Автомобили полиции и скорой помощи на месте преступления (29 апреля 2020). Гавар

Գավառում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ

72
(Թարմացված է 20:04 06.03.2021)
Տղաներից մեկը հիվանդանոցում է «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Գավառում երկու պատանու միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի հետևանքով նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2004 թ. ծնված պատանի:
Պարզվել է, որ Գավառի Բունիաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 2005թ. ծնված մեկ այլ պատանի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջինս ներկայացել է Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նշանակվել են փորձաքննություններ:Կատարվում է նախաքննություն:

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

72
թեգերը:
Ոստիկանություն, տղա, Գավառ, դանակահարություն
Ըստ թեմայի
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին
Հոր և որդու դանակահարության համար 21-ամյա սևանցուն մեղադրանք է առաջադրվել
Ծաղկած ծիրանենի

Այս տարի ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են. Գագիկ Սուրենյան

22
(Թարմացված է 13:16 23.03.2021)
Մինչև մարտի 25–ը Արարատյան դաշտում տեղի կունենա ծիրանենիների զանգվածային ծաղկում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի, բայց մասնագետները վստահեցնում են, որ -1 աստիճանը ծիրանենու վրա մեծ ազդեցություն չի ունենում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Այս տարի գյուղատնտեսական կուլտուրաների ու պտղատու ծառերի համար ցրտահարության ռիսկերը մի փոքր ավելի մեծ են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում ցրտահարություն կլինի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` արդեն նկատվում է, որ ծիրանենիները սկսել են ծաղկել։ Մինչև մարտի 25–ը Արարատյան դաշտում տեղի կունենա ծիրանենիների զանգվածային ծաղկում։

«Այդ պարագայում հնարավոր է` առաջիկա օրերի ցուրտը որոշակի ազդեցություն ունենա ծիրանենիների վրա, բայց առանձնապես մեծ վնասներ չի պատճառի։ Մեր փորձը ցույց է տվել, որ -1 աստիճանը ծիրանենու վրա այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենում», – ասաց Սուրենյանը։

Սուրենյանը հիշեցրեց, որ նախորդ տարի եղանակը շատ ավելի կայուն էր, ցուրտ հոսանքների ներթափանցումն ավելի քիչ էր, քան հիմա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ցրտահարման վտանգի մասին նախապես կտեղեկացնի բնակչությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր երեկոյան հերթական հզոր ցիկլոնը կներթափանցի Հայաստան։ Այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25–ը ներառյալ։ Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, բարձր լեռնային շրջաններում` ձյան տեսքով, նախալեռներում և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում (Արագածոտն, Կոտայք) վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, կլինի քամու ուժգնացում`20-25 մ/վ արագությամբ։ Չի բացառվում, որ մարտի 28–ից եղանակի պարզեցում լինի, բայց գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի։ Ըստ կանխատեսումների` Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կմոտենա -1-ից -2–ի։

22
թեգերը:
ցրտահարություն, Գագիկ Սուրենյան, Հայաստան
Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումը հրապարակային չի քննարկվի. որոշում կայացվեց

30
(Թարմացված է 12:20 23.03.2021)
Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ ներկայացրած դիմումը հրապարակային քննարկելու հարցը դրվեց քվեարկության, ձայները բաշխվեցին հավասար։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը քննարկել գրավոր ընթացակարգով։

Նշենք, որ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը մինչև դիմումի քննարկումը սկսելն առաջարկել էր հրապարակային քննարկել դիմումները։

Հարցը դրվեց քվեարկության, և ձայները բաշխվեցին 4։4 հարաբերակցությամբ։ Այսպես, ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Հրայր Թովմասյանը և Արայիկ Թունյանը կողմ էին դիմումի հրապարակային քննությանը, իսկ դատավորներ Էդգար Շաթիրյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանն ու ՍԴ նախագահ Արման Դիլանյանը դեմ էին դրան։

Նշենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ներկա չէր նիստին, քանի որ նա Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդն է եղել մինչև դատավոր նշանակվելը, ինչը նշանակում է, որ անհնար է նրա` այս դիմումով նիստերին մասնակցելը։

