ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարկացրեց այն, որ մինչև հիմա սահմանամերձ Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակի կառուցման հարցը չի լուծվել։
Դեռ նախորդ տարի` 2020-ի սեպտեմբերի 7-ին, Փաշինյան այցելել էր Ներքին Կարմիրաղբյուր, հետո Facebook–ի իր էջում գրառում էր արել, թե գյուղում կկառուցվի նաև «Մայրիկ» անունը կրող մանկական պուրակ-խաղահրապարակ, որի նախագիծն արդեն պատրաստ է:
Այսօրվա նիստի ժամանակ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են շինարարական աշխատանքները, ինչին ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ այնտեղ խնդիրներ են առաջացել գույքի գրանցման առումով։
Մինչ օրս հնարավոր չի եղել այդ տարածքն ընդգրկել համայնքի հաշվեկշռում, որպեսզի կարողանան շինարարական աշխատանքները սկսել։ Ղուլարյանը բացատրեց` սեփականատերերի հետ կապված ժառանգության հարցերով խնդիրներ կան, դատական գործ է ընթանում։
Ինչպես են վերականգնվում սահմանապահ գյուղերը. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Փաշինյանը, լսելով Ղուլարյանին, հարցրեց` ի վերջո լուծվելո՞ւ է այդ հարցը, թե չէ։ Ղուլարյանը խոստացավ, որ կլուծվի այն, չնայած իրենց իրավասության ներքո չէ։
«Գնացել, մարդկանց խոստացել ենք ու պարզվում է` մինչև հիմա արված չի՞»,–ասաց Փաշինյանը։
Վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, ի պատասխան նախարարը նշեց, որ կպարզի և կզեկուցի։ Վարչապետին, սակայն, չգոհացրեց Պապիկյանի պատասխանը։
«Պետք չի պարզել և զեկուցել, պետք է գնալ, լուծել հարցը և զեկուցել, որ արված է ամեն ինչ»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի` Ներքին Կարմիրաղբյուր այցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր նաև, որ գյուղում նաև հյուրատուն կգործի։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջից։
«Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի ներդրած նշանակալի ավանդը՝ Հայկ Մարությանը քաջառողջություն է մաղթել նրան»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վլադիլեն Բալյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ստեղծագործական ավյուն ու լավատեսություն մաղթել ամենատարբեր ոլորտներում քաղաքի ներկան կերտող սերնդին:
Հիշեցնենք` Երևանի ավագանու որոշմամբ` կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր:
Ուշ, բայց ոչ ուշացած. Մհեր Մկրտչյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` այսօր կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած ստերին։ Մասնավորապես, Ալիևն ասել է, որ իբրև թե Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:
«Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքն» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա: Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա»,–նշված է Սարգսյանի գրասենյակի արձագանքի մեջ։
Ալիևին հիշեցնում են նաև, թե ի՞նքը չէր, որ 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:
«Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է
շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ալիևը նաևհայտարարել էր, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են ականազերծման աշխատանքները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։
Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
«ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք և 5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 19 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1494 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: