ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 422–ով և դարձել 174679։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5560 (+311) մարդ, կատարվել է 751240 (+3361) թեստավորում, առողջացել են վարակվածներից 164784 (+130)-ը։ Գրանցվել է մահվան 3221 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 825-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի -Sputnik. shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում «Երևանի 2-րդ բուժմիավորում» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Մինչ ոստիկանները պարզում էին վիրավորի ինքնությունը, ժամը 23:00-ի սահմաններում Միքայելյան վիրաբուժության կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի ծակած պատռած վերք, աջ ազդրի վերին 3-րդականի ծակած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Նշված հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Մովսիսյանն է:
Մինչ բժիշկները պայքարում էին 2 վիրավորների կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները թարմ հետքերով պարզել են, որ նշված անձինք վիրավորվել են Սարյան փողոցի 35 հասցեի մոտ:
Գյումրիում իրենց տան մեջ դանակահարել են ամուսինների
Ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում նշված վայրում վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 32-ամյա Արմեն Մկրտչյանին և 35-ամյա Մկրտիչ Մկրտչյանին:
Կայքի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ են և վերջիններիս մորաքրոջ որդու՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Մովսիսյանի, Երևանի բնակիչ, 36-ամյա Արտյոմ Մկրտչյանի հետ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ` 18-ամյա Արթուր Սարդարյանի, 18-ամյա Դավիթ Տոնապետյանի, 18-ամյա Տիգրան Պարոնիկյանի, 21-ամյա Վահե Պարոնիկյանի, 21-ամյա Գարիկ Վարոսյանի, 18-ամյա Սարգիս Նիկողոսյանի, 19-ամյա Մել Կիրակոսյանի, և 22-ամյա Նիկոլայ Մամյանի միջև:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Ն. Մամյանը իր մոտ եղած դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 2-րդ բուժմիավորում տեղափոխված Ա. Մկրտչյանին և Միքայելյան վիրաբուժության կենտրոն տեղափոխված Ա. Մովսիսյանին:
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ կռվի մասնակիցների մեջ կան ոչ միայն պաշտոնյաների, այլև ուժային կառույցում աշխատող բարձրաստիճան սպաների որդիներ:
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ–ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քննարկելու ժամանակ անկախ պատգամավոր (նախկին իմքայլական) Թագուհի Թովմասյանը քննադատեց օրինագիծը։
«Իշխանության ներկայացուցիչներ, դուք շեղվել եք ձեր նախկին քայլերից: Ընդդիմադիր եղած տարիներին հայտարարում էիք, որ կուսակցությունները, բդեշխները իշխում են բուհերը: Հիմա դուք եք անում նույնը»,–ասաց նա։
Թագուհի Թովմասյանը հերքեց ԿԳՄՍ նախարարի պնդումը, թե ռեկտորները համաձայն են նոր օրենքի նախագծի հետ։ Նա կարդաց Ռեկտորների խորհրդի եզրակացությունը, համաձայն որի բուհի կառավարման խորհրդի ձևավորման դրույթը հակասում է բուհական ինքնավարության սկզբունքին և Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին։ Դրանով սահմանվում է, որ բարձրագույն կրթության մարմիններն ունեն ինքնակառավարման իրավունք և ակադեմիական ազատություն:
«Քանի որ ռեկտորներն անհամաձայնություն ունեն այս օրենքի կոնկրետ դրույթի վերաբերյալ, այդ դեպքում առանց կոնսենսուսի ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա համատեղ աշխատանքի շարունակությունը բուհերի հետ»,- ԿԳՄՍ նախարարին դիմեց Թովմասյանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ առողջ և աշխատանքային մթնոլորտում է պատկերացնում իր համատեղ աշխատանքը բուհերի հետ:
«Ռեկտորները միանշանակ հավաքական կարծիք չունեն, և նախագծով ինքնավարության սկզբունքը չի խախտվում»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը, համաձայն որի բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:
Առաջարկվում է նաև հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը:
Դրանից բացի, օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:
Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես և շատ այլ մշակութային կառույցներ, վերապրել է կոոնավիրուսի և կարանտինային սահմանափակումների հետևանքները։ Թատրոնը հանդիսատեսի համար փակ է եղել, սակայն ամբողջ տարվա ընթացքում Facebook-ում թատրոնի պաշտոնական էջում հեռարձակվել են խաղացանկային ներկայացումները։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պատմեց, որ համավարակի պատճառով ստիպված են եղել դադարեցնել 2020թ․-ի համար նախատեսվող բոլոր նոր բալետային և օպերային բեմադրությունների նախապատրաստական աշխատանքներն ու փորձերը։
«Եվ քանի որ մենք միայն վերջերս ենք սկսել մեր սովորական աշխատանքային ռեժիմին վերադառնալ, աստիճանաբար վերսկսում ենք աշխատանքը նոր բեմադրությունների վրա և կարող ենք սկսել իրատեսորեն ծրագրել դրանց ներկայացման ժամկետները»,-ասաց նա։
Օրբելյանը հիշեցրեց, որ արվեստում նո բարձունքների հասնելու համար պետք է կանոնավոր աշխատելու և ելույթ ունենալու հնարավորություն ունենալ։ Այդ առումով համավարակն իր շտկումներն է մտցրել։ Տուժել են աշխարհի բոլոր թատրոնները և դերասանները, բացառություն չէ նաև Հայաստանի Օպերային թատրոնն իր թատերախմբով, որը չէր կարողանում ելույթ ունենալ և անգամ փորձ անել։
Նա ընդգծեց․ շնորհիվ այն բանի, որ իրենց տեսագրել էին բալետների և օպերաների մեծ մասը, թատրոնը կարողացել է ցուցադրել հայկական «Անուշ», «Ալմաստ» օպերաները, Արամ Խաչատրյանի բալետները («Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ») և Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն», Շառլ Ազնավուրի կենսագրության և երաժշտության վրա հիմնված «La Boheme» բալետային ներկայացումը և մի շարք այլ խաղացանկային ներկայացումներ։ Դրանք հեռարձակվել են Facebook-ում՝ թատրոնի պաշտոնական էջում։
Կոնստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության
«Հավատում եմ, որ ամբողջ աշխարհում մարդիկ, որոնք որևէ պատկերացում չունեին հայկական օպերայի կամ մեր բալետի մասին, կարողացան ինտերնետում տեսնել մեր հիասքանչ ներկայացումներն ու համերգները։ Չէ՞ որ մենք աշխարհի միակ թատրոնն ենք, որի խաղացանկում այսքան հայկական գլուխգործոցներ կան»,-ասաց նա։
Այժմ թատերախումբն աշխատում է Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային տարբերակի վրա՝ թատրոնի առաջատար մենակատարների մասնակցությամբ, բեմադրվում է «Պայացներ» օպերան, նախատեսվում է «Սիրո ըմպելիքը» և «Գյուղական պատիվ» օպերաների համերգային կատարումը։ Բացի այդ, բանակցություններ են ընթանում Խաչատրյանի «Սպարտակ» բալետի վերականգնման հնարավորության համար։
Օրբելյանն ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանում չէ, և այս ամբողջ ընթացքում ստիպված է եղել թատերախմբի հետ աշխատել դրսից, կամ, ինչպես ընդունված է ասել COVID-19-ի դարաշրջանում՝ հեռավար։ Այն հարցին, թե որքանով են համատեղելի թատրոնն ու հեռավար աշխատանքը, Օրբելյանը պատասխանեց․ «Մեր օրերում ամեն ինչ հնարավոր է»։
Նա ընդգծեց, որ այս ամբողջ ընթացքում աշխարհը վկա դարձավ, թե ինչպես են նախագահները առցանց ռեժիմով երկրներ ղեկավարում։
«Ռոմանսիադա» միջազգային մրցույթում հաղթել է Կառլեն Մանուկյանը
«Կարանտինի պատճառով լիակատար լոքդաունի շրջանում թատրոնում ոչինչ տեղի չէր ունենում, քանի որ բոլորը ստիպված էին տանը մնալ։ Թատրոնը հիմնականում փակ էր բոլորի համար, բացի տեխնիկական-ադմինիստրատիվ աշխատակազմի մի քանի հոգուց։ Այն ժամանակ թատրոնի գործունեությունն անցավ առցանց ռեժիմի»,-ասաց Օրբելյանը։
Նա նշեց, որ հեռակա ղեկավարելը միանգամայն հնարավոր, ավելին՝ շատ արդյունավետ, ինչի մասին խոսում է համավարակի շրջանում Facebook-ում բոլոր հրապարակումների վեց միլիոնանոց ընդգրկումը և թատրոնի հանդեպ շոշափելիորեն մեծացած հետաքրքրությունը։
«Հիմա էլ, երբ թատրոնն աստիճանաբար անցնում է լիարժեք աշխատանքի (ճիշտ է՝ որոշ սահմանափակումներով), ամեն բան արվում է իմ լիարժեք վերահսկողությամբ»,-պարզաբանեց նա։
Օրբելյանը տեղեկացրեց, որ պատվաստվելուց անմիջապես հետո կվերադառնա Երևան։
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ Արցախյան պատերազմի օրերին իրենց ամբողջ թիմը աջակցել է բանակին, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով։ Կոլեկտիվի աշխատակիցները մասնակցել են քողարկող ցանցերի պատրաստմանը։ Մի քանի տեսահոլովակ է ձայնագրվել թատրոնի մեներգիչների և նվագախմբի մասնակցությամբ՝ այդ սոսկալի օրերին հայրենիքի համար կռվողների մարտական ոգին բարձրացնելու համար։ Նա հիշեցրեց, որ դեռևս պատերազմից առաջ թատրոնի արտիստները ելույթ էին ունենում տարբեր զորամասերում, զինվորները հաճախ էին ներկա գտնվում ներկայացումներին։
«Մենք կշարունակենք հատուկ միջոցառումների կազմակերպումը զինվորականների և նրանց ընտանիքների համար, առավելագույնս ներգրավելով նրանց մեր թատրոնի կյանքում։ Մենք պարտավոր ենք մշտապես լինել մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին»,-ասաց նա։
Օրբելյանը նշեց, որ իդեալական պայմաններում 2021թ․-ի համար նոր բեմադրություններ, հիանալի ելույթներ և հրավիրված փայլուն մենակատարներ կցանկանար։ Սակայն ամեն բան կախված է համաճարակաբանական իրավիճակից։
Խոսելով Հայաստանում օպերային և բալետային արվեստի ժողովրդականացման ճանապարհային քարտեզի մասին, նա նշեց, որ դա շատ բարդ հարց է, քանի որ տեղաշարժման սահմանափակումները դեռ որոշ ժամանակ գործելու են։
«Միակ բանը, որ կարող ենք անել՝ հուսալ և աղոթել, որ համավարակը վերջանա և մենք կարողանանք բացել համերգային դահլիճները բոլոր երկրներում։ Հուսով եմ՝ կկարողանամ վերականգնել կապերս պրոդյուսերների հետ ամբողջ աշխարհում, որպեսզի կարողանամ մեր հրաշալի թատերախումբը հյուրախաղերի ուղարկել»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ Օրբելյանի լիազորությունները որպես թատրոնի տնօրեն դադարեցվել էին 2019թ․-ի մարտի 29-ին՝ այն ժամանակվա մշակույթի նախարարի ժ․պ․ Նազենի Ղարիբյանի որոշմամբ, ինչն առաջացրել էր թատրոնի աշխատակիցների և շարքային քաղաքացիների դժգոհությունը։ Ընդ որում՝ Օրբելյանը շարունակում էր մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2020թ․-ի փետրվարին նրան վերականգնեցին տնօրենի պաշտոնում։