Քանի որ ձայները բաշխվեցին հավասար, ՍԴ նախագահը որոշեց, որ գրավոր ընթացակարգով պետք է անցնի դիմումների քննությունը։ 

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Ուսուցիչներին ևս աշխատավարձի կրճատում է սպառնում. Արման Թաթոյանը կդիմի ՍԴ

Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

30
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
Նախագահը դիմել է ՍԴ` օրենքի սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով
Պատգամավորը բացատրել է` ինչու ՍԴ դիմելը չի փոխի ԳՇ պետի ազատման գործընթացը
Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը նախագահը չի ստորագրելու և չի դիմելու ՍԴ
Արման Թաթոյան

ENNHRI-ի նախագահը ՄԻՊ–ի հարցով բաց նամակ է գրել Արարատ Միրզոյանին

0
(Թարմացված է 13:42 23.03.2021)
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը կարծում է, որ Պաշտպանի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի։ Տեղեկությունը հայտնում է ՄՒՊ մամուլի ծառայությունը։

Նամակում նշված է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի միջազգային «A» կարգավիճակ, որը վերջին անգամ ստացել է 2019 թվականի մարտ ամսին, քանի որ ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին: Նամակում ընդգծված է, որ Հավատարմագրման (ակրեդիտացիայի) ենթահանձնաժողովը կարող է նախաձեռնել հատուկ ստուգում, որի արդյունքում կարող է պարզվել, որ Մարդու իրավունքների ազգային հաստատության պայմաններն այնպես են փոփոխվել, որ բացասական ազդեցություն ունեն ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին համապատասխանության վրա:

Սա նշանակում է, որ առաջարկվող փոփոխության հետևանքով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել «A» կարգավիճակից, որը մեխանիկորեն կզրկի Պաշտպանին ելույթներ ունենալ ՄԱԿ-ի կառույցներում՝ բարձրացնելով երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցեր, ինչպես նաև ընտրել և ընտրվել միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում (այս պահին բոլոր այդ հնարավորություններից հաստատությունն օգտվում է։ Տե՛ս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վերջին երկու ուղերձները)։

Բաց նամակում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն այս երաշխիքի հարցը դիտարկել է այն համատեքստում, որ ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից ՀՀ կառավարության որոշմամբ վերցվել են ավտոմեքենաներ, ինչը բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի ռեսուրսների և հեղինակության վրա։

Ըստ ENNRI-ի նախագահի բաց նամակի՝ առկա գործընթացը և առաջարկվող փոփոխությունը մտահոգություններ են առաջացրել նաև այն տեսանկյունից, որ անհրաժեշտ էին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և հասարակության հետ նախնական ու բովանդակալից խորհրդակցություններ։

Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը հատուկ ընդգծել է, որ թեև պատշաճ ֆինանսավորումը մասամբ որոշվում է պետության ընդհանուր ֆինանսական վիճակի հաշվառմամբ, այնուամենայնիվ նույնիսկ ֆինանսական խիստ անբավարար պայմաններում, պետությունները պարտավոր են պաշտպանել հասարակության առավել խոցելի այն անդամներին, որոնք հաճախ են դառնում մարդու իրավունքների խախտումների զոհ: Իշխանության համապատասխան մարմինները պարտավոր են խորհրդակցել մարդու իրավունքների ազգային հաստատության հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ է նշանակում պատշաճ ֆինանսավորում, և որոշումները պետք է հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա։

Վերը նշվածի համատեքստում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին կոչ է արել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը դիտարկել վերաբերելի միջազգային չափանիշների ամբողջական դիտարկման համատեքստում՝ երաշխավորելու համար այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա շարունակել իր արդյունավետ և անկախ աշխատանքը:

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ, որի գործունեության ոլորտներից են մարդու իրավունքների հաստատությունների համապատասխանության հարցերը ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին այդ հաստատությունների հավատարմագրման ժամանակ, ինչպես նաև նրանց աջակցելը սպառնալիքների դեպքում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայերեն թարգմանությամբ ներկայացնում է նաև ամբողջ նամակի բովանդակությունը։

0