ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կա «Վարակիչը սերն է, ոչ թե քաղցկեղը» սիրված կարգախոս: Հիվանդների հետ հարաբերություններում հենց դրանով են առաջնորդվում բուժհաստատության բոլոր աշխատակիցները։
Այս բուժհաստատությունում ամեն անկյունը լի է սիրով։ Այստեղ ընտանեկան մթնոլորտ է տիրում։ Երրորդ հարկի ճեմասրահում, որտեղ գտնվում է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, մեզ դիմավորում է Ռոբին ռոբոտը։ Նա դարձել է այստեղ բուժվող երեխաների սիրելին։ Ռոբինը ոմանց արագ ապաքինում է կանխատեսել, իսկ մյուսներին հուշել է՝ ինչ մասնագիտություն ընտրեն ապագայում։ 11-ամյա Միլենա Մակարյանի համար նա կանխատեսել է, որ աղջիկը դուրս է գրվելու հիվանդանոցից։
«Նրա հետ զրուցել ենք նաև իմ կենդանիների ՝ Ջիմի շան ու երեք թութակների՝ Կեշայի, Մաշայի և Կուկիի մասին։ Նա ասաց, որ ես անասնաբույժ կդառնամ և խոստացավ, որ ամեն ինչ լավ կլինի», - ասում է Միլենան։
Աղջիկն առանց ամաչելու պատմում է, որ արդեն 9 ամիս է՝ բուժվում է լեյկոզի դեմ ու շատ է կարոտել տունն ու հարազատ Գյումրին։ Նա նաև երազում է ապրել սովորական կյանքով, զբոսնել հաճույքի համար, օրը մի քանի անգամ դիտել «Պապունցել» մուլտֆիլմն ու վայելել մայրիկի պատրաստած համեղ ուտելիքները։
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը
Իսկ ահա տղաները մանկական սենյակում հենց տեսնում են տեսախցիկը, ամաչում ու շրջվում են։ 13-ամյա Զոհրաբի հուդիի վրա նկատում ենք Tiktok-ի գրառումը և անմիջապես զրույցի թեմա է հայտնվում։ Տղան կաշկանդված է խոսում։ Պարզվում է` Արմավիրի մարզից է ու կենտրոնում բուժում է ստանում արդեն մի քանի ամիս։ Նա դեռ սիրելի սոցիալական ցանցի համար տեսանյութ չի նկարահանել, բայց հենց առողջանա, միանգամից սկսի վիդեոբլոգինգով զբաղվել։
— Իսկ ինքը Գևորգն է, նա 16 տարեկան է ու հաշվապահ է դառնալու, - ասում է նա։
— Ինչո՞ւ հաշվապահ։
— Իսկ ինչո՞ւ ոչ, - ուրախ պատասխանում է Գևորգը։
Բոլորը ծիծաղում են ու տարբեր մասնագիտություններ առաջարկում, բայց Գևորգն արդեն ամեն ինչ որոշել է ու նրան անհնար է իր որոշումից հետ պահելը։
Տղաները պատմում են, որ միասին ուրախ է։ Միշտ խաղալու բան գտնում են, իսկ երբեմն էլ ցավոտ ընթացակարգերն այնքան են հոգնեցնում, որ քիչ է մնում` փախչեն ֆուտբոլի դաշտ ու գնդակ խաղան:
Նրանց խոսքով՝ կենտրոնի բժիշկներն առանձնահատուկ են ու վաղուց արդեն հասցրել են իրենց լավագույն ընկերները դառնալ։ Բժիշկները ոմանց հետ զրույցներ են վարում, մյուսների հետ խաղեր են խաղում, նաև խիստ հետևում են, որ երեխաները ժամանակին ճաշեն և դեղորայք ընդունեն։ Երեխաների ամենասիրելի բժիշկների թվում է Լիլիթ Ռադիկի Սարգսյանը՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը։
«Ցավոտ կատետորը փրկեց ինձ, նրանց էլ կփրկի». քաղցկեղը հաղթահարած երեխաները մեդալներ ստացան
«Մեր գաղտնիքն այն է, որ մենք բոլորս շատ ենք սիրում երեխաներին։ Մենք նույնիսկ յուրօրինակ ավանդույթներ ունենք․ յուրաքանչյուր երեխա ունի իր կեղծանունը։ Մենք այն միասին ենք ընտրում։ Որպես կանոն` դրանք հեքիաթների կամ մուլտֆիլմերի հերոսների անուններ են: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ դժվարությունների միջով են նրանք անցնում ու փորձում ենք օգնել հաղթահարել դրանք, փորձում ենք գործել որպես մեկ թիմ։ Մենք օգնում ենք միմյանց, և դա է մեր ուժը», - ասում է նա:
Բժիշկն արդեն 20 տարի է` աշխատում է երեխաների հետ։ Նրա առաջին հիվանդներն արդեն մեծացել են։ Ոմանք հասցրել են ամուսնանալ ու բժշկուհուն էլ հարսանիքին հրավիրել։ Եղել են այնպիսիները, որոնց փրկել չի հաջողվել, սակայն նրանց ծնողները կապ են պահպանում իր հետ, ինչը բժշկուհու համար չափազանց հուզիչ ու կարևոր է։
Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշում է, որ 90-ական թվականներին բարդ էր, ապաքինվում էր քաղցկեղով հիվանդ երեխաների միայն 3-5 տոկոսը, իսկ այժմ այդ ցուցանիշն աճել է մինչեւ 70-75 %-ի:
«Ամեն տարի երկրում 80-100 երեխայի մոտ ուռուցք է ախտորոշվում, ու մենք օգնում ենք նրանց հաղթահարել բարդություններն ու ապաքինվել։ Հիմա Մեղրու, Նոյեմբերյանի երեխաները հնարավորություն ունեն ստանալ այնպիսի բուժում, ինչպիսին սպանում են Լոնդոնի կամ Ֆրանկֆուրտի երեխաները», - ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ առողջացածների տոկոսը բարձրացվում է բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների շնորհիվ։ Նման բժիշկներից մեկը երիտասարդ պրոֆեսոր Գևորգ Թամամյանն է։ Հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ արդեն այս տարվա հուլիսին արտերկրից Հայաստան կժամանեն առաջին հիվանդները, որոնք բուժվելու են հայ բժիշկների մոտ։
