և միանգամից պետք է նշի, թե երբ է կայացվելու դատական ակտը։ Այսինքն` կողմը ծանուցում ստանալով, որ հայցն ընդունվել է վարույթ միանգամից իմանում է, թե երբ է ստանալու նաև ակտը։ Այդ որոշման պահից սկսած 4 ամսվա ընթացքում պետք է կայացվի ակտը։ Իհարկե, բացառիկ դեպքերում կարող է ևս 4 ամսով երկարաձգվել»,– ասաց Գրիգորյանը` հավելելով, որ օրինագծով, թեև առավելագույնը 8-ամսյա ժամկետ է սահմանված, բայց ինքը վստահ է, որ դատարանները մեծ մասամբ կսահմանափակվեն 4 ամսով։
Կառավարության ներկայացրած նախագիծը քննարկման արդյունքում արժանացավ հանձնաժողովի հավանությանն ու առաջիկայում կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik․ Մահացել է հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ տիկին Էմման: Երգչուհին Instagram-ի իր էջում ընտանեկան արխիվային լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում կատարել:
«Երբեք չէի մտածի, որ այս տողերն այսքան շուտ կգրեմ: Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի, ինչքան ենք քեզ կարոտելու»,- գրել է երգչուհին:
View this post on Instagram
Զարուհու դուստրը՝ Սոֆի Դևոյան կրտսերը, վերահրապարակել է մոր գրառումը։ «Իմ մանկության ամենավառ հիշողությունները կապված են քեզ հետ, իմ լույս տատիկ: Քո բացը շատ եմ զգալու: Աստված հոգիդ լուսավորի, դու միշտ մեր սրտերում ես»,–հրապարակմանը կից գրել է Սոֆին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մահացել էր Սոֆիի պապիկը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Կիմի Պողոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։
Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:
Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։
Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն
Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։
Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։
Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարականի դիմում ներկայացրեց։
Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Դոլարի փոխարժեքը շուրջ կես տարի անընդմեջ բարձրանալուց հետո վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում նվազել է շուրջ 15-20 դրամով։ Այսօր այս խնդրին ԱԺ-ի ամբիոնից անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ արձանագրելով, որ նման անսպասելի անկման պատճառը եղել է այն, որ ԿԲ-ն միանգամից 56 մլն դոլարի ներարկում է արել ՀՀ ֆինանսական շուկա։
«Ես ուզում եմ հասկանալ՝ երբ դոլարի գինը 530-532 դրամից 2 օրվա մեջ հասավ 545-547 դրամի, դա օրինաչա՞փ երևույթ էր»,- ասաց Մելքումյանը, ԿԲ-ից պահանջելով հրապարակավ մեկնաբանել, թե ինչ է կատարվում ՀՀ ֆինանսական շուկայում, և ի վերջո ԿԲ-ն իր գործառույթներն իրականացրե՞լ է, թե՞ ոչ։
«2 օր դու հետևում ես, որ անընդհատ աճում է ու մի կախարդական փայտիկի հարվածով իջեցնում են։ Հիմա մենք չգիտենք, թե հաջորդիվ ինչ է լինելու, 56 մլն-ը բավարա՞ր էր, թե՞ չէ։ Թող բացատրեն։ Արտարժույթ չկա՞ երկրում»,- ասաց Մելքումյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ դոլարի փոխարժեքի շարունակվող բարձրացումը հետևանք է արտահանման ծավալների կրճատման, ներդրումների դադարեցման, շինարարության ծավալների անկման և այլն, ԿԲ-ից ակնկալելով այս բոլոր հարցերի պատասխանները։
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին, երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ու ՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց․ «Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր չէի գա, կզբաղվեինք այդ գործով»։
Երկու օր անց՝ ապրիլի 8-ին, ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։
Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։
Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում