ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից հոսպիտալացված հղիների առողջությանը վտանգ չի սպառնում:
«Մասնագետների փոխանցմամբ, անվտանգությունից ելնելով, հղիներից մեկին տրամադրվող ստացիոնար բուժօգնությունը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ։ Մյուս հղին, պլանային ժամանակացույցի համաձայն, վաղը կենթարկվի կեսարյան հատման»,–նշված է հաղորդագրության մեջ։
Երկրաշարժի հետևանքով հոսպիտալացման այլ դեպքեր չկան:
Հիշեցնենք, որ Երևանի մոտ երկրաշարժ էր գրանցվել փետրվարի 13-ին, ժ. 15.29-ին՝ Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումները։
Եվս մի՝ այս անգամ 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել փետրվարի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:47-ին Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ժամը 15:50-ի սահմաններում Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը, վարորդին մահացած են գտել։
Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն, ավտոմեքենան վարելու ընթացքում վատ է զգացել, ինչից հետո հավանաբար հանկարծամահ է եղել ու ավտոմեքենայով բախվել էլեկտրասյանը:
Կայքի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է նաև կինը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook–ի իր էջում ուղերձ է հրապարակել` շնորհավորելով կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Նա նշել է, որ կանանց աշխատանքն ու համառությունը, որոնք մեծագույն հարգանքի են արժանի, կարևորագույն երաշխիքն են, որ նրանք անպայմանորեն զբաղեցնելու են իրենց արժանի տեղը կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտությունից մինչև արվեստ։
Միրզոյանը վստահեցրել է, որ այս ճանապարհին պետությունը լինելու է կանանց կողքին՝ միասին քայլ առ քայլ հաղթահարելու առկա մարտահրավերները։
«Չեմ կարող առանձնակի չշնորհավորել մեր հերոս զինվորների հերոս մայրերին, նրանց տիկնանց, քույրերին։ Սիրելի' մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն։ Որդիաբար խնդրում եմ ընդունել Շիրազի տողերը բոլորիս անունից»,–գրել է ԱԺ նախագահն ու մեջբերել Հովհաննես Շիրազի հայտնի բանաստեղծությունից մի քառատող.
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:
«Խոնարհվում եմ այն կանանց հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը զոհեցին». Փաշինյանի ուղերձը
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։
Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։
Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։
«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։
Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։