«Մանկական ուռուցքաբանության բուժումն ու արյունաբանությունը մեր երկրում հաջողությամբ զարգանում են, և դրա շնորհիվ մեզ հաջողվում է ժպիտ և առողջություն պարգևել մեր հիվանդներին։ Մենք մի թիմ ենք ու շատ ենք սիրում միմյանց», - ասաց բժիշկը։
Նշենք, որ Արյունաբանության կենտրոնը ֆինանսական աջակցություն է ստանում պետությունից ու տարբեր հիմնադրամներից: Հիմնական ծախսերը հոգում է City of Smile բարեգործական հիմնադրամը։ Այն օգնում է երեխաներին հաղթահարելու քաղցկեղն ու արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։ Նախկինում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սակայն նա արդեն երկար ժամանակ է, ինչ թողել է այդ պաշտոնը:
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառում անելով։
«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նշել է նաև, որ անկեղծորեն հպարտանում է, որ պատիվ է ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Արոնյանը նշել է, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:
Շախմատիստն ասում է, որ այդպես էլ ներկայիս իշխանությանը չկարողացավ փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր համար, այլ այդ հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Դրա դիմաց նրան պատասխանել են.«Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:
«Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել, այդ թվում՝ ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից... Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»,–գրել է նա։
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին. փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և դեռ կունենանք մեր կայուն տեղը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ անվանելը մանիպուլյատիվ արտահայտություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Փետրվարի 25-ին ԳՇ–ն հայտարարել էր, որ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը վարչապետը որակել էր ռազմական հեղաշրջման փորձ։
«Ես` որպես անվտանգության ոլորտի փորձագետ, մեկ անգամ չէ, որ տեսել եմ և գիտեմ` ինչ է նշանակում ռազմական հեղաշրջում։
Եթե պետք է մարդկանց հիշեցնել, ապա, կարծում եմ, 2016-ին հուլիսին Թուրքիայում տեղի ունեցածը կարող են մտաբերել։ Իսկ Երևանում տեսե՞լ ենք ռազմական տեխնիկա` տանկ, ԲՏՌ և այլն։ Տեսե՞լ ենք զորք մտնի քաղաք։ Բացի այդ, այնպես չէ, որ հայտարարում և հետո նոր ռազմական հեղաշրջում են անում»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` ռազմական հեղաշրջման փորձ ընդհանրապես չի եղել` պարզապես հայտարարություն է արվել։ Այնպես որ, այդ մանիպուլյացիաներին, ըստ Պողոսյանի, պետք չի ենթարկվել։
Նա կարծում է, որ հիմա կառավարությունը պետք է առաջին քայլն անի դեպի խաղաղ հանգուցալուծում, որպեսզի քաղաքական ուժերը դրանից հետո միասնական ձևով նստեն, լուծում գտնեն. դրա առաջին քայլն իշխանության հրաժարականն է։
Թևան Պողոսյանը վստահ է` հրաժարականից հետո կլինեն ինստիտուտներ, որոնք կմիավորեն բոլորին, հիմա միայն պետք է գիտակցված ու խաղաղ հեռանալ։ Իշխանությունը պետք է հեռանա, ըստ նրա, հանուն հայրենիքի, որպեսզի չխորացնեն ճգնաժամը, իսկ ապագայում նրանք էլ են մասնակցելու հայրենիքի հզորացմանը։
«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել
«Բոլորի մոտ կա մեկ բան, որը կարմիր գծով անցնում է` այս իշխանությունները պետք է հրաժարական տան, որից հետո կբացվի քաղաքական բանակցային սենյակը, որտեղ քաղաքական ուժերը կհավաքվեն ու կփորձեն գտնել այն լուծումը, որն ընդունելի կլինի բոլորի համար։ Գուցե պետք լինի ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն, որին զուգահեռ քաղաքական ուժերն ինչ–որ ժամկետ հետո արտախորհրդարանական ընտրության կպատրաստվեն»,–ասաց Պողոսյանը։
Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ մի շարք մարդիկ «ահազանգում» են` չկա՞ երրորդ հրապարակ, որտեղ կհավաքվեն նրանք, ովքեր ո՛չ ներկայիս իշխանության, ո՛չ էլ ընդիմության կողմնակիցներն են։ Պողոսյանն ասաց, որ երեկ, օրինակ, «Քաղաքացիական որոշումը» հայտնել էր, որ նման հավաք է անցկացնում նրանց համար, ովքեր դուրս են մնացել այդ երկու խմբերից։ Սակայն, ըստ նրա, կարող են ձևավորվել նաև չորրորդ և հինգերորդ հրապարակներ, սակայն պետք է նկատի ունենալ, որ ինչքան հրապարակ ձևավորվի, այնքան մենք գործ ենք ունենալու բաժանման հետ։
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 25-ին, ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչ արեց իր համակիրներին։ Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը։