ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված, գերեվարված զինծառայողների, ինչպես նաև անհետ կորած, զոհված, գերեվարված զինծառայողների հարազատներին հոգեբնական աջակցություն տրամադրելու պետական ծրագիրը Հայաստանում այնքան էլ հարթ չի ընթանում։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ–ի հոգեբանական աջակցության բաժնի ուժերը բավարար չեն բոլոր շահառուների հետ աշխատելու համար։
«ԱԻՆ հոգեբանական բաժինն իր աշխատանքները սկսել է պատերազմի օրվանից` պատերազմ մեկնած, զոհված կամ վիրավորում ստացած զինվորների ընտանիքների հետ։ Մարզերում նույնպես Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված ընտանիքների հետ էին աշխատանքներ տարվում։ Բայց պատերազմի ավարտից հետո մենք հասկացանք, որ այդ շահառուների քանակը բավական մեծ է։ Միայն ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի միջոցով անհնար է հոգեբանական աջակցություն ցուցաբերել հասարակության նման լայն հատվածին»,– ասաց Փամբուխչյանը։
Անհրաժեշտ քանակով հոգեբաններ ներգրավելու համար ԱԻՆ–ը որոշել է մրցույթ հայտարարել, որով նախատեսվում է այդ գործընթացում ներգրավել հոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնավոր ընկերություններ։
Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները հոգեբանական օգնություն են ցուցաբերել Արցախի 189 բնակիչներին
Մյուս կողմից Արցախյան պատերազմում հարազատ կորցրած ու հոգեբանական աջակցության կարիք ունեցող մարդիկ երբեմն իրենք են հրաժարվում հոգեբանի օգնությունից։ ԱԻՆ փոխնախարարի գնահատմամբ, սա թերևս մենթալիտետի խնդիր է։
«Դա միգուցե նաև որոշ առումով գալիս է մեր բնակչության մտածելակերպից, մենթալիտետից, որովհետև մարդիկ երբեմն հոգեբանական աջակցությունը շփոթում են հոգեբուժականի հետ ու վիրավորական են համարում, երբ իրենց առաջարկվում է հոգեբանական աջակցություն»,– ասում է նա։
Եթե արտասահմանում հոգեբանական աջակցությունը արտակարգ իրավիճակների դեպքում վաղուց կայացած համակարգ է, ապա Հայաստանում նման ծրագիր պետական մակարդակով առաջին անգամ է իրականացվում։
«Ես հույս ունեմ, որ մեր հանրության լայն հատվածի մոտ կլինի այդ գիտակցության փոփոխությունը, որ հոգեբանական աջակցությունը հոգեբուժական աջակցություն չէ, մանավանդ այս պատերազմից հետո այս սթրեսային փուլը հաղթահարելու համար։ Որովհետև ես զգում եմ, տեսնում եմ, որ մարդիկ իրոք հոգեբանական աջակցության կարիք ունեն»,– նշում է Արմեն Փամբուխչյանը։
Հիշեցնենք` փետրվարի 4–ին ՀՀ կառավարությունն արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով որոշում էր ընդունել պատերազմում վիրավորված, գերեվարված զինծառայողներին, ինչպես նաև անհետ կորած, զոհված, գերեվարված զինծառայողների հարազատներին հոգեբնական աջակցություն տրամադրելու մասին։
Ծրագրով նախատեսված է անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա` մինչև 8 սեանս,1-1,5 ժամ տևողությամբ, խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա` մինչև 8 սեանս, 1-1,5 ժամ տևողությամբ, առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա` մինչև 8 սեանս, 1-1,5 ժամ տևողությամբ։
Ծրագրի շրջանակներում ԱԻՆ–ում բացվել է նաև հոգեբանական թեժ գծի ծառայություն։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` այսօր կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած ստերին։ Մասնավորապես, Ալիևն ասել է, որ իբրև թե Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:
«Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում: Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքն» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա: Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա»,–նշված է Սարգսյանի գրասենյակի արձագանքի մեջ։
Ալիևին հիշեցնում են նաև, թե ի՞նքը չէր, որ 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին:
«Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում: Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է
շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ալիևը նաևհայտարարել էր, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Կասեցվել է ալրային հրուշակեղեն արտադրող «ԱՏՈՄՄԻԼԵՆ» ՍՊԸ արտադրամասերի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ հրուշակեղենի արտադրությունը կասեցվել է Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արտադրամասերում խախտվել են օրենսդրությամբ նախատեսված սանիտարահիգիենիկ նորմերը, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ տարածքները առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ վիճակում»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սահմանել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:
Հավելենք, որ Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:
Քուշները նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին: